Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետնի վրա մենք չունենք կոնֆլիկտ, բայց թղթի վրա մենք չունենք համաձայնագիր խաղաղության մասին»․ Արարատ Միրզոյան

Ապրիլ 12,2025 14:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չեմ կարծում, որ անցյալի մեջ խորանալը կլինի կառուցողական և կբերի բոլորի համար շահավետ և կառուցողական լուծումների։ Ավելի շատ կուզեի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա։ Եթե պատմության քննարկումը սկսենք, թե 120 տարի առաջ որ տարածքն ում էր պատկանում, ով ավելի շատ էր սպանել մյուս ազգից, մենք կգանք նոր կոնֆլիկտի։ Իսկ ՀՀ կառավարության և հայերի ցանկությունն է կառուցել հարատև խաղաղություն մեր տարածաշրջանում»,-  Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում անցկացված «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա կարևորեց, որ այս պահին ոչ թե բոլոր հարցերի մեջ խորանանք, փորփրենք անցյալը, այլ այն, ինչ ունենք համաձայնեցված, դրա հիման վրա գնանք առաջ․ «Բոլոր դրական նախապայմանները կան, որ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և սկսենք խաղաղության նոր դարաշրջան Հրավային Կովկասում»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ քննարկման ընթացքում բարձրացրած նախապայմանների՝ այդ թվում Մինսկի խմբի լուծարման մասին նախապայմանի առիթով ասաց․ «Մենք մի քանի անգամ հայտնել ենք մեր պատրաստակամության մասին լուծարելու Մինսկի խումբը, եթե չկա կոնֆլիկտ։ Արդյոք մենք հիմա ունե՞նք կոնֆլիկտ։ Գետնի վրա մենք չունենք կոնֆլիկտ, իսկ թղթի վրա մենք չունենք համաձայնագիր խաղաղության մասին, որը ստորագրված և վավերացված կլինի։ Մեզ համար լուծումն ակնհայտ է, մենք պետք է համաձայնագիր ստորագրենք, ինստիտուցիոնալ առումով վերջ դնենք կոնֆլիկտին։ Եկեք ստորագրենք, համատեղ հայտարարություն Մինսկի խմբի լուծարման մասին, և սկսենք մեր բոլոր հարցերի քննարկումը»։

ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված ադրբեջանական նախապայմանների մասին էլ ասաց․ «Մենք ևս Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված ունենք մտահոգություններ, բայց մենք չենք ներկայացնում դա։ Այդտեղ Ադրբեջանը ներկայանում է՝ որպես Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդը։ Բայց Ադրբեջանի Առաջին Հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարեց ավելի մեծ տարածքում, քան ներկայիս Ադրբեջանն է։ Այսինքն՝ սա մոտեցման հարց է։ Մենք արդյոք ուզում ենք բոլոր այս հարցերը քննարկե՞նք, թե մենք ուզում ենք առաջ գնալ այն հիմքով, ինչ ունենք համաձայնեցված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930