«Ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի շարունակական պարտությունների պատճառը մեղքն է, այդ մեղքից պարտվելը եւ մեղքը չընդունելն ու վերացնել չփորձելը: Սուրբ Գիրքը դրա մասին ասում է, որ ազգերը արդարության պակասից են նվազում եւ մեղքի առկայության պատճառով դառնում են, պարզապես, չգոյություն:
Այս իմաստով, մեզ համար չափազանց կարեւոր է, որ մենք անդրադարձ ունենանք, ընդունենք թե մեր կյանքում պատահած Ծաղկազարդը, թե դրան հաջորդող Խաչելության խորհուրդը: Եվ հատկապես չտատամսենք՝ ընթանալու դեպի հաղթանակի խորհուրդ»,-ասաց Բագրատ Սրբազանը այսօր՝ Ղազարոսի հարության հիշատակման օրը:
Սրբազանը մի հետաքրքիր դեպքի մասին պատմեց Սուրբ Գրքից, որը վերաբերում է Ղազարոսի հարությանը: «Այդ դեպքը որքան էլ Սուրբգրային պատում է, իր խորքով նաեւ արտահայտությունն է մեր այսօրվա իրականության որոշակի շերտի: Չափազանց կարեւոր է, թե իրականում ինչպիսին են մարդու ձգտումները, ցանկությունները, գործելու իրական նկրտումները, մտածումները: Եվ թե ինչպես է մարդը կարողանում այդ բոլորը թաքցնել այլ լույսի ներքո՝ արդար թվացող խոսքով, արդար թվացող գործով կամ արդար թվացող պատկերով: Սակայն բուն նպատակն ամբողջությամբ այլ է: Պատմությունն այն մասին է, որ երբ Ղազարոսի քույր Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղով օծում է Հիսուսի ոտքերը եւ տունը լցվում ազնիվ յուղի բուրմունքով, Հիսուսի աշակերտներից Հուդան, որը պետք է դավաճաներ իր ուսուցչին, հարցրեց, թե ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց 300 արծաթ դահեկանով եւ չտրվեց աղքատներին: Բայց նա դա ասաց, ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղն ինքն էր պահում: Եվ ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում:
Այսօր էլ մեր կյանքում իրական պատկերները, ցանկությունները թաքնված են արդարության շղարշով, քողով, ժողովրդի հոգսը տանելու ներկայացումներով: Եվ մենք մեր կյանքի, մեր հավաքական, ընդհանրական դրսեւորման մեջ տեսնում ենք, թե ինչպես է իրական պատկերը, մոտիվը վարագուրված: Դրանք անխուսափելիորեն քայքայում են մեր կյանքը:
Կարդացեք նաև
Ուզում եմ անդրադառնալ մեր տառապալից կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք կապված են այս չարիքի իշխանության հետ: Ներկայացումն այնպիսին է, թե ամեն ինչ հրաշալի է, ոչ մի հոգս, խնդիր չկա: Բայց իրականում մեր կյանքի յուրաքանչյուր դրվագը պայմանավորված է հազար ու մի խնդիրներով: Մեր կյանքի համապատկերը լի է չարիքի բերած կեղծիքով, որոնք բառիս բուն իմաստով կեղեքում են մեր կյանքը: Եվ պարզ մարդիկ, որոնք լուծումներ չեն տեսնում, հայտնվում են անելանելիության, անզորության ճիրանների մեջ եւ փորձում մխիթարության տարբեր օջախներ գտնել:
Հիմա մեր կյանքում տեղի է ունենում ճիշտ Հուդայի, որը մատնեց Հիսուսին եւ նրա Խաչելության պատճառ դարձավ, պատկերը»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Նկարագրելով մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները՝ Բագրատ Սրբազանն արձանագրեց. «Մենք ապրում ենք ճահճային իրականության մեջ: Եվ ես հանձն եմ առել՝ հրաժարվելու ապրել այդ ճահճային իրականության մեջ: Հակառակը, նաեւ իմ բաժնով եւ իմ չափով հանձն եմ առել, ինչպես եւ ինձ հետ շատ մարդիկ, հանձն են առել՝ չորացնելու այս ճահիճը եւ այն վերածելու դրախտի, այնպիսի միջավայրի, որտեղ մարդիկ կկարողանան, ի վերջո, հանգիստ խղճով ապրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ