«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ վերլուծական նյութերին ու իմ հանրային խոսքին հետևողները շատ լավ գիտեն, որ ես սիրում եմ խոսել փաստերով։
Մի հետաքրքիր ու կարևոր վիճակագրություն եմ ցանկանում ձեզ ներկայացնել։ «Խաղաղության» պայմանագիր կոչվածի համաձայնեցման, ավելի ստույգ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի ներկայացրած պահանջներն ընդունելու մասին լուրը Ալիևի մաքրազերծման հարցերով զբաղվող մեր ԱԳՆ-ն հայտնել էր մարտի 13-ին։ Այդ ժամանակ ես գրառման մեջ նշել է, որ սա ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնելու Ադրբեջանին։ Հիմա ներկայացնեմ պարզ փաստեր։
Մարտի 13-ից առաջ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ՊՆ-ն երկար ամիսների դադարից հետո առաջին անգամ տարածեց ապատեղեկատվություն, դրանից հետո կրկին լռություն էր։ ՀՀ իշխանությունները դրանից հետո համաձայնեցին Ադրբեջանի պահանջներին՝ իբր ագրեսիան զսպելու համար։ Մարտի 13-ից մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել 24 ապատեղեկատվական հաղորդագրությամբ, որոնցից 16-ը՝ մարտ ամսին, 8-ը՝ ապրիլ ամսին։
Ամենից շատ ապատեղեկատվական հաղորդագրություն՝ օրական 3 անգամ տարածել են այն օրերին (օրինակ՝ մարտի 16, մարտի 19), երբ Փաշինյանը հինգ րոպեն մեկ գրառում էր անում թղթի ստորագրման իր բուռն ցանկության մասին։ Ես այն ժամանակ էլ փաստերով գրել էի, որ այդ խոսակցությունը շարունակելու դեպքում Ալիևը գնալու է ագրեսիայի, որովհետև իրեն թուղթ պետք չի, իրեն պետք է Հայաստանի ոչնչացման ու կազմաքանդման գործընթացի շարունակություն, ինչի ապահողը Փաշինյանի թիմն է։ Երբ Փաշինյանը դադարեց խոսել այդ մասին, հաղորդագրությունների թիվը սահմանափակվեց հիմնականում օրական մեկ կամ երկու անգամով։
Կարդացեք նաև
Հիմա գամ մեկ այլ դրվագի, ապատեղեկատվական բոլոր հաղորդագրություններում հայկական տեղանունների փոխարեն Ադրբեջանը կիրառում է այլ՝ իր քիմքին հաճո տեղանուններ, դրա մասին ոչ մի, բացարձակ ոչ մի քաղաքական գնահատական չի հնչում։ Մեկ այլ կարևոր դրվագ էլ՝ ապրիլի 7-ից սկսած վերջին 6 ապատեղեկատվական հաղորդագրության մեջ նշված է, որ «ադրբեջանական կողմը դիմել է համարժեք գործողությունների»։ Մինչ այդ նման նշում չէին անում։
Այս համատեքստում ես շարունակում եմ մնալ այն կարծիքի, որ Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների, բայց չի կարողանում դրա համար միջազգային ընկալում ապահովել, ուստի մի կողմից աշխատում է այդ ուղղությամբ, մյուս կողմից էլ՝ շարունակում կեղծ հաղորդագրություններ տարածել՝ բաց թողնելով ագրեսիայի գնալու պատուհանը իր համար ցանկացած հարմար պահի։ Իսկ այդ ամենը հնարավոր է կանխել բացառապես խելացի ու կազմակերպված աշխատանքով, բայց դա եթե ՀՀ-ում իշխանության ղեկին լիներ պետական շահը սպասարկող ուժ․․․