Ծաղկազարդի կամ Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի նախօրեին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ուղերձով դիմել է հավատավոր ժողովրդին:
«Այսօր Ղազարոսի հարության կամ Ղազարու հարության հիշատակության օրն է, վաղը՝ Ծաղկազարդի կամ մեր Տիրոջ մուտքը Երուսաղեմ տերունական հիշատակության օրն է: Եվ մեզ մեր եկեղեցին պատրաստում է մուտք գործելու Ավագ Շաբաթ, Ավագ Շաբաթի տնօրինական, ամբողջ տերունական դեպքերին իրադարձություններին միասին հասնելու, նշելու, տոնելու, փառաբանելու Հարության հաղթանակի խորհուրդը:
Ինչպես ասացի, վաղը Ծաղկազարդ է կամ մեր Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Պատմական իրադարձության հիշատակության օրը վերստին մեզ հիշեցնելու այն մեծ իրականության մասին, որը բացի Աստվածաշնչյան, Նորկտակարանյան արձանագրումից, նաեւ մեր կյանքի խճապատկերն է: Ես բազում առիթներով խոսել եմ այս մասին, թե ինչ է նշանակում Ծաղկազարդը, մեր Տիրոջ թագավորական մուտքը Երուսաղեմ եւ ապա նրան հաջորդող իրադարձությունները, երբ նույն ժողովուրդը փառաբանության կոչերի մեջ էր, իր ամբողջ ունեցածը փռում էր Տիրոջ ոտքերի առջեւ որպես թագավոր փառաբանելով նրան եւ ապա ընդամենը օրեր անց, կարելի է ասել, հենց նույն ժողովուրդը խաչեց նրան եւ այդ Խաչելության պատկերի առջեւ ընդամենը մի քանի հավատարիմներ էին մնացել: Եվ սակայն այդ Խաչելության խորհուրդը այդ մի քանի հավատարիմներով դարձավ նաեւ Հարության հաղթանակի խորհուրդ:
Սա մեր կյանքի պատկերն է: Ոչ ոք թող հավակնությունը չունենա կյանքում, որ ընդհանրապես եւ մշտապես իր կյանքի ելեւէջումների մեջ մշտապես ունենալու է Ծաղկազարդի իրականությունը: Այո, մենք մեծ կամ փոքր չափով մեր կյանքում՝ անհատական, թե հավաքական, Ծաղկազարդի դրսեւորումներ ենք ունենում, այդ մեծ գովասանքի, փառաբանության, եւ սակայն շատ կարճ է ժամանակահատվածը, որին հաջորդում է եւ կհաջորդի անխուսափելիորեն Խաչելության խորհուրդը՝ չարչարության եւ տառապանքի խորհուրդը: Բայց դա էլ որպես այդպիսին չի մնում, եթե ունես նպատակ եւ ձգտում, այդ Խաչելության խորհրդի՝ տառապանքի, չարչարանքի խորհրդի միջից ընթանում ես դեպի Հարության հաղթանակ՝ քո հաղթանակը, մեր հաղթանակը:
Կարդացեք նաև
Եվ դա անխուսափելի է: Սա մեր կյանքի փիլիսոփայությունն է, կյանքի հիմքն է: Անկախ նրանից, թե մենք որքան կուզենանք խուսափել Խաչի եւ Տառապանքի խորհրդից, այն անխուսափելիորեն մեծ կամ փոքր չափով մեր կյանքում պատահում է: Եվ սա յուրաքանչյուրը պետք է իր մտածումների, իր ընկալումների առանցքը եւ առարկան դարձնի՝ չվախենալով, չխուսափելով, չվհատվելով, չտրտմելով իր վրա եկող թե հարվածներից, թե տառապանքից, թե չարչարանքից: Որովհետեւ եթե դրանք նաեւ կամավորաբար, ամբողջությամբ, հոգով եւ մտքով չես ընդունում եւ ընդունելով՝ չես սեփականացնում, չես կարող ընթանալ նաեւ դեպի հաղթանակ, Հարության խորհուրդ»,-ասում է Բագրատ Սրբազանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ