Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել Ավինյանի համադասարանցու ընկերությանը․ «Ազատություն»

Ապրիլ 12,2025 13:26

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2023-ին 960 միլիոն դրամ է տրամադրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար (փոխանցման տարեթվի դոլարի փոխարժեքով արտահայտած՝ մոտ 2.5 մլն դոլար)։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը երևանցի Դմիտրի Ալեկսեյենկոն է՝ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի համադասարանցին։ Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Այս ներդրումը կատարվել է ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի միջոցով։

«Բերրիմաունթ»-ը հիմնվել է Դմիտրի Ալեկսեյենկոյի կողմից։ Ընկերությունը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում զբաղվում է ելակի արտադրությամբ ու վաճառքով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության բաժնետոմսերի 69 տոկոսը պատկանում է Ալեկսեյենկոյին, մյուս 31 տոկոսի պատկանելիության մասին ռեգիստրում տեղեկություններ չկան՝ չնայած իրական շահառուների հայտարարագրման օրենսդրությունը պահանջում է հայտարարագրել ընկերությունում 20 տոկոս և ավելի ունեցած ցանկացած բաժնեմաս. «Բերրիմաունթ»-ի դեպքում այս հայտարարագրումը չի կատարվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած տեղեկություններից պարզ է դառնում, որ 31 տոկոսը պատկանում է ԱՆԻՖ-ին՝ որպես ներդրման դիմաց ստացած բաժնետոմսեր։

2023-ի վերջին ԱՆԻՖ-ը հաղորդեց, որ «Բերրիմաունթ» ընկերության ելակի նոր ջերմոցը շահագործման է հանձնվել ու արտադրանք է տվել։ Ջերմոցի մակերեսը 3 հեկտար է, ստեղծվել է 60 նոր աշխատատեղ։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում «Բերրիմաունթ»-ի ներկայացուցիչները հայտնում են, որ ելակի մեծ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև Արաբական Միացյալ էմիրություններ, Քաթար, իսկ ջերմոցների տարեկան արտադրությունը գերազանցում է 400 տոննան։ Նույն հարցազրույցում, խոսելով ԱՆԻՖ-ի կողմից ֆինանսավորման մասին, Դմիտրի Ալեկսեյենկոն շեշտում է՝ «ԱՆԻՖ-ի խիզախ մասնակցությունը թույլ կտա հաղթահարել լոգիստիկ, գեոքաղաքական խնդիրները»՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանն էլ այս նոր ֆինանսավորման մասին խոսելիս հայտարարել էր, որ սա թույլ կտա ամբողջ աշխարհին տեսանելի դարձնել հայկական արտադրանքի հատկանիշները։ Կառավարության աջակցությունը «Բերրիմաունթ»-ին չի սահմանափակվել միայն ԱՆԻՖ-ի կողմից ներդրմամբ, 2023-ի ապրիլին կառավարությունը նաև մոտ 50 մլն դրամի մաքսատուրքերից ազատել է ընկերությանը։

Ավինյանի դասընկերը, ՔՊ նվիրատուն

Դմիտրի Ալեկսեյենկոն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դասընկերներ են, Երևանի Ա. Պուշկինի անվան 8-րդ դպրոցի շրջանավարտներ։ Ալեկսեյենկոյի և Պուշկինի անվան դպրոցի կապն ավելի ամրապնդվեց 2022-ին. նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ Ալեկսեյենկոն դպրոցի կառավարման խորհրդի անդամ դարձավ։ Մանկությունից ի վեր դասընկերների միջև անսասան ընկերության մասին սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ։

2023-ին Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած դրամահավաքի ժամանակ Դմիտրի Ալեկսեյենկոն առատաձեռն էր գտնվել՝ 1 մլն դրամ նվիրելով իշխող կուսակցությանը, որի առաջին համարը Տիգրան Ավինյանն էր։

«Բերրիմաունթ»-ից բացի Ալեկսեյենկոյին է պատկանում «Քեյ էնդ ջի գրուպ» ընկերությունը, որ Նոր Գեղիում 3 հեկտար մակերեսով ջերմոց է շահագործում։ ԱՆԻՖ-ի կողմից ուղղված գումարները ներդրվել են այս ջերմոցն ընդլայնելու, «Բերրիմաունթ»-ի ստեղծման և 6 հեկտարի հասցնելու նպատակով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 1.2 միլիոն դրամով «Քեյ էնդ ջի գրուպ»-ին տուգանելու որոշում էր կայացրել. ըստ հանձնաժողովի՝ «Քեյ էնդ ջի գրուպ»-ի արտադրած ելակները վաճառվել են eco և էկոլոգիապես մաքուր բառերի ներկայացմամբ այն դեպքում, երբ ընկերության ելակները «չեն հանդիսացել հավաստված օրգանական գյուղատնտեսության արտադրանք»։ ՄՊՀ-ն սա որակել է որպես հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն ու տուգանել ընկերությանը։

«Քեյ էնդ ջի գրուպ»-ի դեմ նաև քաղաքացիական հայց էր ներկայացվել 2021-ին «Ագրոտրենդ» ընկերության կողմից։ «Ագրոտրենդ»-ը պահանջել էր Ալեկսեյենկոյի ընկերությունից բռնագանձել 11.7 միլիոն դրամ՝ մատակարարված գյուղատնտեսական ապրանքների, սակայն դրա դիմաց չստացված վճարումների համար։ 4 տարի անց այս գործի քննությունը դատարանում շարունակվում է։

Ի՞նչ են պարզաբանում Ալեկսեյենկոն և ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը

Ի՞նչ դեր է ունեցել ԱՆԻՖ-ի խորհրդի նախկին նախագահ, իր դասընկեր Տիգրան Ավինյանը «Բերրիմաունթ»-ի ֆինանսավորման գործընթացում, հետաքրքրվել էինք Դմիտրի Ալեկսեյենկոյից։ «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ընկերության հիմնադիրը, վերջինիս ղեկավար կազմը չի ունեցել և չունի ոչ մի գործնական հարաբերություն Տիգրան Ավինյանի հետ», – հայտնել է նա։

Ալեկսեյենկոյից խնդրել էինք տրամադրել նաև ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկության և «Բերրիմաունթ»-ի միջև կնքված բաժնետիրական համաձայնագիրն ու ներդրումների հիմք հանդիսացող մյուս փաստաթղթերը։ Ի պատասխան վերջինս տեղեկացրել է, որ տվյալ համաձայնագրի հանրայնացումը համարում է անթույլատրելի, քանի որ կան կոմերցիոն բազմաթիվ գաղտնիքներ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930