Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետը (ֆոտոշարք)

Ապրիլ 12,2025 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝  Կապանում մասնակցել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ըստ վարչապետի`  առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ: Դրանք կիրականացնեն անտառների պահպանության 24 ժամյա հսկողություն: Նշենք, որ ծառայությունն առաջինը Սյունիքում մեկնարկեց։

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Սասուն Մանուկյանը։ Մինչ այս նշանակումը նա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրենն էր։

Վարչապետի, կառավարության անդամների, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԱԺ պատգամավորների, համայնքային իշխանության ներկայացուցիչների ու քաղաքացիների առաջ էկոպարեկները հանդիսավոր երդվեցին։

«Ես,  ծառայության անցնելով էկոպարեկային ծառայությունում՝ երդվում եմ․ հավատարմորեն ծառայել  Հայաստանի Հանրապետությանը,  խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու  օրենքները, մարդու եւ քաղաքացու  իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն եւ  բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններս։ Երդվում եմ»,-այսպես երդվեցին Սյունիքի էկոպարեկները։

Նիկոլ Փաշինյանը կարեւորում է ծառայության ստեղծումը։ «Եվ ես ուզում եմ համոզվել, որ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, պետք է ունենա նաեւ նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չէ, որ մենք ուրիշներին չթողնենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը եւ պետք է փոխվի մեր պատասխանատվությունը, եւ ուրիշ տարբերակ չկա»,-իր խոսքում նշել է Փաշինյանը։

Հանդիսությունը ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Ըստ կառավարության  պաշտոնական տեղեկատվության՝ պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել, մասնավորապես՝ 22 հատ «Իսուզու դե մաքս» մակնիշի ամենագնաց մեքենաներ 331,8 մլն դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 մլն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 մլն դրամ:

Վարչապետը ծանոթացել է նաեւ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության Կապանի տեղամասի վերանորոգման աշխատանքներին: Կապան, Գորիս քաղաքներում եւ Շվանիձոր բնակավայրում իրականացվել են ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների եւ անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով եւ տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացել է 70 419 800 դրամ:

Լուսանկարները՝ ՀՀ կառավարության կայքից

 Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930