Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկման առարկա դարձնել Նուբարաշեն ՔԿՀ-ի փակման հարցը. Հրատապ հաշվետվություն

Ապրիլ 12,2025 11:02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հրամանի 64-րդ կետի համաձայն հրապարակում է ՀՐԱՏԱՊ հաշվետվությունը Նուբարաշեն ՔԿՀ կատարած այցելության վերաբերյալ։

ՀՐԱՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2025 թ․ ապրիլի 4-ին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (Խումբ) անդամները այց են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 2025թ-ի ապրիլի 3-ին ՔԿՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերի հետքերով։
Խմբի անդամները տեսակցել են ազատազրկված և հացադուլ հայտարարած անձանց, շրջել են 5-րդ մասնաշենքի /հարկի/ այն խցերով, որտեղ իրականացվել են հատուկ գործողությունները, ինչպես նաև զրուցել են հիմնարկի պետի հետ։

81-րդ խուց

Խցում այցի պահին գտնվում էր երկու ազատազրկված անձ, իսկ երրորդին 2025թ-ի ապրիլի 3-ին տեղափոխել էին այլ ՔԿՀ։
Խցակիցները Խմբի անդամներին հայտնել են, որ անհայտ պատճառներով իրենց խուց են մտել հիմնարկի աշխատակիցները, այնուհետև հատուկ ջոկատայինները՝ մոտ 30-40 անձ։ Ներս մտնելուց հետո հատուկ ջոկատայիններից մի քանիսը խցակից Դ․Մ․-ին և ևս մեկ ազատազրկվածի իջեցրել են ներքև, մեկին քաշքշել, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստացել՝ կապտտուկներ։
Դրանից հետո, ըստ ազատազրկված անձանց, իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում գույքի մեծ մասը վնասվել է հատուկ ջոկատայինների գործողություններից։
Խցակիցները տեղեկացրել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ տարբեր խցերի ազատազրկված անձինք սկսել են զբոսանքի ժամանակ հայրենասիրական և օտար լեզվով երգեր երգել։ Վարչակազմի կողմից պահանջ է ներկայացվել օտար երգեր չերգելու, որին ազատազրկված անձինք ենթարկվել են։

80-րդ խուց

Խցում այցի պահին գտնվում էր երկու ազատազրկված անձ, իսկ երրորդը հացադուլ էր հայտարարել և գտնվում էր հացադուլավորների խցում։
Խցում գտնվող ազատազրկված անձինք Խմբի անդամներին հայտնեցին, որ լսել են հարևան խցից ձայներ, որից հասկացել են, որ բռնություն է գործադրվում։ Փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում և այդ պատճառով ձայն են տվել վարչակազմին, ինչպես նաև դռներին հարվածել (ոչ ուժեղ)։ Սակայն հատուկ ջոկատայինները՝ 10-ից ավելի անձ, ներս են խուժել խուց, իրենց պառկեցրել գետնին և ծեծի ենթարկել։
Արդյունքում, ազատազրկված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

Ազատությունից զրկված անձինք պնդում են, որ խցում ոչինչ չեն այրել, դա կեղծ տեղեկատվություն է։
Խցում իրերի մեծ մասը ջարդված վիճակում էին և ըստ խցի բնակիչների , այդ ամենը իրականացվել է հատուկ ջոկատայինների կողմից։
Ծեծը այնքան դաժան է եղել, որ ընթացքում վարչակազմի աշխատակիցներից մեկը օգնել է իրենց, որպեսզի բռնությունը չշարունակվի, կանխելով և փակելով ազատազրկվածին իր մարմնով։
Խցակիցները մեկը՝ Վ․Հ․-ը, 2025թ-ի ապրիլի 3-ին, որպես բողոքի նշան հայտարարել է հացադուլ։
Պետք է նշել, որ ըստ 80-րդ խցի ազատազրկված անձանց, իրենք ոչ մի քրեկան ենթամշակույթի չեն պատկանում։ Վերջիններս հասարակ աշխատողներ էին և, ավելին, նրանց սենյակում կային փայտե իրեր, որով պատրաստում էին փայտե առարկաներ, որոնք նույնպես ջարդվել և քանդվել էին հատուկ ջոկատայինների կողմից, ըստ իրենց ներկայացրածի։

Հացադուլ

Խմբի անդամները տեսակցել և զրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած և հացադուլավորների խուց տեղափոխված Վ․Հ․-ի հետ։
Վ․Հ․-ը Խմբին հայտնել է, որ հատուկ ջոկատայինները՝ մոտ 10 անձ, իրենց խուց են մտել այն բանից հետո, երբ նրանք տևական ժամանակ բժիշկ են կանչել, իրենց խցակցի ինքնազգացողության վատթարացման պատճառով։
Անձը ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում ստացել էր մարմնական վնասվածք՝ գլխի շրջանում։
Որպես բողոոքի նշան վերջինս հայտնել է, որ կատարել է ինքնավնասում՝ ձախ ձեռքի հատվածում։
—–

Խմբի անդամները տեսակցել և զրուցել են նաև հացադուլ հայտարարած այլ անձանց հետ։
Հացադուլ է հայտարարել 5 անձ, որից 2-ի՝ Ա․Մ․ և Ն․Խ․ պահանջը խցակից Հ․Ս․-ի տեղափոխությունն է։
Հ․Ս․-ը Նուբարաշեն ՔԿՀ է տեղափոխվել Արմավիր ՔԿՀ-ից։ Սկզբնական շրջանում անձը գտնվել է այլ խցում, սակայն հետագայում և անհրաժեշտությամբ պայմանավորված անձին տեղափոխել են 6-րդ մասնաշենքի

2-րդ խուց

Հացադուլ հայտարարած երկու անձինք նշեցին, որ տվյալ անձի հետ չեն կարող մնալ մի խցում ելնելով այդ անձի պահվածքից ։
Անձի կողմից վատ վարքագիծը հաստատվեց նաև հիմնարկի պետի կողմից։
Ազատազրկված/հացադուլավոր Ն․Խ․-ը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ, որպես բողոքի նշան բերանն է կարել, որից հետո հիմնարկի կողմից հավաստում է ստացել, որ իրեն կտեղափոխեն այլ խուց, որը սակայն չի կատարվել։ Այս անգամ անձը ստիպված ասեղ է կուլ տվել և հացադուլ հայտարարել։
Խմբի անդամները խնդիրները քննարկել են նաև հիմնարկի պետի հետ։ Վերջինս ի սկզբանե հաստատել է, որ ֆիզիկական ուժի կիրառում եղել է՝ համաչափ, ինչպես նաև տեղեկացրել է, որ խուզարկության արդյունքում ոչ մի արգելված նյութ կամ իր չի հայտնաբերվել։
—–
Խումբն արձանագրել է նաև այլ խնդիրներ․

– Տեսակցած բոլոր ազատազրկված անձինք դժգոհություններ են հայտնել սննդի որակից։

– Խմբի անդամները հանդիպում են ունեցել նաև ազատազրկված անձանց հետ, որոնց խնդիրները առնչվել են բժշկական օգնությանը և սպասարկմանը, որի վերաբերյալ գրությունները կհասցեագրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը։

– Հիմնարկի հեռախոսային խցիկների հատվածում բացակայում էր Խմբի թեժ գծի հեռախոսահամարը։ Այս խնդիրը առկա է եղել այլ ՔԿՀ-ներում ևս, որոնց վերաբերյալ Խումբը իր գրություններում ներառել է և խնդրել բոլոր հիմնարկներում հանձնարարել ապահովել այդ տեղեկատվությամբ։

-Խմբի անդամները նաև արձանագրել են հիմնարկում օդափոխության խնդիրը, անմարդկային վիճակը, ստանդարտներին չհամապատասխանող ՔԿՀ խցերը և խցերում առկա գույքը։

– Առավել մտահոգիչ է հացադուլավորների համար նախատեսված խցի և դեպի խուց տանող միջանցքի վիճակը, հիմնարկի էլեկտրական լարերը գտնվում են վատ վիճակում և դրանք չեն համապատասխանում հակահրդեհային կանոններին։

Հացադուլավորների համար նախատեսված խցում պատուհանից այն կողմ պատ է, որը խաթարում է բնական օդափոխությունը, մահճակալները հնամաշ և կոտրված են, բացակայում են նորմալ անկողինները, խուցը, առհասարակ գտնվում է ոչ բարվոք վիճակում, չվերանորոգված։
Ելնելով վերոգրյալից՝ Դիտորդական խումբը, համաձայն խմբի գործունեության կարգի, հրատապ հաշվետվությունը ուղարկել է ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ ՔԿԾ, սակայն սահմանված 3-օրյա ժամկետում չի ստացել վերջիններիս հղված հարցադրումների պատասխանները, որոնք ներկայացված են ստորև․

– Ինչպիսի՞ն է եղել իրավիճակը, որի արդյունքում ներգրավվել են ՔՀ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ,

– Քանի՞ ՔՀ հատուկ ստորաբաժանման աշխատակից է ներգրավվել,

– Ի՞նչ գործողություններ են իրականացվել ՔԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից և ի՞նչ նպատակով,

– Արդյո՞ք իրականացվել են խուզարկություններ։ Եթե այո, ապա ի՞նչ նպատակով և ի՞նչ արգելված իրեր են հայտնաբերվել,

– Արդյո՞ք ծառայողական քննություն նշանակվել է,

Արդյո՞ք հայտնաբերվել են այրված իրեր կամ հետքեր 80-րդ խցում,

– Մարմնական վնասվածք ստացած անձինք ինչպիսի՞ բժշկական օգնություն են ստացել,

– Հատուկ գործողությունների արդյունքում ինչպիսի՞ մարմնական վնասվածքներ են պատճառվել անձանց և արդյո՞ք այն հիմնարկի կողմից արձանագրվել է պատշաճ կերպով,

– Վ․Հ․-ի կողմից կատարված ինքնավնասումը ե՞րբ է արձանագրվել,

– Ի՞նչ պատճառով է Դ․Մ․-ը տեղափոխվել այլ ՔԿՀ։

Միաժամանակ խնդրում ենք հանձնարարել

– Քննարկման առարկա դարձնել 6-րդ մասնաշենքի 2-րդ խցում գտնվող Հովհաննես Սելիմյանին այլ խուց տեղափոխելու հետ կապված հարցը։

– Հացադուլ կատարող անձանց խուցը վերանորոգել և/կամ պահել այլ խցում՝ ապահովելով խցի օդափոխությունը, բնական լույսի ներթափանցումը, խցում համապատասխան գույքի առկայությունը։

– Բոլոր ՔԿՀ-ներում ապահովել Խմբի թեժ գծի հեռախոսահամարի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը։

– Քննարկման առարկա դարձնել Նուբարաշեն ՔԿՀ-ի փակման հարցը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930