«Եվրախորհրդի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը»,- ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը:
«Երկու օր առաջ Ալիևը իդեալական անգլերենով հայտարարություն արեց։ Պետք է նշեմ, որ ես լսել եմ՝ դա ուղղված է ներքին լսարանին։ Ես չգիտեմ, թե արդյոք անգլերենը պաշտոնական լեզու է Ադրբեջանում, չեմ հավատում, որ դա պաշտոնական լեզու է։ Դա ավելի շուտ նախատեսված էր ոչ թե ներքին լսարանի, այլ բոլոր, հատկապես Եվրոպայի խորհրդի համար։
Նա ցինիկ կերպով ասաց, որ ինքը թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա, և կարծում է, որ մենք նրա կարիքն ավելի շատ ունենք, քան ինքը՝ մեր, որ աշխարհը փոխվել է։ Նա կեղծ լուրեր է տարածել՝ հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի և իր երկրի հաղթած պատերազմի պատճառով:Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել ենք Ադրբեջանի իշխանություններին առաջին հերթին թույլտվություն տալ, որպեսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղ։ Հետո մենք Ադրբեջանի իշխանություններին խնդրել ենք մեր դիտորդներին թույլ տալ հետևել երկրում տեղի ունեցող ընտրություններին։
Մենք նաև խնդրել ենք թույլ տալ զեկուցողներին այցելել Ալիևի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք գտնվում են բանտում։ Ալիևը, ինչպես գիտեք, սովորություն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախոսներին։ Եվ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ»,- մասնավորապես նշել է նա։
Կարդացեք նաև
Խոսելով Ալիևի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարվելու վերջնագրի մասին, Ռուսոպոլոսը նշել է.
«Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին, Եվրախորհուրդը չի վախենում նման հայտարարություններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել և ընդունում է որոշումներ՝ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։
Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, Նախարարների կոմիտեին, ես հատուկ հիշատակեցի Վրաստանն՝ ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընտրովի մոտեցումն ընդունելի է, որովհետև վաղը, և դա հենց այն է, ինչ ես ասացի դեսպաններին, մենք կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն Մարդու իրավունքների դատարանից։ Երեք ամիս էլ չանցած՝ Ալիևը հաստատեց իմ մտահոգությունները։
Փակագծերում դրեք «վախեր» բառը, որովհետև մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, ով իրեն բռնապետի պես է պահում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում