Լրահոս
Օրվա լրահոսը

Քծնելը նորաձեւ չէ, քծնելը հավերժ է

Ապրիլ 12,2025 10:00

Վերջերս գործընկերներից մեկը՝ Կարպիս Փաշոյանը, ուշագրավ տեղեկություն հրապարակեց: Մատենադարանում «Կրթվելը նորաձեւ է» իշխանական արշավի մասնակիցներից մեկը հենց այն նույն դպրոցի՝ նախկին ՀՀԿ-ական տնօրենն էր, որը 2015 թվականին իրեն՝ Կարպիսին, աշխատանքից հեռացրել էր՝ ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու և «ոչ»-ի (սահմանադրական փոփոխությունների նախագծին «ոչ» ասելու) շարժմանը մասնակցելու համար։ Փոքր, բայց շատ հատկանշական դետալ է:

Ի՞նչ է նշանակում մասնակցել «Կրթվելը նորաձեւ է» արշավին: (Ի դեպ, ցավալի էր, որ միջոցառումն անցկացվել էր Մատենադարանում, ուրեմն՝ ոչ մի սրբություն չի մնացել): Դա նշանակում է by default ընդունել, որ ներկայիս վարչապետն իր ընտանիքով հանդերձ հենց այն մարդիկ են, որոնք կարող են տվյալ անձին կամ մարդկանց խմբին կրթել, խելք սովորեցնել: Իր «քծնողական պոտենցիալով» այդ արշավը կարելի է համեմատել միայն «Կեցցե՛ հեծանիվը» արշավի հետ:

Եթե մարդը «քծնողական ալիքի» վրա է, ապա նրան, մեծ  հաշվով, միեւնույն է, թե ում քծնել՝ ներկա իշխանությունը կփոխվի, եւ դպրոցների տնօրենները կմասնակցեն, ասենք, «Գլխի վրա կանգնելը նորաձեւ է» կամ «Կեցցե՛ քերլինգը» արշավներին: Ամեն ինչ կախված կլինի հաջորդ միապետի նախասիրություններից: Պետական դպրոցների եւ բուժհիմնարկների տնօրենների, ինչպես նաեւ «տասովշիկների» համար բացարձակապես կարեւոր չէ, թե ո՛ր իշխանության վերարտադրության համար են նրանք աշխատում ընտրությունների ժամանակ: Երեւանի եւ Գյումրիի ավագանու վերջին ընտրությունները դա ապացուցեցին: Կարեւորը սեփական դիրքը չկորցնելն է, ինչը տեղի կունենա, եթե նրանք «լավ չաշխատեն» իշխանության համար կամ չմասնակցեն «քծնողական արշավներին»:

Եվ այստեղից պարզ է, որ խնդիրը ոչ թե անձնական է, այլ՝ համակարգային: Այդ մարդիկ ոտով-գլխով կախված են իշխանությունից: Եթե տնօրենները (եւ, ինչպես տեսանք Կարպիսի օրինակով, ուսուցիչները) ուզում են մնալ իրենց դիրքերում, եթե «տասովշիկներն» ուզում են պահպանել իրենց փոքրումեծ առեւտրական «բուդկեքը», նրանք ստիպված են անել այն, ինչ անում են:

Արմատական հարցը, հետեւաբար, կախվածությունն է: Ինչպես վերացնել այդ կախվածությունը եւ անել այնպես, որ այդ՝ «անկախ լինելու» մեխանիզմը կախված չլինի օրվա իշխանության բարի կամքից, դա, իհարկե, լրջագույն մարտահրավեր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Դուք բացահայտել եք քծնվող չինովնիկ, էն դեպքում, երբ չինովնիկ բառը Հայաստանում ասոցացվում է քծնվող բառի հետ:

  2. Հայ մարդ says:

    Շողոքորթության համար պարգևատրողը, շողոքորթություն է փնտրում։
    Թոմաս Ֆուլեր

    Քծնելն իհարկե հավերժ է, քանի դեռ քծնանքի դիմաց լավ վարձատրողներ կան, իսկ հասարակության կողմից քծնողների նկատմամբ համատարած զզվանք և պարսավանք չի արտահայտվում։ Բնականաբար, քծնողներն այդ տգեղ արարողությունն անում են կախվածության պատճառով, բայց եթե հրաշք տեղի ունենա և մեր երկրում ձևավորվի բարոյական նորմերով առաջնորդվող հասարակության, ապա կախվածության պայմաններում անգամ քծնելը կարող է նողկալի գնահատվել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930