Փաշինյանի հրապարակային ելույթների ու դրսևորումների շարքում, ինչ խոսք, արժե առանձնացնել նրա գլխավորած կառավարության նիստերն ու այդ նիստերում ունեցած ելույթները: Եթե Խորհրդային Միության անծայրածիր տարածքի տարբեր բնակավայրերում եղած մեծ ու փոքր ճաշարաններում, հանրային սննդի կետերում, ի դեպ՝ Անաստաս Միկոյանի թեթև ձեռքով, յուրաքանչյուր հինգշաբթին «ձկան օր» էր, ապա ինքնիշխան Հայաստանում հինգշաբթին կառավարության նիստում Փաշինյանի էքսցենտրիկ ելույթների օր է:
Չէ՛, լուրջ, կառավարության նիստերը Փաշինյանի պաշտոնավարման շրջանում վերածվել են «մեկ դերասանի թատրոնի»: Բացառություն չէր կառավարության վերջին նիստը: Այս դաժան իրականության պայմաններում չզրկենք մեզ ու մեր սիրելի ընթերցողներին այդ կասկածելի հաճույքից ու մի քանի մեջբերում անենք Փաշինյանի զգլխիչ մենախոսությունից՝ «Յաղագս տգիտութեան կառավարութեան մերոյ»:
Ահավասիկ, զմայլվեք. «…Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Մարդիկ գիտելիքի պակաս ունեն մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն, որովհետև դա մեր գործն է…
…Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի, իմ գլխավորությամբ՝ բոլորդ, մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում: Ո՞ւմ է հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե որևէ բան չի նշանակում: Մենք մինչև հիմա չգիտենք պրոբլեմը։ Մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են 0 դասարանում: …Որովհետև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն՝ իրենք ինչով են զբաղված:
Կարդացեք նաև
…Այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք: Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղի՞ց գիտելիք ունենա, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց, չկա ճանապարհ, որով գիտելիքի հետևից գնա: Սա մեր պետական համակարգի ամենամեծ պրոբլեմն է: Ու մեր, մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը՝ առավել ևս…»:
Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը յուրօրինակ խոստովանություն է անում՝ իր և իր գլխավորած կառավարության, իշխանության տգիտության, անգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի ու, ըստ այնմ, անպիտանության մասին:
Նույնիսկ կարող է թվալ, որ Փաշինյանը վերջապես համաձայնում է հասարակության մեծ մասի հետ առ այն, որ ինքն ու իր թիմը, իր կառավարությունը, այսպես ասենք, անձեռնահաս են: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում Փաշինյանի խոսքն այդքան էլ պրիմիտիվ չէ, քանի որ այն որոշակի տողատակեր ունի:
Առաջինը. ակնհայտ է, որ նույն Փաշինյանն, այսօրինակ հայտարարություններ անելով, ուզում է, որ հետագայում իր իշխանավարման դառնագույն հետևանքները վերագրվեն տգիտությանը, անփորձությանը, չաշխատելուն, չաճելուն, կադրերի պակասին:
Նրա թիրախն ապագան է: Այսինքն՝ այն, որ հետագայում, երբ մարդիկ վերջնականորեն սթափվեն ու պատասխան պահանջեն, նա այդ ամենի համար պատասխանատվությունը վերահասցեագրի նույն այդ մարդկանց: Այսօրվա նման խոսույթով Փաշինյանը առնվազն հանրային ընկալման տիրույթում ցանկանում է ապահովագրվել իր գործած ավերների, իր գործունեության հետևանքների համար պատասխանատվությունից:
Այսինքն, հեռահար նպատակն այն է, որ ամեն ինչ վերագրվի տգիտությանն ու անփորձությանը, ընդ որում՝ իր թիմի, նաև ժողովրդի, այլ ոչ թե, ինչպես դասականը կասեր, «ազգակործան պատուհասությանը»:
Կարծես հեռու չէ այն օրը, երբ նա կարող է հայտարարել, թե՝ լավ, մենք բան չէինք հասկանում, բա դուք էլ բան չէիք հասկանո՞ւմ, որ մեզ ընտրեցիք… Ըստ որում, մեր այդ դիտարկման ամենից վատ կողմն այն է, որ դա ամենևին կատակ չէ:
Երկրորդ. Փաշինյանը կանխամտածված ու հետևողականորեն շարունակում է հայ ժողովրդին, հայ հասարակությանը վարկաբեկելու քարոզչաքաղաքական գիծը, եթե կուզեք՝ գործընթացը:
Ի՞նչ է ստացվում Փաշինյանի շարունակական քարոզներից, ինչպիսի՞ պատկեր է հյուսվում: Իսկ հյուսվում է այնպիսի պատկեր, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը աշխատել չի սիրում, լոդր է, այսպես ասած, «քցող», անպատասխանատու, անկիրթ է ու սովորել չի սիրում, կռվել չգիտե ու չի կարողանում, թուլամորթ է, հող մշակել ու անասնապահությամբ զբաղվել անգամ չգիտեն, մեքենա վարել չեն կարողանում, «պռավաներն» էլ համատարած կեղծ են…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում