Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի «կողմնակիցները»-2

Ապրիլ 12,2025 09:30

Սկիզբը՝ այստեղ:

Եվ այսպես, շարունակում ենք քաղաքական լիկբեզը՝ երկրորդ նախագահ Քոչարյանի եւ առաջնագիծ մղված նրա հատուկենտ պրոպագանդիստների համար՝ իրենց իսկ երկնած օրակարգի շուրջ՝ «ո՞վ բերեց Նիկոլին»։

Կրիմինալիստիկայում հայտնի երեւույթ է, երբ մեղավորն ինքը սկսում է համառորեն եւ հետեւողականորեն այլ մեղավորներ փնտրել, ենթադրելով, թե այդ կերպ կորցնում է իրական մեղավորների հետքը։

Եվ այսպես, եկեք նայեք Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատն ու հատկապես նրանց, ովքեր այսօր բոլոր հնարավոր դալաններից ու նկուղներից «Նիկոլ բերողին» են ման գալիս։ Եկեք վերհիշենք 2018-ի հենց այս օրերի մասսայական փսիխոզը, երբ փողոցներում Սերժ էին մերժում ու մերժողների հուզառատ շարքերում Քոչարյանի ընտանիքի անդամներն ու մերձավորներն էին։

Եկեք մի հատ էլ ուշադիր նայենք երկրորդ նախագահի «Հայաստան» դաշինքի պատգամավորներին եւ կտեսնենք, որ նրանցից շատերը «Սերժ մերժողներն» ու «Նիկոլ բերողներն» էին, իսկ Քոչարյանին սատարող համայնքապետերը իշխանազավթմանը հաջորդած խորհրդարանական ընտրություններում «վիզ» դրած աշխատում էին Նիկոլի համար։ Հետո նույն այդ համայնքապետերին, բոլորին, առանց որեւէ բացառության, մենք, այ քեզ «սըփրայզ», հանդիպեցինք «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում։

Ի դեպ, Քոչարյանի թիմակիցները շատ հետաքրքիր քաղաքական սալտոներ են կատարում՝ Նիկոլի նվիրյալ պատգամավորից դեպի Քոչարյանի նվիրյալ պատգամավոր շրջանը սահուն եւ անցնցում անցնելով։ Չենք մոռանում նաեւ Անդրանիկ Թեւանյան, Բորիս Մուրազի եւ նրանց հավասարեցված այլ անձանց, ովքեր այսօր ամենաբարձրն են աղմկում եւ փորձում Նիկոլին խցկել երրորդ նախագահի գրպանը։

Որտե՞ղ էին սույն պարոնայք 18-ին։ Դե իհարկե, Սերժ էին մերժում ու Նիկոլ բերում։ Սերժ էին մերժում կատաղի մոլեռանդությամբ, ու նույնպիսի մոլեռանդությամբ իշխանության էին բերում Նիկոլին։ Հիշենք, թե Քոչարյանի քանի պատգամավոր էր 18-ին կողմ քվեարկել Նիկոլի վարչապետությանն ու այդ մարդկանցից քանիսն էին, երբ ի պաշտպանություն Քոչարյանի՝ ՀՀԿ-ն ցույց ու հանրահավաք անում, հրաժարվում միանալ որեւէ ակցիայի։

Ազնիվ չի, պարոն երկրորդ նախագահ։ Իհարկե, այսօր, երբ Նիկոլի վարկանիշը թավալված է հատակին ու նիկոլական լինելը, անգամ նախկին, ամենամեծ խարանն է, հեշտ է Նիկոլին փնտրել այլոց գրպաններում ու դարակներում։ Բայց փաստերը եւ իրականությունը ճշգրիտ սուբստանցիա են։ Իսկ եթե, հարգարժան երկրորդ նախագահ, մի քիչ ուշադիր, առանց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հանդեպ ձեր ունեցած անհասկանալի վերապահումի փորձեք նայել իրականությանը, հավատացնում եմ, Նիկոլին բերողներին հերթով, շարքով, կարգով կգտնեք ձեր ամենամերձավոր շրջապատում ու ձեր ընտանիքում։ Առայժմ այսքանը։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Առայժմ այսքանը…»
    Լավ կլիներ այսքանով էլ սահմանափակվեիք։ Ձեզ չեմ ասում, տիկին Ղազարյան, Առավոտին եմ ասում։ Դուք, տիկին, 2-րդ նախագահի թիմի հետ կոկորդ կրծելու տեղ, այսպես թե այնպես, կգտնեք։ Ինչու, ուրեմն, այս սոցիալական ցանցերի մակարդակին հարիր թունավոր խոսակցությունը բերել Առավոտի էջ։ Մանավանդ որ հիմա էլ դիմացինները պիտի իրենց թույնը թափելու համար ձեզ դիմեն։

  2. Garo says:

    Նախ որ անընդհատ շեշտում եք փոքրաթիվ պրոպագանդիստներ, դրանով ապացուցում եք որ Քոչարյանը երբեք էլ պրոպագանդային ,փիառի ուշադրություն չի դարձրել։ ի տարբերություն Նիկոլի իր հսկայական ֆեյքի ֆաբրիկաներով ու Սերժի փեսայի շնորհիվ ստեղծված մեդիա կայսրության։ լավ ով նրկոլին բերեց մի կողմ թողենք։ ոնց եղավ որ արդեն խայտառակ կապիտուլյացիայից հետո ՀՀԿ֊ն դաշինք կազմեց նիկոլի ու ալենի լավ ախպեր, Քոչարյանին կալանավորած Վանեցյանի հետ՞ փաստա որ լեվոնասերժանիկոլասոռոսական կոալիցիան 10նյակ տարիներ աշխատելա Քոչարյանի դեմոնիզացելու ուղղությամբ։ Երկրում եղած բոլոր վատ երեւույթ երը անգամ Իրանից առաջ ու հետո եղած քցել Քոչարյանի գրպանը։ օգտվելով հենց էն փաստից որ Քոչարյանը փողով մեծ թիմեր չի պահել ու չի հակադարձել իրանց ստերին։ վերցնենք գույքի պարտքի դիմաց ծրագիրը որ սարքել եք մի ազգային ողբերգություն, թե բա ստրատեգիական յիմնարկները կոպեկներով տվեց։ իրականում սովետից մնացած ժեխը 100միլիոն դոլլարով վաճառեց։ պիտի դրանք էլ գույքի ոչ մի բանի դիմաց ծրագրով 5հազար դոլլարով տար գռզոյին կամ Միշիկին ոնց Լևոնի ու Սերժի օրոք չէ))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930