Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դիտորդների անգործությունը նպաստում է Հայաստանի դեմ ադրբեջանական ապատեղեկատվության տարածմանը»

Ապրիլ 12,2025 12:30

«Առավոտի» զրուցակիցն է Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը

– Արդեն տեւական ժամանակ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում` մեղադրելով հայկական կողմին իբրեւ Ադրբեջանի սահմանային ուղղություններով կրակելու մեջ։ Իսկ վերջին շրջանում հենց Ադրբեջանն է օրեցօր ընդլայնվող աշխարհագրությամբ եւ առավել ինտենսիվ կրակել հայկական սահմանային ուղղություններով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունները, վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս։

– Ադրբեջանի կողմից շրջանառվող մեղադրանքներն ընդդեմ Հայաստանի, իբրեւ վերջինս կրակ է բացում սահմանային դիրքերի ուղղությամբ, դասական տեղեկատվական պատերազմի օրինակ են։ Նպատակը, կամ ավելի ճիշտ՝ նպատակները մի քանիսն են, որոնք իրենց հերթին կարելի է բաժանել մի քանի շերտերի։ Նախ միջազգային հանրությանը մոլորեցնելու խնդիր են լուծում՝ ներկայացնելով Հայաստանն իբրեւ սադրիչ կողմ։ Այս կոնտեքստում կցանկանայի նշել ԵՄ դիտորդական առաքելության անգործությունը կամ առնվազն ոչ բավարար քայլերը, ինչը հակառակորդին էլ ավելի է օգնում պարբերաբար ստերի տարածման գործում։ Հաջորդ խնդիրը, որ ադրբեջանական կողմը ցանկանում է լուծել, դա հոգեբանական ազդեցություն է հայաստանյան հասարակության, եւ հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության վրա։ Ցանկանում եմ հիշեցնել, որ ժամանակին ադրբեջանցիները Արցախի Խրամորթ գյուղում բարձրախոսով մուղամ էին միացնում եւ համապատասխան տեխնիկական միջոցներով տարատեսակ հայտարարություններ անում, այդպիսով ահաբեկելով տեղի բնակչությանը։ Չի բացառվում, որ նմանօրինակ սադրանքներ փորձեն իրականացնել նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում, քանի որ գաղտնիք չէ, որ բազմաթիվ հատվածներում ադրբեջանական դիրքերը շատ մոտիկ են մեր բնակավայրերին։ Ադրբեջանի սադրանքներն ու տեղեկատվական գրոհները պետք է դիտարկել նաեւ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Այսօր, երբ տարածաշրջանային վերաձեւումները գտնվում են ակտիվ փուլում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ ու ճնշմամբ իրականացնել իր պահանջները։ Հայաստանի համար առաջնահերթ է սեփական պաշտպանական եւ տեղեկատվական կարողությունների զարգացումը՝ դիմակայելու ինչպես սահմանի վրա, այնպես էլ տեղեկատվական դաշտում առկա սպառնալիքներին։

– Ուշագրավ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը ողջունող միջազգային կառույցները, տարբեր երկրներ լռում են Ադրբեջանի պահվածքի մասով։ Համանման լռությունը ընդամենը 1-2 տարի առաջ հանգեցրեց Արցախի շրջափակմանը եւ հայաթափմանը, էթնիկ զտմանը, հիմա ի՞նչ սպասել այդ լռությունից։

– Միջազգային կառույցների եւ պետությունների լռությունը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ, մեղմ ասած, մտահոգիչ է։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ միջազգային հանրությունն առերեւույթ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի գաղափարը, այնուամենայնիվ, լռությունը Բաքվի շարունակական սադրանքների, ռազմական ճնշման եւ տարածքային հավակնությունների նկատմամբ կարող է ընկալվել որպես անուղղակի խրախուսում՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի քաղաքականությունը։ Հստակ է, որ նման լռությունն արդեն իսկ ունեցել է ողբերգական հետեւանքներ։ 2022-2023 թթ. ընթացքում Արցախի շրջափակման եւ այնուհետեւ ամբողջական հայաթափման գործընթացի ժամանակ միջազգային կազմակերպությունների եւ ազդեցիկ պետությունների արձագանքը հիմնականում սահմանափակվեց անարդյունավետ հայտարարություններով։ Ոչ մի գործուն մեխանիզմ չգործարկվեց՝ կանխելու համար էթնիկ զտումները եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Ներկայիս լռությունը, որը նկատվում է սահմանային լարվածությունների, Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների եւ ռազմական ճնշումների ֆոնին, կարող է դիտարկվել որպես «կանաչ լույս» նմանատիպ գործընթացների կրկնության համար։

– Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, այդ թվում նաեւ Իրանի մասով, այդ պայմանավորվածությունների արդյունքները ի՞նչ են հուշում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, ի՞նչ մարտահրավերներ կունենա Հայաստանի համար։

– Իմ կարծիքով, երբ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը քննարկում են Իրանի միջուկային կամ անվտանգության հարցերը, այդ բանակցությունների ենթատեքստում շոշափվում են նաեւ հարակից տարածաշրջանները՝ հատկապես, եթե դրանք կարող են դառնալ շահերի բախման կամ փոխզիջման գոտի։ Իրանի շուրջ իրավիճակը ուղղակիորեն անդրադառնում է Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը եւ Իրանը ունեն ռազմավարական նշանակության սահման եւ պատմական խորը կապեր։ Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ ցանկացած զարգացում Իրանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կարող է իր վրա ունենալ թե՛ բացասական, թե՛ դրական ազդեցություն՝ կախված սեփական դիրքորոշումից եւ արտաքին քաղաքական ճկունությունից։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում եւ Իրանի շուրջ զարգացումների պարագայում Հայաստանը պետք է զգոն լինի նաեւ անվտանգության հարցերում։ Ցանկացած լարում կարող է ակտիվացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվությունը՝ փորձելով օգտվել տարածաշրջանային անորոշությունից։ Հատկապես՝ եթե Իրանի ուշադրությունը շեղվի դեպի իր սահմանների պաշտպանությունը այլ ուղղություններով, այսպես կոչված՝ Սյունիքի միջանցքի հարցը կարող է կրկին ակտիվանալ՝ Ադրբեջանի կողմից որպես ռազմավարական պատեհ պահ դիտարկվելով։

Հայաստանի շուրջ ստեղծված բարդ եւ վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է բարձր մակարդակի կոմպետենտ կառավարչական ռեսուրս, ռազմավարական մտածողություն եւ արագ կողմնորոշվելու կարողություն։ Այսօրվա մարտահրավերները բազմաշերտ են՝ սկսած սահմանային անվտանգության խնդիրներից մինչեւ արտաքին քաղաքական ճնշումներ ու դիվանագիտական խրթին իրավիճակներ։

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930