Վաղը Օմանում միջնորդավորված կամ առանց միջնորդի կհանդիպեն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը (Steven Charles Witkoff)։
Հյուրընկալը լինելու է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին։ Միջազգային հանրությունը, տարածաշրջանի երկրները և հատկապես Իրանի հասարակությունը ուշադրությամբ հետևում են այս իրադարձության և դրա արդյունքներին։ Իրանի տնտեսությունը, շուկան և ազգային արժույթը խիստ զգայուն են այս բանակցությունների հանդեպ և սպասողական վիճակում են. հենց միայն բանակցության լուրը պատճառ դարձավ, որ իրանական արժեզրկված ռիալը ԱՄՆ դոլարի հանդեպ մի քանի կետով բարելավվի իր դիրքերը։
Օմանում սպասվող բանակցության նախորդել են ԱՄՆ նախագահ Թրամփի և ԻԻՀ առաջնորդ Խամենեիի նամակագրությունը։ Վաշինգտոնն ու Թեհրանը Իսլամական Հանրապետության հիմնումից ի վեր (1979 թ.) միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Թրամփն իր նամակն ուղարկեց Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների միջոցով, իսկ Իրանը պատասխան նամակ ուղարկեց Օմանի միջոցով. Օմանը նախագահ Օբամայի օրոք ևս միջնորդական առաքելություն է կատարել։
Փորձագետների կարծիքով նամակների փոխանակումը ինքնին դրական քայլ է, քանի որ Թեհրանը Թրամփի առաջին ժամկետի օրոք կատարված դիմումը բանակցելու համար անարձագանք էր թողել. հիշենք նաև, որ իրանցի նշանավոր գեներալ Սուլեյմանին Թրամփի անմիջական հրամանով է սպանվել, իսկ Իրանի ծայրահեղականները Թրամփի մահն են ցանկացել։ Այժմ կողմերը համաձայնվել են հանդիպել Օմանում. Սպիտակ Տունը պնդում է, որ երկկողմ հանդիպումը պետք է լինի իրենց թելադրած երեք կետանոց օրակարգով` այն է Իրանի միջուկային հզորության կասեցում, բալիստիկ հրթիռների արտադրության արգելում և այլ երկրներում ներկայացուցչական ուժերի (պրոքսի) բացառում։
Կարդացեք նաև
Իրանը հանդիպման ձևաչափի մասին հստակ բան չի ասել, բայց շեշտել է, որ պատրաստ է պատժամիջոցների վերացման դիմաց միայն վերանայել իր միջուկային ծրագրերը։ Կողմերը հանդիպումից դեռ շաբաթներ առաջ ուժի ցուցադրություն են կատարել` ԱՄՆ-ն իր հածանավերով ու գերհզոր ռմբակոծիչներով, իսկ ԻԻՀ-ն իր ստորգետնյա հրթիռային քաղաքներով։
Նախագահ Թրամփը հետաքրքիր քայլի դիմելով, փորձեց բավարարել Իսրայելի և ԱՄՆ հրեական լոբբինգի ճնշումները և հրեա վարչապետ Նաթանյահուին Սպիտակ Տուն հրավիրելով, հենց նրա ներկայությամբ գաղտնազերծեց Իրանի հետ սկսվող բանակցությունները` դա համարելով իր հաջողությունը։ Թրամփի քայլը անակնկալ էր նաև իրանցիների համար, որոնց մեկ հատվածը դեռ ԱՄՆ-ին «Մեծ սատանա» է համարում։
Փորձագետներն այն կարծիքին են, որ Նաթանյահուն վերջին երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամը լինելով Վաշինգտոնից ձեռնունայն է տուն վերադառնում. վերջինս միշտ ցանկացել է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ ռազմական գործողությունների, բայց Սպիտակ Տունն այդ խայծը կուլ չի տալիս։
ԱՄՆ-ն չի բացառում նաև ռազմական գործողությունները, բայց իր սպանիչ պատժամիջոցներով քայքայում է Իրանի տնտեսությունը և առանց որևէ փամփուշտ կրակելու մոտենում է իր բաղձալի նպատակներին։ Հետաքրքիր է նաև, որ Թրամփը, ինչպես Ուկրաինայի դեպքում, այստեղ ևս միայնակ է գործում և Եվրոպային հեռու է պահում Իրանի հետ բանակցությունների գործընթացից։
Եվս մեկ կարևոր հանգամանք. Իրանի հետ բանակցության է մեկնում Թրամփի թիմի գործարարների թևի անդամ Վիթքոֆը և ոչ թե պետքարտուղարության կամ Անվտանգային կառույցի ներկայացուցիչ. Թրամփի մեկ այլ ներկայացուցիչ` Վիթքոֆի համախոհ Իլոն Մասկն Իրանին մոտենալու արդեն երկու փորձ կատարել է, նա հանդիպել է ՄԱԿ-ում ԻԻՀ-ի դեսպանին ու նաև Իտալիայի վարչապետի խնդրանքով, օգնել է իտալացի և իրանցի բանտարկյալների փոխանակման։
Վաղը Օմանում հանդիպելու են ԻԻՀ և ԱՄՆ երկու ծանր քաշային պատվիրակներ. մոտ քառասուն տարվա դիվանագետ, քաղաքագիտության դոկտոր Արաղչին և ավելի քան քառասուն տարվա հաջողակ գործարար, իրավագիտության դոկտոր Վիթքոֆը։
Արաղչին եղել է դեսպան Ֆինլանդիայում և Ճապոնիայում, ԱԳՆ-ում աշխատել է որպես մամլո խոսնակ, վարչության պետ, նաև Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման համապարփակ ծրագրի (Վիեննա-2015) բանակցող թիմի անդամ։
Վիթքոֆը Թրամփի 42 տարվա ընկերն է, նրա խորհրդականը. նախագահի հատուկ պատվիրակն է Գազայի և Ուկրաինայի բանակցություններում և որպես Թրամփի անձնական ներկայացուցիչ մինչ այժմ երեք անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Պուտինին։
Վիթքոֆը հրեա է, նրա հայրական պապն ու տատը ԱՄՆ են եկել Ռուսաստանից։ Վիթքոֆն Օման մեկնելու ճանապարհին այսօր բանակցություններ է վարել նաև Մոսկվայում։
Փորձագետների կարծիքով վաղը Օմանում ոչ մի մասնագիտական հարց չի քննարկվի, այլ հաջողության դեպքում կմշակվի գործողությունների ժամանակացույց և ճանապարհային քարտեզ։
Տիգրան Դավուդյան