Լրահոս
Օրվա լրահոսը

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին

Ապրիլ 11,2025 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը դատական նիստերին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելն է։

Նախագծով առաջարկվում է տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, մեղադրյալի կամ վարույթի այլ մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցագործությունների կանխման, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման համար։

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխող չափանիշները։ Տեսակապով մեղադրյալի մասնակցությունը ապահովելու դեպքում պետք է երաշխավորվեն հետևյալ նվազագույն պայմանները՝

1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը պետք է հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց,

2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում պետք է խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան,

3) մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի դատական նիստերի դահլիճները, քրեակատարողական հիմնարկները, ձերբակալվածներին պահելու վայրերը կահավորել համապատասխան տեխնիկական միջոցներով՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաև վերապատրաստել դատավորներին՝ ապահովելու համար տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ կարողությունների առկայությունը։

Մի շարք պետություններում (Իտալիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Ռուսաստան, Վրաստան) քրեական դատավարությունում անհրաժեշտության դեպքում կիրառվում է մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով ապահովելը։

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մինչև ապրիլի 26-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով։

Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930