Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անակնկալ է սպասվում Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման օրը

Ապրիլ 11,2025 20:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին պաշտոնապես վերաբացվում է, վերանորոգումը տվել է շուրջ 4 տարի: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշեց, որ պատկերասրահի վերաբացման օրը խորհրդանշորեն համընկնում է աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան օրվա հետ: «Այդ օրը միջոցառման ընթացքում պատկերասրահը առաջին անգամ կցուցադրի արվեստագետի հետ առնչվող մի կարևոր նմուշ: Ավելին ասել չեմ ուզում, թող անակնկալ լինի այցելուների համար»,- հավելեց տիկին Հակոբյանը:

Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի պատասխանատու Նարա Եփրեմյանն էլ հետեւյալը հավելեց. «Հատկապես մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողների համար չափազանց հետաքրքիր պետք է լինի՝ դառնալ պատկերասրահի վերաբացման օրը հայ եւ համաշխարհային արվեստը ներկայացնող սրահների առաջին այցելուն: Այդ օրը մշտական ցուցադրության մի քանի սրահներում ներկայացված գլուխգործոցներին առաջինը հենց լրագրողներն են ծանոթանալու: Շրջայցի ավարտին գործընկերներս հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենին, որն էլ կանցկացնի շրջայցը լրագրողների համար»:

Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադեւոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների, իտալական վերածննդի եւ բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կայքէջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930