Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու կասկածանքով սկսել են ուսումնասիրել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթիի նախկին համայնքապետ Թորգոմ Սահակյանի` (Ախուրյան համայնքի ներկայիս ավագանու անկախ անդամ) 2016 թվականին կատարած հողահատկացումներից մեկը։
Ոստիկանությունը փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ նախկին համայնքապետը իր պաշտոնավարման ընթացքում իշխանական և ծառայողական լիազորությունները ու դրանցով պայմանավորված ազդեցությունը ի վնաս համայնքի շահերի օգտագործելով՝ ձևական փաստաթղթեր է շրջանառության մեջ դրել, որոնք իբրև ընդունվել են ավագանու նիստերի արդյունքում կայացած որոշումների հիման վրա, ու այսպիսով 2016 թվականին համայնքային սեփականություն հանդիսացող 5․083․65 հա մակերերսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը ուղղակի վաճառքով օտարել է վարձակալ Գագիկ Մերուժանի Ադամյանին։ Մեկ հեկտարը օտարել է 90 հազար դրամով։
Գագիկ Ադամյանն այդ տարածքում կառուցել է «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրը։
Ոստիկանությունը պարզել է, որ նշված ժամանակահատվածում Քեթիի ավագանու անդամներ հանդիսացող Սլավիկ Խաչատրյանը, Ռազմիկ Սահակյանը և Արտյոմ Մանուկյանը հիշյալ հողատարածքի օտարմանը վերաբերող որևէ ավագանու նիստի չեն մասնակցել, հետագայում ստորագրել են համայնքապետ Թորգոմ Սահակյանի հորդորով՝ առանց բովանդակությանը ծանոթանալու։
Կարդացեք նաև
Թորգոմ Սահակյանի պաշտոնավարման ընթացքում որպես հարկային գործակալ հանդիսացած Անահիտ Պետրոսյանը գյուղապետի ցուցումով կազմել է հիշյալ հողատարածքը աճուրդային կարգով վարձակալության հանձնելու, իբրև կայացած մրցույթում Գագիկ Ադամյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ արձանագրություններ, որոնք իրականում տեղի չեն ունեցել։
Նախկին գյուղապետի հիշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 8․599․236 դրամի նյութական վնաս։
Հաղորդումներ են ընդունվել Ռ․ Խաչատրյանից, Ռ․ Սահակյանից, Ա․ Մանուկյանից և Ա․ Պետրոսյանից։