«Դատարանի որոշումը սպասելի էր, բայց ինձ համար ավելի սպասելի էր, որ Ալբերտ Առստամյանի գործով հանրային մեղադրողը մինչեւ վերջին դատական նիստը կհրաժարվի առաջադրված մեղադրանքից: Այնուամենայնիվ, մեղադրողը չհրաժարվեց ,ու դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրեց արդար դատական ակտ՝ արդարացնելով Ալբերտ Առստամյանին:
Արման Հովհաննիսյանը ցույց տվեց ոչ միայն իր մասնագիտական կարողությունները, այլեւ, որ հավատարիմ է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը: Նա նաեւ ցույց տվեց, որ Հայաստանում կարող է գործել ազատ կարծիք արտահայտելու իրավունքը»,- այսօր արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի վերաբերյալ դատարանի արդարացնող վերդիկտի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Առստամյանի պաշտպան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր հրապարակվեց արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի վերաբերյալ վերդիկտ: Ըստ որի՝ դատարանը ապացուցված չհամարեց մեղսագրվող հանցակազմի առկայությունը եւ ընդունեց արդարացնող վերդիկտ:
Հիշեցնենք նաեւ, որ 71 ամյա Ալբերտ Առստամյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր էր նետել:
Կարդացեք նաև
Ռոման Երիցյանի խոսքով դատարանի կողմից նշանակված լրացուցիչ դատալսումների ընթացքում Ալբերտ Առստամյանին պարզաբանվելու է նրան պատճառած վնասի հատուցման իրավունքը. «Նյութական առումով Ալբերտ Առստամյանին վնաս է պատճառվել այնքանով , որքանով, որ նա կրել է դատական ծախսերը…Ալբերտ Առստամյանը կրել է նաեւ բարոյական վնաս: Այս հարցերը կպարզաբանվեն եւ հետագայում այդ հարցերի մասին կխոսենք »:
Պաշտպանը վստահ է՝ դատախազությունը կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը, որովհետեւ, ըստ նրա, եթե բողոքարկող չլիներ, ապա արդեն հրաժարված կլիներ աբսուրդի հասնող այս մեղադրանքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ