«Դե ինչ ասեմ, շնորհակալություն»,- այսօր իր վերաբերյալ դատարանի արդարացնող վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր հրապարակվեց արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի վերաբերյալ վերդիկտ: Ըստ որի՝ դատարանը ապացուցված չհամարեց մեղսագրվող հանցակազմի առկայությունը եւ ընդունեց արդարացնող վերդիկտ:
Հիշեցնենք նաեւ, որ 71 ամյա Ալբերտ Առստամյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր էր նետել:
«Մի քիչ անհանգիստ էի այսօր: Մտքովս չի անցել, որ դատարանը կարդարացնի»,- շարունակեց Առստամյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իր արարքի համար չի փոշմանել ու ներկայացրեց արարքի շարժառիթը. «Որ խնձոր եմ նետել, դա եղել է բողոքի ակցիա իմ կողմից: Մայրիկիս ծնունդն էր, հեռուստացույցով նայեցի, տեսա՝ հեծանիվից իջնում է, խաշլամա է ուտում, ինչ է անում: Ալիքը փոխեցի, դուրս եկա բալկոն, տեսա՝ կանգնած է, ջղայնացա: Ճիշտն ասած՝ կարտոշկան չճարեցի, խնձորը մոտիկ էր, խնձոր նետեցի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ