Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ մարդու նման պետք է արցախցիների պահանջի կողքին լինենք, որովհետեւ այն նաեւ ՀՀ անվտանգությանն է վերաբերում․ չկա Արցախը, ամեն օր Հայաստանի վրա կրակոցներ են»

Ապրիլ 11,2025 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն խնդիրները, որոնք արցախցիները բարձրացնում են, նաեւ սոցիալական են, բայց խիստ փոխկապակցված են իրենց ամբողջական իրավունքների իրացման հետ։ Եվ իշխանությունը ջանք չի խնայում այս շարժումը կամ այս պահանջները վերաձեւակերպել որպես սոցիալականի։ Իրեն անօտարելի իրավունքն է իրենց հայրենիքում ապրելու՝ վերադառնալու իրավունքը։ Իսկ ինչո՞ւ են սոցիալական պահանջներ հնչում, որովհետեւ նրանք պիտի կարողանան այդ ժամանակահատվածում ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ինչպե՞ս պիտի ապրեն, եթե իրենք տնավեր են, տուն են կորցրել, հող են կորցրել, աշխատանք են կորցրել»,-Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ իրավունք չունենք նույն հարթության վրա դնել արցախցիների սոցիալական խնդիրներն ու հայաստանցիների սոցիալական խնդիրները։ «Եվ շատ խնդրում եմ մեր սիրելի հայրենակիցներին երբեք թույլ չտալ, որ իշխանական քարոզչամեքենան ձեզ վրա աշխատի։ Մենք բոլորս մի հայրենիքի տեր ենք, եւ եկեք մեր հայրենակիցների պահանջի կողքին լինենք մի մարդու նման, որովհետեւ այդ պահանջը նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն է վերաբերում։ Մենք բոլորս տեսանք՝ ինչ է կատարվում ՀՀ հետ, երբ կորցրեցինք Արցախը․ ամեն օր Հայաստանի վրա կրակոցներ կան»,- հավելեց նա։

Այսօրվա հանդիպման ժամանակ Մանե Թանդիլյանն ասել էր, որ լուծումների մեխանիզմներ են ներկայացնելու արցախցիներին։ Մեր հարցին, թե ի՞նչ լուծումներ են առաջարկել, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Մինչեւ ընտանիքը չապահովվի բնակարանով կամ դրա հնարավորությամբ, չպետք է զրկվի սոցիալական աջակցությունից։

Կառավարությունը փաստարկ է բերում, թե մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող արցախցիներ կան։ Լսեք, այդ մարդկանց թիվը մատների վրա կարելի է հաշվել, 7-8 հոգի նման մարդու տեղ իմանալով՝ մնացած 120-130 հազար մարդուն զրկում ես տարրական կենցաղային պայմաններ ապահովելու հնարավորությունից, սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Եվ եթե կան այդպիսի մարդիկ, եկեք սահման դնենք՝ 1 մլն-ից ավելի եկամուտ ստացողը, այո, 40+10 հազար ծրագրի կարիքը չունի։ Բայց այդպիսի մարդկանց մատների վրա կարելի է հաշվել։ Դու չես կարող ծրագիր մշակել, որովհետեւ կան մի քանի հոգի այն հարթության վրա։ Խնդիր է նաեւ այն, որ իրենք բնակարանային ծրագրի փուլային ներդրում են կատարում, բայց 40+10 հազար ծրագիրն ընդհատում եմ մեկ օրում՝ ապրիլի մեկից։ Բազմաթիվ են այսպիսի խութերը, հետեւաբար, այո, լուծումները կան»։

Մանե Թանդիլյանը նաեւ ասաց, որ արցախցիների քաղաքական ու իրավական պահանջներն էլ են իրագործելի, այդ թվում՝ վերադարձի հարցը, եթե իրենց ներկայությունն այստեղ կարողանանք արժանապատվորեն ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930