2025 թվականի ապրիլի 6-ից 21-ը, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնել է կրթական ուղևորություն դեպի Դուբայ՝ ուղղված Հայաստանի երաժշտական դպրոցների պատանի երաժիշտների և ուսուցիչների մասնագիտական աճին, զարգացմանը ու միջազգային համագործակցության խթանմանը։
Այս բացառիկ կրթական նախաձեռնության էքսկլյուզիվ հովանավորն է GTB Holdings ընկերությունը՝ ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությունը հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ձեռք բերել նոր փորձ, գիտելիքներ, ինչպես նաև զարգանան համաշխարհային մշակութային միջավայրում։
Ուղևորությունը դեռ ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ, ընդամենը առաջին երեք օրերի ընթացքում, մասնակցիներն ունեցել են հագեցած, բազմաբովանդակ օրեր՝ լի ստեղծագործական բացահայտումներով և մշակութային ոգեշնչմամբ։
Հայ պատանի երաժիշտները Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy – MECMA) շրջանակում մասնակցում են անհատական վարպետության դասերի և դասախոսությունների՝ համաշխարհային մակարդակի երաժիշտների կողմից։
Կարդացեք նաև
Այս օրերին արդեն 14 պատանի երաժիշտ մասնակցել է ընդհանուր 19 անհատական վարպետության դասերի, որոնց շրջանակում իրենց փորձն ու մասնագիտական գիտելիքներն են կիսել դաշնակահարներ Ջուլիանո Մացոկանտեն և Ալբերտ Մամրիևը, շեփորահար Վիկտոր Կալդերան, գալարափողահար Նիշիկավա Յույան, ֆագոտահար Դանիել Օրտունյոն։ Սա պատանի երաժիշտների համար անփոխարինելի հնարավորություն է՝ սովորել միջազգային ճանաչում ունեցող լավագույն արտիստներից։
Ուղևորության կարևոր բաղադրիչներից է նաև InClassica միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում մասնակիցները ներկա են գտնվում շքեղ համերգների՝ անցկացնելով երեկոները «Դուբայ օպերա»-ում։ Երեք օրերի ընթացքում նրանք արդեն ունկնդրել են հիանալի համերգներ։
«Դուբայ օպերա»-ի բեմում փայլել են Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Կոնրադ Վան Ալֆենի ղեկավարությամբ և ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնիի մասնակցությամբ։ Հաջորդ համերգային երեկոն առանձնացել է թավջութակահար Էդգար Մորոյի հիանալի ելույթով՝ Ֆրանց Շուբերտ Ֆիլհարմոնիայի և դիրիժոր Թոմաս Գրաուի հետ։ Իսկ մեկ այլ ուշագրավ երեկո բեմում է եղել հանրահայտ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը՝ կրկին Տոկիոյի ֆիլհարմոնիկի նվագակցությամբ և դիրիժոր Լիոնել Բրենգյեի ղեկավարությամբ։
Ուղևորությունը դեռ շարունակվում է․ առջևում են նոր հանդիպումներ, բազմաթիվ վարպետության դասեր, նոր համերգներ և շփումներ, որոնք անկասկած կդառնան հայ երիտասարդ երաժիշտների կյանքի կարևոր և հիշարժան օրերից։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ