Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հրաժարվում է խոնարհվել․ ուղերձ միջազգային հանրությանը․ Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԵԽՎ-ում

Ապրիլ 11,2025 17:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԵԽՎ-ում

Հարգարժա՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,

Ավելի քան 50 պետություններ և միջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը։ Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետև հայկական կողմի գլխավոր բանակցողի ենթադրյալ «համարձակ զիջումները» բարի կամքի դրսևորումից անդին են և նման են դավաճանության։

Բայց մենք՝ հայ ժողովուրդը, իր հետ մեր խնդիրն ինքներս կլուծենք։ Ես ուզում եմ խոսել միջազգային հանրության մասին։

Շատ դժվար է լինելու այդ հայտարարություններով պաշտպանել մեր քաղաքացիներին Ադրբեջանից արձակված գնդակներից և արկերից։ Ողջույնի այդ խոսքերը, ավաղ, չեն ավելացնելու մեր զինվորների պաշտպանունակությունը՝ դիմագրավելու ադրբեջանական ագրեսիաներին։
Այդ հայտարարությունները տուն չեն վերադարձնի Բաքվում պահվող անմեղ հայ պատանդներին և չեն կանխի նրանց դեմ իրականացվող նվաստացուցիչ դատավարական շոուները։ Ինչո՞ւ եմ ես այդքան թերահավատ։

Որովհետև ադրբեջանական զինված ուժերը յուրաքանչյուր օր կրակում են Հայաստանի սահմանին։
Որովհետև յուրաքանչյուր օր Ադրբեջանից մենք լսում ենք ագրեսիվ հռետորաբանության նոր չափաբաժին։

Որովհետև իմ հայրենակիցները հենց այս պահին տառապում են Բաքվի բանտերում։
Բայց սա ամենը չէ։

Ադրբեջանը պահանջում է, որ մենք փոխենք մեր Սահմանադրությունը, լուծարենք միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը, և Աստված գիտի՝ էլ ինչեր. ամեն օր նոր անհեթեթ պահանջներ առաջ քաշվում։

Ի լրումն, օրեր առաջ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել ՄԻԵԴ-ի վճիռները։ Ավելի վաղ այս տարի Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրում վերջինիս գրասենյակը փակելու որոշման մասին։
Հիշեցնում եմ, որ Կարմիր խաչը միակ միջազգային կազմակերպությունն էր, որին թույլատրված էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին։ Այսպիսով՝ նրանք մնում են դեմառդեմ բռնապետի քմահաճույքներին։
Ուստի, միջազգային հանրությունը, աշխարհն ունի երկու տարբերակ՝ կա՛մ կարգի հրավիրել Իլհամ Ալիևին, կա՛մ խոնարհվել նոր հեգեմոնի առաջ։ Ես հրաժարվում եմ խոնարհվել բռնապետի առաջ։ Հայաստանը հրաժարվում խոնարհվել։
Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել։ Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար և հարատև խաղաղություն։ Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն։

Եվ եթե դուք հարցնեք, թե մենք ինչպես հասանք այս իրավիճակին, թե որոնք են Հարավային Կովկասում ներկա իրադրության պատճառները, թերևս դուք պետք է նայեք ավելի լայն դիտանկյունից։ Հարցի արմատները շատ ավելի խորն են, քան կարող եք պատկերացնել։

Ես համոզված եմ, որ եթե աշխարհը պատասխանատվության ենթարկեր Թուրքիային 110 տարի առաջ իրականացրած Հայոց Ցեղասպանության համար, ապա Ադրբեջանը երկու անգամ կմտածեր նախքան 2023 թվականին էթնիկ զտումներն իրականացնելը։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930