Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականության իրավունքի պաշտպանության ՄԻԵԴ վճիռները՝ Բուլղարիայի և Հայաստանի դատական պրակտիկայի ֆոնին. «Լույս» հիմնադրամ

Ապրիլ 11,2025 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2023-2024թթ. կայացրել է մի շարք վճիռներ ընդդեմ Բուլղարիայի՝ անդրադառնալով սեփականության իրավունքների խախտումներին, որոնք հիմնված են եղել ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագանձման վերաբերյալ 2005 և 2012 թվականներին ընդունված օրենքների կիրառման վրա: Եվրոպական դատարանի այդ վճիռների հիմքում ընկած է 2021թ. «Տոդորովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» գործով ուղենիշային վճիռը, որին մանրամասն անդրադարձ է կատարվել «Լույս» հիմնադրամի առանձին վերլուծությամբ։ Այս վճիռները կարևոր ուղերձ են ոչ միայն Բուլղարիայի, այլև այլ երկրների համար՝ այդ թվում Հայաստանի, որոնք կիրառում են ապօրինի ակտիվների բռնագանձման օրենքներ, քանի որ դրանք ընդգծում են, որ նման կարգավորումները պետք է համատեղելի լինեն մարդու իրավունքների պահպանման միջազգային ստանդարտների հետ:

ՄԻԵԴ-ը, մասնավորապես, քննադատել է 2012թ. Բուլղարիայի օրենքով նախատեսված կարգավորումները՝ նշելով, որ գույքի բռնագանձում իրականացնելիս օրենքը չի սահմանում համապատասխան գույքի և ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև որևէ պատճառահետևանքային կապի հաստատման պահանջ:

«Յորդանովը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» (2023թ. սեպտեմբերի 26) և «Մանդևը և մյուսներն ընդդեմ Բուլղարիայի» (2024թ. մայիսի 22) գործերով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ բռնագանձման գործընթացներում բուլղարական դատարանները հաճախ չեն կարողացել ներկայացնել հիմնավորումներ այն մասին, թե ինչպես են վիճելի ակտիվները կապված եղել հանցավոր կամ անօրինական գործունեության հետ: ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Բուլղարիայի դատարանները պետք է սահմանեն գույքի և ենթադրյալ իրավախախտումների միջև կապը և ցույց տան, որ գույքը եղել է հանցավոր վարքագծի արդյունք: Հակառակ դեպքում, նման բռնագանձումները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) պահանջներին:

ՄԻԵԴ-ը կրկին ընդգծել է, որ սեփականության իրավունքին ցանկացած միջամտություն պետք է ապահովի արդար հավասարակշռություն հանրային և անհատական շահերի միջև՝ ընդգծելով ներպետական դատարանների պարտականությունը՝ հաստատելու պատճառահետևանքային կապը գույքի և հնարավոր իրավախախտումների միջև:

Չնայած ՄԻԵԴ վճիռներում արտացոլված այդ պարտադիր պահանջին, Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում դատարանները շարունակաբար անտեսում են այն: Դատարանները, որպես կանոն, ելնում են այն բանից, որ Հայաստանի օրենքը թույլ է տալիս գույքը բռնագանձել առանց գույքի ձեռքբերման և հանցավոր գործունեության միջև կապը հաստատելու հանգամանքի: Դատարանների նման գործելակերպը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի այն հստակ պահանջին, ըստ որի. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»: ՄԻԵԴ 2021թ. Տոդորովի գործով ուղենիշային վճիռը, որը վերահաստատվել է ՄԻԵԴ 2023-2024թթ. կայացված վճիռներով, չի սահմանափակվում միայն Բուլղարիայի 2005թ. և 2012թ. օրենքների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ մեկնաբանություններով, այլ արձանագրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում բոլոր այն դեպքերում, երբ տվյալ պետությունը ապօրինի գույքի բռնագանձման վարույթում չի հաստատում հանցագործության և դրա արդյունքում ստացված ապօրինի գույքի միջև պատճառահետևանքային կապը: Ակնհայտ է, որ Հայաստանի դատարանների կողմից այդ կապի անտեսումը հիմք է դառնալու ՄԻԵԴ-ում այդ որոշումները կոնվենցիայի խախտում ճանաչելու համար:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930