Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպում են անցկացնում «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հանդիպման ժամանակ ասաց, որ արցախցիների սոցիալական եւ արժանապատիվ ապրելու հարցերը նրանց հավաքական իրավունքի մի մասն են։
«Ուզում եմ ընդգծել, որ արցախցիների՝ Հայաստանում արժանապատիվ ապրելու պարագայում է միայն հնարավոր Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանությունը, առհասարակ հարցին հետեւողականություն տալու հնարավորությունը։ Եվ ինձ համար շատ կարեւոր է, որ արցախցիները մնան Հայաստանում։ Եվ դրա համար ինչ անհրաժեշտ միջոց կա, եւ կառավարությունը, եւ հայ ժողովուրդը, բոլորդ պետք է հանձնառու լինենք։ Մենք տեսել ենք, թե ինչ բաց սրտով է հայ ժողովուրդն ընդունել արցախցիներին։ Եվ արհեստածին որեւէ հանգամանք չի կարող ստվեր նետել այս հարազատության վրա։ Բայց այն, ինչ մենք տեսնում ենք որպես քաղաքականություն, այս պահին շատ դժվար կացության մեջ է դնում արցախցիներին։ Ինձ համար՝ որպես նախկինում Արցախում սոցապ նախարար աշխատած անձի, շատ պարզ է, թե ինչու պիտի սոցիալական խնդիրները չտարանջատվեն Արցախ վերադառնալու իրավունքից, ձեր բազմաթիվ իրավունքներից։ Մինչեւ կեցության հարցը չլուծվի, մարդիկ կանգնելու են բազմաթիվ սարսափելի խնդիրների առաջ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ Մանե Թանդիլյանի՝ արցախցիների աջակցության ծրագիրը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցի ընտանիքները չեն ապահովվել բնակարաններով ու կեցության պայմաններով։ Այդ թվում՝ պետք է աշխատանքով ապահովվեն։ Թանդիլյանը նշեց, որ այսօրվա հանդիպման համար լուծումների մեխանիզմներ կառաջարկեն արցախցիներին։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ ասաց, որ այս իշխանությունները միայն աղետ են ստեղծում։ «Հետեւաբար, գնահատենք իրավիճակը, որ այս իշխանություններից ինչ-որ մեծ սպասելիքներ չունենք։
Արցախցիների ներկայացրած բոլոր կետերի հետ մենք համակարծիք ենք եւ մեր քաղաքականությունն ուղղված է դրանց իրականացմանը, բայց դրանց իրականացման նախապայմանն իշխանության հեռացումն է։ Բայց մյուս կողմից հասկանում ենք, որ սոցիալական խնդիրները չեն կարող սպասել։ Սոցիալական խնդիրների ամենամեծ հետեւանքը արտագաղթն է։ Մեզ համար ամենամեծ ցավն արցախցիների՝ Հայաստանից հեռանալն է, որը նաեւ հետագա մյուս խնդիրների համար մեր ռեսուրսը փոքրացնում է։ Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ երբ կա պահանջատիրություն ու պայքար, իշխանությունը միշտ զիջում է»,- նշեց Առաքելյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ