Լրահոս
Օրվա լրահոսը

Մենապարողիս տարիների փորձը յուրատեսակ խթան էր բալետի արտիստների վերականգնման գործընթացը ուսումնասիրելու համար, հենց այդ թեմայով էլ դիսերտացիա եմ գրել. պրեմիեր պարող Դալեր Զապարով

Ապրիլ 11,2025 17:51

Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային բեմադրության (բեմադրող- խորեոգրաֆ Վ. Գալստյան, դիրիժոր Հ. Արզումանյան) խաղացանկային հերթական ներկայացումն էր, որտեղ Արբենինի դերապարով առաջին անգամ հանդես եկավ Զաքարիա Փավլիաշվիլիի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի պրեմիեր պարող Դալեր Զապարովը:

Դալեր Զապարովը Երևանի թատրոնում՝ Արբենինի կերպարում

Հանդիսատեսի հետաքրքրությունը մեծ էր, դահլիճը` sold out: Իսկ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ անցյալ տարի Թումանյանի անվան այգում «Երևան բալետ ֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում այս արտիստը՝ հանդես գալով Բազիլի կերպարով Մինկուսի «Դոն -Կիխոտում», գրավել էր հանդիսատեսին իր թե կերպարային, և թե պարային վարպետությամբ:

Հրաշալի էր նաև Արբենինի ներկայացրած նրա կերպարը: Ներկայացումից հետո, ինչպես և սպասվում էր, ծափողջյունները շատ ուշ դադարեցին և քանի որ գիշերն արդեն պետք է մեկներ, մեզ քիչ ժամանակ էր մնում արտիստի հետ հարցազրույց վարելու:

-Դալեր, ընդունեք նաև մեր շնորհավորանքները Արբենինի դերապարի առաջին բեմելի առիթով: Գիտենք, որ «Դիմակահանդեսը» Վրաստանի թատրոնում դեռ չի բեմադրվել, ուրեմն որտե՞ղ սովորեցիք դերապարը, ո՞ր փորձավարների օգնությամբ և այլն:

– Խաչատրյանական այս հրաշալի ներկայացման մասին, առիթի դեպքում, մինչ օրս խոսվում է թե մեր թատրոնում, թե հանդիսատեսի շրջանում: Սա այն դեպքում, երբ 2023թ. «Համաշխարհային աստղերը Թբիլիսիում» միջազգային փառատոնի երեկոներից մեկում ներկայացվել էր այս բալետից ընդամենը հատված ձեր բալետի աստղերի` Մերի Հովհաննիսյանի և Ռուբեն Մուրադյանի մեկնաբանմամբ:

Արտիստը Ռուբեն Մուրադյանի հետ

Ցավոք, այն ես չեմ դիտել, քանի որ երկրորդ թատերաշրջանն է, ինչ հանդես եմ գալիս Թբիլիսիի թատրոնում: Ինչ վերաբերում է դերապարը սովորելուն, ձեր թատրոնում իմ փորձավարներն էին Արբենինի կերպարը փայլուն մարմնավորող Ռուբեն Մուրադյանը և Էլվիրա Մնացականյանը, ի դեպ, այստեղ իմացա, որ Էլվիրան ժամանակին եղել է ձեր թատրոնի պրիմա պարուհին:

Արտիստը Էլվիրա Մնացականյանի հետ

Մինչ Երևան այցս էլ ինձ ձեր թատրոնից ուղարկել էին «Դիմակահանդեսի» տեսանյութը: Այս առիթը, թույլ տվեք բաց չթողնել և շնորհակալությունս հայտնել ինչպես իմ փորձավարներին, այնպես էլ ողջ բալետային խմբին, նվագախմբին, երգչախմբին, մաեստրո Արզումանյանին և ընդհանրապես, ներկայացումն ապահովող կազմին:

– Բազում դերապարերով եք հանդես եկել, հետաքրքիր է՝ ինչո՞վ է առանձնանում, կամ գուցե կարևոր այս դերապարը ձեզ համար:

-Արդեն 32 տարեկան եմ և հասկանալի պատճառով՝ քիչ է մնացել ստեղծագործական կյանքս ավարտելուն: Այս տարիքում ցանկություն ունեմ պարել, ներկայացնել ավելի շատ դրամատիկ կերպարներ: Արբենինը նման կերպարների փայլուն օրինակ է: Իր էմոցիաներով մոտ է մեր ժամանակներին: Այստեղ պետք է ավելի շատ ներկայացնես քո ներքին իրավիճակը, ինչը շատ կարևոր է կերպարում, իսկ տեխնիկական մասը, կարելի է ասել` երկրորդ պլան է մղվում: Արբենինը, ինչպես գիտեք հասուն տղամարդ է իր աշխարհահայացքով, բայց ամուր կապված լինելով իրեն շրջապատող մարդկանց, նա փաստորեն հեշտությամբ, կամ գուցե երկար չմտածելով հավատում է բամբասանքներին, թունավորում է անմեղ կնոջը, վերածվելով սովորական մարդասպանի, վերջում էլ խելագարվում է:

-Հետաքրքիր է արտիստի կյանքը: Տարբեր հոգեվիճակներ, ինչու ոչ` տարբեր կյանքեր է պետք ներկայացնել ընդամենը ժամերի ընթացքում, և որ ամենակարևորն է` ներկայացնել այնպես, որ հանդիսատեսը հավատա:

-Իսկապես: Շուրջ երկու ժամերի ընթացքում ապրում ես կերպարիդ ողջ կյանքը, ստացվում է քեզ համար, քո դեպքում ևս մեկ կյանք ես ապրում:

-Եվ քանի՞սն են ձեր մինչ օրս ապրած կյանքերը:

-Օ~, շատ: Բայց չեք պատկերացնի, թե ինչ հետաքրքիր, տարբեր, ուրախ ու տխուր, երջանիկ ու դժբախտ…

-Եվ այս կյանքերն ապրել ու շարունակում եք ապրել մեկ վայրում` թատրոնում:

– Ճիշտ եք: Մեր մասնագիտության մեջ առօրյա չկա, հենց դա է մեր կյանքը, որտեղ կայանում են մեր աշխատանքը, փորձերը… Մեծ հաշվով մեր կյանքը ներկայացումները վայելելու մեջ է: Բայց այստեղ մի չերևացող, իմ համոզմամբ գլխավոր մի բան կա: Այն հետևյալն է`տեղի է ունենում էներգիայի փոխանակում հանդիսատեսի հետ, ինչը դու տալիս ես և ստանում:

-Դալեր, գիտենք, որ ուսանել եք, բեմ բարձրացել տարբեր երկրներում, երկարատև պայմանագրով աշխատել Կորեայում: Նկատի ունենք Ղազախստանը, Ռուսաստանը, որտեղ Վագանովայի դպրոցն է իշխողը, իսկ Կորեայում…

-Առաջին հերթին Ալմաթիի քոլեջի շրջանավարտ եմ, որից հետո ընդունվել եմ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի բակալավրիատ: Հետո աշխատանքի եմ անցել Միխայլովյան թատրոնում, Սանկտ-Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի թատրոնում: Այնուհետև ճակատագիրն ինձ նետեց Հարավային Կորեա, որտեղ աշխատեցի Universal Ballet Company-ում, որը Սեուլի երկրորդ կարևոր թատրոնն է իրենց ազգային թատրոնից հետո:

Մենապարողիս տարիների փորձը յուրատեսակ խթան էր բալետի արտիստների վերականգնման գործընթացը ուսումնասիրելու համար, հենց այդ թեմայով էլ դիսերտացիա եմ գրել:

Ինչ վերաբերում է ղազախական, ռուսական և կորեական բալետային դպրոցներին, պետք է նշեմ, որ դրանց միջև կա և նմանություն և տարբերություն, նախ մարդկանց մտածելակերպի, բնավորության մեջ, ինչն այս կամ այլ կերպ արտացոլվում է բեմում:

Ինչպես ճիշտ նշեցիք` դպրոցը մեծ հաշվով մեկն է, բոլորը սովորում են վագանովյան մեթոդաբանությամբ: Ղազախական և ռուսական դպրոցները տալիս են ներկայացման գրեթե միասնական դինամիկա, չնայած դրանք, այնուամենայնիվ տարբեր են: Կորեական դպրոցն ավելի շատ կենտրոնացած է տեխնիկայի վրա, նույնիսկ ներգրավում եմ ակրոբատիկ տարրեր: Ասեմ, որ Կորեայում բալետը երիտասարդ է, ոչ ավելի քան 70 տարեկան:

– Զրույցի սկզբում ասացիք, որ քիչ է մնում ձեր բեմական կյանքի ավարտին: Արդեն, հավանաբար գիտեք, թե ինչով եք զբաղվելու դրանից հետո, գուցե մանկավարժությամբ, կամ ինչու ոչ` բիզնեսով:

-Կուզեի Թբիլիսիում, կամ Ալմաթիում հիմնել վերականգնողական կենտրոն սպորտսմենների և արտիստների համար: Եվ ի վերջո` ամուսնանալ (ժպտում է)…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում` Դալեր Զապարովը տարբեր թատրոններում՝ տարբեր կերպարներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930