Բրատիսլավայում այսօր պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները:
Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից երեքը մեկնարկել են հաղթանակով եւ երեկոյան գոտեմարտերը կշարունակեն կիսաեզրափակիչ փուլում:
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը 9:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել թուրք Էմրե Մութլուի նկատմամբ եւ հաջորդ գոտեմարտում հանդիպելու է ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգում պայքարը սկսել է քառորդ եզրափակչում եւ 8:0 «չոր» հաշվով առավելության է հասել լեհ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Կարենի մրցակիցը լինելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Սեմենչուկը:
Կարդացեք նաև
Գերազանց մարզավիճակում է 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, որը նախ միավորների 9:0 տարբերությամբ պարտության է մատնել լեհ Մաթեուշ Բերնատեկին, ապա 7:2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեյի նկատմամբ:
Այսօր երեկոյան մրցահերթում Մալխասը եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Հայկ Մնացականյանի հետ:
Մեր տղաներից 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը առաջին գոտեմարտը տանուլ են տվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ