«Մեր կազմակերպությունը տասնամյակների աշխատանքի ընթացքում միշտ եղել է Արցախի կողքին։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Արցախում և Արցախի համար։ Այս աղետալի ժամանակներում չէինք կարող անմասն մնալ այս ամենից։ Արցախցիներն ու Արցախը մեր հայրենիքի ու ժողովրդի անբաժանելի մասն են։ Այդ տրամաբանությամբ անկարելի է հեռու մնալ այս ամենից»,-Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ Ազատության հրապարակում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։
Նա վստահեցրեց՝ արցախցիների ու Արցախի կողքին են․ «Որևէ նորմալ հայ, ազգային գիտակցությամբ հայ չի կարող անտարբեր մնալ և պետք չէ անտարբեր մնա արցախցիների խնդիրներին։ Միշտ չէ, որ ականատես ենք այդ փաստին։ Որպես բնական, նորմալ, ադեկվատ հայեր՝ պետք է ոչ միայն արձագանքենք, այլև զորավիգ լինենք։ Խորհրդակցության և քննարկման արդյունքում մենք մեր զորակցությունը հայտնեցինք այս շարժմանը։ Կրկին հավաստիացրինք, որ մենք արցախցիների ու Արցախի կողքին ենք, պատրաստակամություն հայտնեցինք օժանդակելու այս շարժմանը, ինչը մեր գործունեության ընթացքում այսօր արդեն անում ենք։ Եթե կան որոշ ուղղություններ, որոնց վրա դեռ կարելի է աշխատել, կրկին պատրաստ ենք այս ամենով զորավիգ լինել այս շարժմանը»։
Հարցերին՝ այս ձևաչափը հաջողության կհանի՞, եթե կառավարությունն ականջալուր չլինի և դադարեցնի արցախցիների՝ 40+10 սոցիալական աջակցությունը, ի՞նչ է լինելու․ ամեն դեպքում այս շարժումը դեռ ոչինչ չի կարողացել փոխել, ուստի ի՞նչ քայլերի պետք է գնալ, որ հաջողության հասնեն, Արմեն Ծուլիկյանը պատասխանեց․ «Տպավորություն պետք չէ ստեղծվի, որ ընդհանրապես այս ամբողջ պայքարը 40+10-ի շուրջ է, ինչը գուցե որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել։ Այստեղ համազգային, համապետական, համաժողովրդական հարցերն են դրված, և ներկայացնել այդքան նսեմ, ցածր ձևով և փոքրացնել, հասցնել միայն ֆինանսական կամ սոցիալական աստիճանի, դա վիրավորական է յուրաքանչյուր նորմալ հայի համար։ Այս շարժումը շատ ավելի լայն նպատակներ ունի և ոչ միայն այս, այլև համաժողովրդական այն շարժումը, որը միտված է պայքարելու հայ ազգի իրական իրավունքների համար»։
Խոսելով արդյունքների մասին՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրենն ասաց․ «Երբևէ հուսալքվելը սխալ է, որևէ անգամ, որևէ ժամանակ նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակներում կամ անհուսալի թվացող իրավիճակում հուսալքվելը սխալ է։ Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն։ Գնահատական տալ, թե ուր կհասնենք, այս պահին անշնորհակալ գործ է։ Աշխատանքը ցանկացած ժամանակ պետք է տանել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ