«Այսօր խմբակցության հետ հանդիպում էին հրավիրել։ Ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Մեզ հրավիրել են խմբակցությունով, եկել ենք հանդիպման։ Սամվել Բաբայանը կարող էր գալ, կարող էր չգալ։ Քանի որ խմբակցության հետ էր, մենք ենք ներկայացել»,-Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ Ազատության հրապարակում հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գևորգ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ինչո՞ւ չէր եկել հանդիպման։
Հարցին՝ Դուք էլ եք կարծո՞ւմ, որ իշխանափոխության պահանջ չպետք է լինի, Գևորգ Մնացականյանը պատասխանեց․ «Այո։ Այս պահին արցախցիների սոցիալական հարցերն են առաջնային։ Այդ հարցերում միասնական են մեր տեսակետները Խորհրդի հետ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սամվել Բաբայանը պատրա՞ստ է իր անձնական միջոցներից օգնել արցախցիներին, օրինակ՝ իր մեքենաներից մեկը վաճառել, Գևորգ Մնացականյանն այսպես արձագանքեց․ «Ո՞վ ասաց, որ պարոն Բաբայանը մեքենաներ ունի։ Վերջում պարզ պատասխանել է, որ դա իր ընկերոջն էր։ Ինքը չունի մեքենաներ, որ վաճառի։ Ինքն իր երիտասարդ տարիները նվիրել է արցախյան գոյամարտին, հաղթանակած գեներալ է»։ Լրագրողները փաստեցին՝ նրա ազատագրածն այս իշխանությունները ջուրը գցեցին, Գևորգ Մնացականյանն արձագանքեց․ «Դա էլ հարց է։ Հարցը տանում եք չգիտեմ ինչ ուղղությամբ»։
Նա վստահեցրեց՝ իրենց կարծիքով արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցությունը պետք է այնքան շարունակվի, մինչև արցախցիներն ապահովվեն տներով։
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ իշխանության հետ քննարկում, խոսակցություն կա՞, այս շփումները վրանային մակարդակում ի՞նչ են տալու, Գևորգ Մնացականյանը պատասխանեց․ «Ժամանակը ցույց կտա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ