Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ Ներքաղաքական պայքարին չենք խառնվում․ ոչ ընտրել ենք, ոչ էլ ընտրելու իրավունք ունենք»․ Գագիկ Ավանեսյան

Ապրիլ 11,2025 15:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ ներքաղաքական պայքարի մեջ մենք չենք ներքաշվելու»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը։

Նա դրական գնահատեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի լիազորված անձանց հետ հանդիպումը ու ասաց․ «Այնպես չէ, որ այսօր լայն կազմով ենք հանդիպել, բայց մենք ունեինք շփումներ, որոշ հարցեր ընթացքում էինք նաև քննարկում։ Մեր տրամադրվածությունը և պայմանավորվածությունը այն է, որ ընդհանուր գործի համար ենք պայքարում և այդ հարցում պետք է միասնական լինենք»։

Հարցին՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացրած պահանջագրի կետերում իշխանափոխության պահանջ կա՞, Գագիկ Ավանեսյանը պատասխանեց․ «Չկա, իրավունք չունենք ՀՀ-ի ներքաղաքական պայքարին խառնվել։ Մենք ոչ ընտրել ենք, ոչ էլ ընտրելու իրավունք ունենք, ոչ էլ փոխելու։ Բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք գալիս են մեզ աջակցելու, բոլորին ասում ենք, որ չենք ներքաշվելու ներքաղաքական խնդիրների մեջ»։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ-ում եք բնակվում, ՀՀ-ն ձեր հայրենիքն է, այստեղի ներքաղաքական վիճակը վերաբերում է ձեզ այնքանով, որքանով բոլոր ՀՀ քաղաքացիներին, Գագիկ Ավանեսյանն այսպես արձագանքեց․ «Կարծիք կարող ենք ասել, բայց պայքարին չենք միանում»։

Լրագրողները փաստեցին՝ այս իշխանությունների օրակարգում Արցախի հարց չկա, ԱԳՆ-ի հայտարարությունն էլ էր դա վկայում, Գագիկ Ավանեսյանն արձագանքեց․ «Մանրամասները երկուշաբթի օրը ԱԳՆ-ի դիմաց կասենք։ Միանշանակ՝ մեզ համար ընդունելի չէ, քանի որ Արցախի հարցը նաև ՀՀ կայունության, ինքնության հարց է։ Մեղմ ասած՝ դա սխալ է։ Ապրում ենք ժողովրդավարական երկրում․ այսօրվա իշխանությունը դա է ասում, բայց պետք է նենց անենք, որ իրենք դիրքորոշումը փոխեն»։ Դիտարկմանը՝ այս իշխանություններն այնպիսի քայլեր են արել, որ հետդարձի հնարավորություն չկա, Գագիկ Ավանեսյանը պատասխանեց․ «Կավելացնեմ, որ նաև ժամանակ ենք կորցնում։ Ցավալին այն էր, որ 26 տարի իշխանությունը մսխել են։ Հիմա էլ է ժամանակ կորչում։ Քաղաքականությունն այնպիսի բան է, որ իրավիճակ է փոխվում։ Պետք է երկիրն ու բանակը ուժեղացնենք և պատրաստվենք հարմար պահի»։

Հարցին՝ Սամվել Շահրամանյանն ինչո՞ւ չի այցելում իրենց, Գագիկ Ավանեսյանն այսպես պատասխանեց․ «Ինքը մեզ չի խանգարում։ Չխանգարելով արդեն օգնում է։ Կարիք չկա, որ գա։ Կապ կա իրենց հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930