Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶՄԲ-ի 102 միլիոն եվրո վարկը հիմնականում օգտագործվելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով

Ապրիլ 11,2025 14:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին:

Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

Նշվել է, որ վարկը հիմնականում օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչեւ 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930