Ազատության հրապարակում տեղադրված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ նախապես պլանավորված հանդիպմանն այսօր ներկա չէր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Ներկայացել էին նրա լիազորված անձինք։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հանդիպման մեկնարկին հայտնեց․ «Կարծում եմ՝ կքննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը միասին պիտի անցնենք։ Ցավոք, լինելով մեր հայրենիքում՝ այսօր պետք է փորձենք արցախցիների իրավունքների պաշտպանության մասին խոսել։ Սա անընդունելի է։ Պահանջագրի 11 կետերը ՀՀ կառավարության կողմից քննարկման առարկա չեն եղել։ Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է ՀՀ իշխանությունների ձեռքերով լուծարել Մինսկի խումբը։ Սա ևս մտահոգիչ է բոլորիս համար»։
Լրագրողների հարցին՝ Սամվել Բաբայանն ինչո՞ւ չի եկել, վրանում ներկա անձինք պատասխանեցին․ «Զբաղվածության հարց կար։ Մենք լիազորված ենք իր անունից»։ Լրագրողների դիտարկմանը՝ ավելի կարևո՞ր, քան այս պահին այստեղ ներկա լինե՞լը, այսինքն՝ հարկ չի՞ համարել գալ, Սամվել Բաբայանի լիազորած անձինք արձագանքեցին․ «Հարկ համարելու հարց չկա։ Մարտի 29-ին պարոն Բաբայանը ներկա էր, և շարունակում է ամեն ինչում ներկա լինել։ Բոլորդ էլ ծանոթ եք նրա տեսակետներին։ Դա ամբողջովին գտնվում է այս տրամաբանության մեջ։ Հարկ համարել-չհամարելն ինչ-որ տեղ տեղին չեմ համարում։ Այս նույն տրամաբանության մեջ կատարվում են աշխատանքներ, հանդիպումներ են տեղի ունենում։ Այս հանդիպման վերջում մեր կողմից կհայտարարվի արդյունքների մասին»։
Այնուհետև լրագրողներին խնդրեցին, որպեսզի դուրս գան վրանից, որ քննարկումն անցնի առանց տեսախցիկների։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ