Fip.am. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, վստահեցրել է, թե որոշ բնակավայրերում հնարավոր է 12 մլն դրամով բնակարան ձեռք բերել։
«Համաձայն չեմ, որ բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն։ Մենք 3, 4 կամ 5 միլիոն դրամ ենք հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է նախատեսում այդ բնակարանը գնել կամ տունը կառուցել»,- ասել է Խաչատրյանը, ապա մանրամասնել, որ 1 անձի հաշվով 5 միլիոն դրամ են հատկացնելու Սյունիքի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի որոշ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։
Պաշտոնյան նաև հավելել է, որ կառավարության վերջին որոշմամբ բազմաթիվ բնակավայրերի համար աջակցության չափը նախկին 3 միլիոն դրամի փոխարեն 1 անձի համար 4 միլիոն դրամ են դարձրել։ Այդ բնակավայրերն են, օրինակ, Վանաձորը, Հրազդանը, Արմավիրը։ Դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավոր է, եթե ընտանիքը 3 հոգուց է բաղկացած, 12 մլն դրամով Վանաձորում կամ Արմավիրում բնակարան ձեռք բերել, Տիգրան Խաչատրյանը նշել է՝ «մենք ունենք տեղեկություններ, որ այո»։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է բաց աղբյուրներում տեղադրվող անշարժ գույքի հայտարարությունները, համադրել դրանց գները կառավարության առաջարկվող գումարի հետ, ուսումնասիրել գույքի վիճակը և եզրակացրել, որ տրամադրվող գումարով հնարավոր չէ նշված քաղաքներում նորմալ, մարդկային պայմաններով բնակարան գնել։
Կարդացեք նաև
Ի՞նչ է ցույց տալիս շուկայի ուսումնասիրությունը
Մասնավորապես, FIP.am-ն ուսումնասիրել է անշարժ գույքի հայտարարություններով առատ List.am կայքում բնակարանային առաջարկները Վանաձոր, Հրազդան և Արմավիր քաղաքներում։ Փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք 12 միլիոն դրամով հնարավոր է գնել բնակարան, որը համապատասխանում է պետական աջակցության չափորոշիչներին։ 12 մլն դրամը (30 հզր ԱՄՆ դոլար), հիշեցնենք, տրամադրվում է 3 հոգանոց ընտանիքին։
Համաձայն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի՝ ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը ընտանիքի 1 անդամի հաշվով չպետք է լինի 9 մ2-ից պակաս։ Այսինքն, 3 հոգանոց ընտանիքի կողմից ձեռք բերվող բնակարանը 27 մ2-ից պակաս չպետք է լինի։ Այս չափը հաճախ ապահովում են 1 սենյականոց բնակարանները։
Նախ նշենք, որ Արմավիրում բնակարանների գներն առավել հաճախ սկսում են 40,000 դոլարից, այսինքն՝ ավելի շատ, քան 12 մլն դրամն է՝ 15.7 մլն դրամ։ Այն բնակարանները, որոնք մոտ են 30,000 դոլարին, հաճախ ունեն մասնակի վերանորոգում կամ բարվոք վիճակում չեն գտնվում։
Արտապատկերումը՝ անշարժ գույքի հայտարարությունից
1 սենյականոց բնակարանները Արմավիրում, որոնք 30 հազար դոլարի սահմաններում են, մակերեսով հաճախ ավելի են ծրագրի պահանջներից, բայց մեծ մասը կրկին ոչ բարվոք վիճակում է: Այսինքն, այս պարագայում առաջարկվող բնակարանը գնելու դեպքում ընտանիքը ստիպված է հավելյալ գումար ներդնել այն վերանորոգելու համար։
Արտապատկերումը՝ անշարժ գույքի հայտարարությունից
Հրազդանում թվերը թեթևակի տարբերվում են՝ այստեղ 1 սենյականոց բնակարանների գներն առավել հաճախ սկսվում են 35,000 դոլարից։ Հրազդանում հնարավոր է նույնիսկ 30 հազար դոլարից ցածր գնով բնակարան ձեռք բերել, բայց դրանց մեծ մասը ոչ բնակելի է և պահանջում է ամբողջական վերանորոգում։
Վանաձորում մինչև 30 հազար դոլար արժողությամբ 1 սենյականոց բնակարան վերանորոգմամբ հնարավոր է գնել: Այստեղ ևս կան բնակարաններ ավելի ցածր գնով, բայց դարձյալ ֆինանսական հավելյալ ներդրումներ են պահանջվում, որպեսզի մարդիկ կարողանան ապրել այդտեղ:
Այսինքն, շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 3 հոգանոց ընտանիքի համար 12 մլն դրամով վերանորոգված բնակարան դժվարությամբ կարելի է գտնել։ Ավելի բարեկարգ՝ առանց լուրջ վերանորոգման կարիք ունեցող բնակարան գնելու համար տրամադրվող գումարը հաճախ չի բավականացնում։
Նկատենք, որ եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգման համար կարող է իրացվել մինչև 4 մլն դրամ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 900 ընտանիք ստացել է սերտիֆիկատներ, որոնցով կարող է բնակարան գնել կամ տուն կառուցել, այդ 900 ընտանիքների շահառու մարդկանց քանակը 3800 է։ Ընդ որում, այդ 900 ընտանիքից դեռևս 100-ն է, որ իրացրել է սերտիֆիկատի իրավունքը, մնացած 800-ը որոնումների մեջ են։
Ավելին, որքան ընտանիքի անդամների քանակը շատ է, այնքան ընտանիքը մեծ խնդրի առաջ է կանգնում, քանի որ ավելի մեծ մակերեսով տների գներն անհամեմատ բարձր են։ Բացի այդ, մեկ այլ երկընտրանքի առաջ են կանգնած տեղահանված այն ընտանիքները, որոնք հաստատվել են Երևանում (երեխաները հաճախում են դպրոց, աշխատավայրը Երևանում է-հեղ․) և ունեն դժվարություններ մարզեր տեղափոխվելու հարցում, իսկ անշարժ գույքի երևանյան գները անմրցելի են։
Այսպիսով, Տիգրան Խաչատրյանի պնդումը, թե Արմավիրում, Հրազդանում և Վանաձորում հնարավոր է 12 մլն դրամով բնակարան գնել, միանշանակ չէ: Չնայած որոշ դեպքերում նշված գումարը կարող է տեխնիկապես բավարարել բնակարան գնելու համար, մասնավորապես Հրազդանում և Վանաձորում, սակայն շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ գնային շեմում առաջարկվող բնակարանների մեծ մասը պահանջում է ամբողջական վերանորոգում։ Իսկ բնակարանները, որոնք պատրաստ են բնակեցման, գերազանցում են կառավարության առաջարկած բյուջեն։
Սյուզաննա Համբարձումյան