Լրահոս
Օրվա լրահոսը

Եղել են մեքենայություններ, կառավարությունում էլ ինչ-որ մեկն անցկացրել է դա. պոլիտեխնիկցիները՝ ռեկտորի ընտրությունների մասին

Ապրիլ 11,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերաքննիչ դատարանը մարտի 12-ին բավարարել է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի բողոքը եւ անվավեր ճանաչել 2021 թ. մարտի 1-ին (երկրորդ փուլ՝ մարտի 15-ին) տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Անվավեր է ճանաչվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:

Դավիթ Ղազարյան

Դավիթ Ղազարյանի կարծիքով՝ Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանն ընտրվել է ապօրինի եւ 4 տարի պաշտոնավարել, ստացել ռեկտորի աշխատավարձ, ստորագրել հրամաններ, ընդունել որոշումներ, հեռացրել աշխատակիցների, նշանակել մարդկանց պաշտոնների և այլն։ Գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։

«Վերաքննիչ դատարանի համար հիմք են հանդիսացել երկու հիմնական կետեր, մենք 7-8 կետ էինք ներկայացրել, թեեւ ցանկության դեպքում կարող էինք ավելին ներկայացնել, պարզապես սահմանափակվել էինք դրանով, բայց խախտումները այնքա՜ն շատ էին ու ակնհայտ: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել 2 կարեւորագույն շեղում կամ ընթացակարգային խախտում: Դրանցից առաջինն այն է, որ փակ գաղտնի քվեարկության համար նախատեսված հաշվիչ հանձնաժողովի անդամների համար առանձնացված սենյակ մուտք է գործել օտար անձ, տվյալ դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը բավական լայն լիազորություններով օժտված անձնավորություն է եղել»,-Մեդիա կենտրոնում թեմայի վերաբերյալ տեղի ունեցած ասուլիսում նշեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանը:

Դավիթ Ղազարյանի խոսքով. «Ըստ ռեկտորի ընտրության կարգի՝ հաշվիչ հանձնաժողովի սահմանված արձանագրության ձեւ կա, եւ ռեկտորի ընտրության կարգի 39-րդ կետը հստակ ասում է, որ այդ արձանագրությունը պետք է ստորագրեն հաշվիչ հանձնաժողովի նախագահը եւ անդամները, մինչդեռ ռեկտորի ընտրության օրը հաշվիչ հանձնաժողովի 3 անդամ հանրայնորեն (այդ ամենը ուղիղ եթերում հեռարձակվում էր) հրաժարվել են եւ չեն ստորագրել արձանագրությունը, արձանագրության տակ եղել է ընդամենը 2 անդամի ստորագրություն: Սա, ըստ էության, կարգի խախտում է: Այս երկու հանգամանքներն է վերաքննիչ դատարանն իր վճռում արձանագրել: Վճռի վերջում էլ ընդգծվել է, որ այս 2-ից յուրաքանչյուրն առանձին հիմք են ընտրությունների արդյունքները չեղարկելու համար»:

Նա ասաց նաեւ, որ այս ամենը խորը արմատներ ունի, բայց ցավոք, իրենք 4 տարի հետո են հասել այս կետին:

Դավիթ Ղազարյանը հարց հնչեցրեց. «Հարգելի կառավարություն, մենք ուզում ենք իմանալ, թե ով է անցկացրել ռեկտորի ընտրության արդյունքները, նախարար է եղել, փոխվարչապետ, թե ով… Ես այն կարծիքին չեմ, որ վարչապետը նստում ու բոլոր թղթերի միջով անցնում է, գիտենք, որ ինչ-որ մեկը պետք է ներկայացնի… Հիմա ուզում ենք իմանալ՝ ով է սա անցկացրել կառավարությունում»:

Արամ Միքայելյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի նախկին ղեկավար Արամ Միքայելյանն ընդգծեց. «Երկու դատարաններն էլ որեւէ կերպ չեն փորձել անդրադառնալ երկրորդ փուլում վիճելի քվեաթերթիկներին՝ արդյոք դրանք որոշիչ ազդեցություն ունեցե՞լ են ընտրության արդյունքների վրա: Իրականացվել են որոշակի մեքենայություններ…Դիսկուրսից դուրս է՝ 3 քվեաթերթիկները, որ առանձնացրել էին հաշվիչ հանձնաժողովի անդամները, դրանցից մեկը բոլորի կողմից ճանաչվել է անվավեր, մյուս երկուսը չգիտեմ ինչ կերպ… Իմ տպավորությամբ ճնշումների արդյունքում…Փաստն այն է, որ գնացել են ամեն գնով խախտումներ անելու ճանապարհով իրենց ցանկալի թեկնածուին այսպես կոչված ափալ-թափալ անցկացնելով…Ես Պոլիտեխնիկցի եմ, պատասխանատու եմ պոլիտեխնիկի համար, ուզում եմ նաեւ, որ հանրությունն իմանա, թե ինչ ճղճիմ բարոյահոգեբանական միջավայր էր ստեղծել այնտեղ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, այժմ էլ նրան փոխարինելու եկածը՝ նույն սկզբունքներով ծայրագավառային դատողություններով ապրող Գոռ Վարդանյանը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930