Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝ 2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երեւան եւ Բաքու: Երեւանում ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երեւանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը.
«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:
Զարիֆը նաեւ հավելում է.
Կարդացեք նաև
«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:
Արդյո՞ք Արմեն Սարգսյանը պատրաստ է այսօր արձագանքել Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ մասնավոր զրույցի ընթացքում իրեն վերագրված խոսքերին, եւ արդյո՞ք ՀՀ նախկին նախագահը կհաստատի Ալիեւին վերը նշված բովանդակությամբ պատգամ հղելու մասին Զարիֆի ասածները:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Լուսանկարում՝ 26 Մայիս, 2021 թ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: