Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմումով չի լինում… ես եմ սպանել, պարոն դատավոր»

Ապրիլ 11,2025 14:00

Անսպասելի հայտարարությունից հետո նիստերի դահլիճում գտնվող անձը փախել է դատավորի հետեւի դռնից

Այս տարվա հունվարի 8-ին ՀՀ դատախազության դիմաց բողոքի ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի ազատ արձակման պահանջի:

Մենք Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում լուսաբանում ենք պարբերաբար այս քրեական գործը, ցուցարարներն էլ պաշտպանական կողմի նման դատախազությունից մինչ օրս պահանջում են արդար դատաքննություն Նարեկ Սարգսյանի համար, պաշտպանական կողմն անգամ հաջորդող նիստերին մանեկեններ էր ներկայացրել դատարան, որի ցուցադրման նպատակը մեկն էր՝ փորձագիտական եզրակացության հետ հակասությունները ցույց տալը:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 21:15-ից մինչեւ 23:20-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում իր նախկին կնոջ՝ Տ. Ա. հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իրենց մանկահասակ դստեր՝ Լ. Ս. ներկայությամբ, բռնություն գործադրելով սպանել է կնոջը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Սպանվածը՝ ՀՀ Կոտայքի մարզային վարչության նախկին պետի դուստրն էր:

Երկու օր առաջ՝ ապրիլի 8-ին Շենգավիթ նստավայրում դատական նիստի ժամանակ ներկաներից մեկը՝ Արսեն Մինասի Մինասյանը ոտքի է կանգնել եւ դատավոր Ս. Յուզբաշյանին բառացի ասել հետեւյալը. «Պատվարժան դատարան, թույլ կտաք ես գործի վերաբերյալ կարեւոր բան ունեմ ասելու» եւ դատավորը թույլ չի տվել, որպեսզի նա խոսի, ավելին՝ որեւէ մեկն անգամ ուշադրություն չի դարձրել, քանի որ ըստ պաշտպան Աննա Ծառուկյանի՝ «Առավոտի» հետ զրույցի. «Կենտրոնացել էինք դավարության ուղղությամբ: Հետո նա կրկին կանգնեց՝ «Պատվարժան դատարան, խնդրում եմ, ես գործի վերաբերյալ շատ կարեւոր բան ունեմ», դատավորը պատասխանեց, որ՝ «չի կարելի» եւ ասաց. «գործի վերաբերյալ բան, եթե ունեք, դիմումով հայտնեք»:

Որեւէ մեկս կրկին չհասկացանք ինչ է ասելու, նույնիսկ հիշում եմ, որ այդ պահին Արսեն Մինասի Մինասյանն ասաց. «դիմումով չի լինում», դատավորը պնդեց, որ նստի, քանի որ սանկցիա կկիրառվի եւ այդ ընթացքում Արսեն Մինասի Մինասյանը ասաց. «Խնդրում եմ, շատ կարեւոր ինֆորմացիա ունեմ ձեզ տալու» եւ այդ պահին դատավորը ինքնությունը պարզելով՝ կիրառեց սանկցիա, որից հետո Արսեն Մինասի Մինասյանն ասաց. «Ես չեմ հեռանա, մինչեւ չարտահայտվեմ, պարոն դատավոր, էդ սպանությունը ես եմ արել» եւ այդ պահին արդեն բոլորս խառնվեցինք իրար, միայն նկատեցի, որ Արսեն Մինասի Մինասյանը դատավորի հետեւից նույն դռնից փախուստ կատարեց եւ մինչեւ հիմա նրան չեմ գտնում»:

Քրեական գործով մեղադրյալ Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը տեղեկացրեց, որ միջնորդությամբ դիմել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ս. Յուզբաշյանին:

Միջնորդության համառոտ բովանդակությունը հետեւյալն էր. «Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԴ1/0050/01/23 քրեական գործը, որի շրջանակներում 08.04.2025թ.-ի դատական նիստի ժամանակ ներկաներից՝ Արսեն Մինասի Մինասյանը, ում ինքնությունը դատարանը ճշտեց, հայտարարեց, որ «ես չեմ հեռանա, մինչեւ ես չարտահայտվեմ, պարոն դատավոր, էդ սպանությունը ես եմ արել, պարոն դատավոր», որից հետո հաշվի առնելով դատարանում տիրող իրավիճակը, դատավորների համար նախատեսված վայրով՝ դռնով փախչելով հեռացավ:

Պատվարժան դատարան, ապրիլի 9-ի գիշերը, ժամը 02:00-ի ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երեւան քաղաքի վարչությունում Նարեկ Սարգսյանի հոր՝ Գագիկ Սարգսյանի հետ միասին ներկայացրել ենք հաղորդում կատարվածի մասին եւ Գագիկ Սարգսյանը պահանջել է, որպեսզի պարզեն, թե արդյոք տվյալ անձն է իրականում կատարել սպանությունը:

Վերը նշվածը հաշվի առնելով, այդ թվում, որ հնչել է այնպիսի տեղեկություն, որը կարող է հիմնավորել, որ այս պահին դատարանի որոշմամբ անկնհայտ անմեղ անձ է գտնվում անազատության մեջ: Ուստի միջնորդում եմ արտահերթ նիստ հրավիրել եւ կանչել հարցաքննել՝ Արսեն Մինասի Մինասյանին (պաշտպանը նշել էր հասցեն, ինչը բնականաբար, անմեղության կանխավարկածից ելնելով մենք չենք հրապարակի-Ռ.Մ.), որից հետո քննարկել Նարեկ Սարգսյանի խափանման միջոցի հարցը, քանի որ ըստ տվյալ անձի՝ սպանությունը կատարել է ինքը»:

Ակամայից հիշեցի մեկ տարի առաջ հունվարին, դատական նիստերից մեկի ժամանակ Աննա Ծառուկյանի հետեւյալ խոսքը, որին կարծես ուշադրություն չդարձրեց դատավորը, մեղադրողը, տուժողի ներկայացուցիչը. «Շատ հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունեցել: Օրինակ, մեկը կարող եմ մեջբերել, նախ հիմնավորվել է, որ բացի Նարեկ Սարգսյանից, դեպքի վայրում եղել է մեկ այլ անձ, որովհետեւ իրեղեն ապացույցների վրայից անջատվել է այդ անձի ԴՆԹ-ն, որի ուղղությամբ, սակայն, վարույթ իրականացնող մարմինը քննություն չի կատարել: Այդ ուղղությամբ միջնորդություններ արել էինք, որեւէ ձեւով ընթացք իրենք չէին տվել: Պարբերաբար ես ասում էի, որ բացի այն, որ հնարավոր է՝ եղել է խեղդամահություն, չնայած դա էլ եմ վիճարկում, բայց կարող է լինել նաեւ բժշկական անփութություն: Այդ վարկածը գնալով հիմնավորվում է, որովհետեւ շտապ օգնության մուտք գործող բժիշկը ցուցմունք տվել ու ասել է, որ ինքը ստուգել է տուժողի վիճակը, արդյո՞ք սրտի կանգ գրանցվել է, թե՞ ոչ, համապատասխան «ԿՏ» անելու արդյունքում, այսինքն՝ դիակին միացրել է «ԿՏ»-ն, հարցնում ենք՝ բա ուր է հետազոտության պատասխանը, պատասխանեց, որ թողել է դիակի կողքին ու հեռացել է, որովհետեւ մտավախություն է ունեցել, որ այդտեղ անվտանգ չէ: Դեպքի վայրի զննությամբ մենք գիտենք՝ նման փաստաթուղթ չկա, ինչը ապագայում կպարզենք»:

Տեղեկացանք նաեւ, որ դատական նիստերի կարգադրիչը սրտի կանգ է ստացել, մահացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930