Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի բանտից անձնազոհ հայի՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձի ասելիքը

Ապրիլ 11,2025 12:30

Հատուկ՝ մի քիչ ուշացումով գրեցի սույն հոդվածը, որպեսզի հասկանայի, թե ինչ մոտեցումներ կլինեն Ռուբենի հայտարարության վերաբերյալ:

Այն, որ Ռուբեն Վարդանյանը բացառիկ հայրենասեր հայ մարդ է, կարծում եմ՝ դա արդեն աքսիոմա է: Դա արագ հաստատվեց այն բանից հետո, երբ նա թողեց մոսկովյան բազում վայելքներով հարուստ կյանքը եւ վերադարձավ Արցախ ու փորձեց իր մասնակցությամբ՝ աշխատանքով, ծառայել Արցախին ու նրա ժողովրդին: Սա սովորական որոշում չէր, սա այդ ճակատագրական որոշումից հետո ապրել-չապրելու՝ գոյության հարց էր, որի ականատեսն ենք հենց այսօր:

Լիովին համոզված եմ, որ այդ որոշումը նա կայացրել է խորը վերլուծության արդյունքում՝ հասկանալով դրա ողջ հետեւանքները: Ռուբեն Վարդանյանի այս որոշումը ոչ այլ ինչ է, քան հանուն հայրենիքի գիտակցված մահվան՝ ինքնազոհության գնալ, որում եւ նա հայտնվել է այսօր: Այս իրավիճակում նրա հայտնվելը բնավ պատահականության արդյունք չէ, այն լիարժեք վերլուծության եւ կամովին կայացրած որոշման արդյունք է, որը նաեւ մահվան մեծ վտանգի սպառնալիք է: Ասվածն այս վտանգավոր իրավիճակում հայտնվելու մի բաղկացուցիչն է, իսկ մյուս մասն այն է, որ նա իրականում ուներ մեծ հնարավորություններ Բաքվում չհայտնվելու ու Հայաստան վերադառնալու, որին չգնաց մեծ հայ ու հայրենասեր Ռուբեն Վարդանյանը, գերադասելով չդավաճանել՝ մենակ չթողնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դրանով բարձր պահելով ոչ միայն այնտեղ հայտնված հայ գերիների, այլեւ ողջ հայ ազգի պատիվը, քանի որ այդ «դատավարության» ընթացքում իրականում վճռվում է ողջ հայ ազգի պատվի հարցը:

Դա հենց այն է, որ Արցախի հայաթափումից հետո անգամ, նա աշխարհին ցույց տվեց, որ Արցախը կա եւ ինքն իր կյանքի մինչեւ վերջին ակնթարթը զոհաբերում է հանուն Արցախի, որի համար էր մեկնել այնտեղ եւ ուխտ արել, որ մինչեւ կյանքի վերջին վայրկյանը չի լքելու իր Արցախ երկիրը:

Փաստացի, նա իր խոստումը լիովին կատարեց եւ այժմ եկել է այն պահը, որ աշխարհասփյուռ ողջ հայությունը լիովին լծվի նրա եւ մյուս գերիների փրկության գործին, օգտագործելով բոլոր խոշոր տերությունների ու միջազգային ողջ կառույցների ներուժը ալիեւյան լկտի, բիրտ ուժի կիրառման ու նրանց նկատմամբ զուտ իրավական եւ արդարացի դատավարություն իրականացնելու համար: Զոհասեղանին այսօր դրված է ոչ միայն հայ ռազմագերիների կյանքի, այլեւ աշխարհի աչքի առջեւ դրված է Ալիեւ բռնապետի կամայական, ցինիկ վերաբերմունքի հարցը, ով իր պահվածքով՝ օրը ցերեկով թքում է միջազգային արդարադատության վրա, ցուցադրելով իր անպատժելիության «ամենակարողությունը»: Նա աշխարհին պարզորոշ ցուցադրում է, որ ինքն այս պահելաձեւով արհամարհում է ողջ մարդկությանը եւ անում է լոկ այն, ինչ ինքն է ուզում, այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնելով: Մարդկությունն այնքան չպետք է զարմանա 1915թ. Հայոց մեծ ցեղասպանության իրագործումից, քանզի այն տեղի էր ունենում որոշակիորեն քողարկված, ինչպես նաեւ պատերազմներին հարիր գործողություններով, որքան «խաղաղ» ժամանակում այն իրողությունից, որ մի բռնապետ՝ աշխարհի աչքի առջեւ ինչպես է բացահայտորեն խոշտանգում հայ ռազմագերիներին՝ ոչ մի պատասխանատվություն չկրելով եւ իր կամայականություններով փաստացի թքելով ողջ մարդկության վրա: Դա փաստացի մարդկության այն նույն պահվածքի կրկնությունն էր, ինչը տասնյակ ամիսներ շարունակ արեց Արցախի ողջ ժողովրդի նկատմամբ՝ սոված-ծարավ բանտարկված պահելով նրան, եւ աշխարհը ոչ մի քայլ չկատարեց ու դրանից հետո նույն բռնապետին թույլ տվեց հայաթափելու ամբողջ Արցախը: Ահա, թե ինչու Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ մյուսները չհրաժարվեցին Արցախից ու հայտնվեցին Բաքվի բանտում: Սա պետք է հստակ հասկանա աշխարհը եւ այն չմոռանա ու հավերժ հիշի հայ ժողովուրդը …

Պատմության ընթացքում հայորդիները բազում հերոսություններ են կատարել եւ բազմաթիվ անձնազոհության սխրանքներ են գործել, որոնք դարձել են հայ ժողովրդի ու ազգի՝ այսքան երկար գոյատեւելու անկյունաքարը, եւ այն, ինչ գիտակցված արեց Ռուբեն Վարդանյան հայը եւ նաեւ արեցին մեր մյուս հայ ռազմագերիները, վեր է հերոսությունից ու այսօր եկել է պահը, որ ողջ հայությունը մի բռունցք դարձած, պետք է փորձի ամենն անել՝ նրանց Բաքվի բանտից ազատելու համար, քանզի կրկնում եմ, զոհասեղանին դրված է ոչ միայն նրանց, այլ ողջ հայ ժողովրդի պատվի ու արժանապատվության հարցը: Վստահաբար կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս գերիները ոչ միայն հերոսներ են, այլեւ նրանց կարելի է դասել սրբերի շարքին, քանզի սուրբը հենց այդպիսին է լինում: Սիրելի Ռուբեն եւ մյուսներ, հիշեք, որ այդ ամենաարժանի կոչումը դուք վաստակել եք ձեր անձնազոհությամբ ու հերոսությամբ եւ հայ ժողովուրդը խոնարհվում է ձեր առջեւ…

Ցավոք, մենք մեր գերիներին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու համար ճիշտ եւ շարունակական քայլեր չենք արել ու անում, քանզի նրանք մեր ազգի լուսատուներն ու հպարտությունն են, որոնց համար ինչ էլ արվի, միեւնույն է, քիչ է… Հստակ է, որ նրանք այդ ամենն անում են ոչ միայն իրենց, այլ հայրենիքի եւ ողջ հայ ժողովրդի համար: Նրանց արժանիքներն անգնահատելի են…

Ազգովին աղոթում ենք նրանց համար, խոնարհվում նրանց առջեւ, ուժ ու կորով ենք մաղթում, որ այսուհետ ավելի ուժեղ լինեն, քանզի Ամենակարող Տերը նրանց պահում է իր հովանու ներքո ու մշտապես հիշեցնում, որ առաջին հերթին հայրենիքը նաեւ իրենք են: Հայրենիքը եւ հայ ժողովուրդն անհամբեր սպասում են նրանց փրկությանը՝ ազատությանը: Ամենամեծ ուժը, որը կարող եք տալ հայրենիքին ու հայ ժողովրդին, դա Ձեր ամուր պահվածքն ու Դուք եք:

Խոսելու ժամանակն սպառվել է, պետք է համախմբվենք ու անցնենք մեր գործին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930