Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանի «Հատուկ կենսաթոշակի» գործի քննությունն ավարտվեց

Ապրիլ 11,2025 13:00

2022 թվականի փետրվարի 25-ից դատարաններում էր ՀՀ նախկին վարչապետի վարչական գործը: Այն վերջապես հանգուցալուծվեց այս տարվա ապրիլի 7-ին: Երեկ այս որոշումն ուղարկվել է կողմերին:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության դեմ գործով պահանջել էր նշանակել իրեն, որպես ՀՀ Գերագույն խորհրդի՝ «ՀՀ կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» ՀՀ 21.10.1991 թվականի թիվ N-0427-1 որոշմամբ նախատեսված թոշակ: Պատասխանողը պնդել էր, որ հայցվորը պետք է դիմեր կենսաթոշակի տեսակը փոփոխելու, այլ ոչ թե հատուկ թոշակ նշանակելու հարցով, քանի որ հայցվորին նշանակված է տարիքային կենսաթոշակ:

Վարչական դատարանը բավարարել էր հայցապահանջը, իսկ վերաքննիչ վարչական դատարանը բեկանել այն, սոցիալական ծառայության վերաքննիչ բողոքը բավարարելով:

Վճռաբեկ բողոքին Ծառայությունը պատասխան չէր ուղարկել:

Վճռաբեկ դատարանը վերջապես, երկու տարի հետո՝ ապրիլի 7-ին նախկին վարչապետի վճռաբեկ բողոքը բավարարեց, բեկանեց վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, օրինական ուժի մեջ թողնելով 2022 թվականի օգոստոսին վարչական դատարանի դատավոր Զորիկյանի որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հրանտ Բագրատյանի՝ «հատուկ կենսաթոշակի իրավունքի» ծագման իրավական հիմքը պետք է դիտարկվի ՀՀ 21.10.1991 թվականի թիվ N-0427-1 որոշման երրորդ կետը, որպես վերջինիս ՀՀ կառավարության նախագահի պաշտոնից ազատվելու ժամանակ գործած եւ առավել բարենպաստ պայմաններ սահմանող իրավական ակտ: Հետեւաբար, Բագրատյանի «հատուկ կենսաթոշակի իրավունքը» ծագել է այս ժամանակահատվածից, 12.02.93-ից առ 22.07.95 թվականը զբաղեցնելուց հետո, այդ պաշտոնից ազատվելու փաստի ուժով:

Դատարանն արձանագրել էր, որ Բագրատյանի կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման պահը ծառայությանը դիմում ներկայացնելու պահն էր, երբ նա նպատակ է ունեցել իրացնելու իր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Վճռաբեկ դատարանը ընդգծել էր, որ «Բագրատյանի՝ հատուկ կենսաթոշակ ստանալու իրավունքը» արդեն իսկ ծագած է եղել, մինչ Ծառայությանը դիմում ներկայացնելու պահը…

Որոշման մեջ նշվել էր, որ միասնական սոցիալական ծառայության երրորդ բաժնի պետը «խախտել է վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, կայացնելով ոչ իրավաչափ վարչական ակտ», իսկ վերաքննիչ վարչական դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 73 հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124 հոդվածի 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի փորձն էր հաշվի առել, արձանագրել, որ ԵԴ-ն տվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվեցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը, որ «Պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռ):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (Burdov v. Russia (59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռ, 40-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Կենսաթոշակի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային իրավունք է», հղում կատարելով Թերեզա Գեւորգյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» եւ «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր: Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պարտավորեցման հայցի առարկան վարչական մարմնի կողմից մերժված բարենպաստ վարչական ակտն ընդունելուն հարկադրելն է։

Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ կենսաթոշակներին առնչվող հարցերով պարտավորեցման հայցի քննության դեպքերում, դատարանի խնդիրն է պարզել, թե արդյո՞ք հայցվորի կողմից ակնկալվող վարչական ակտի ընդունումն իրավաչափ վարքագծի դրսեւորում է նյութական եւ ընթացակարգային նորմերի տեսանկյունից։ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին եւ այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելն անթույլատրելի է, ուստի պետք է կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող՝ անձի համար առավել բարենպաստ օրենքները եւ այլ իրավական ակտերը:

Երեք դատական ատյաններում նշվել է, որ ՀՀ Գերագույն խորհրդի 21.10.1991 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշման (ուժը կորցրել է 04.01.2007 թվականին) 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի անցնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, սահմանվում է հատուկ թոշակ` աշխատավարձի 60 տոկոսի չափով:

28.11.2006 թվականի «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել՝ 04.01.2007) 3-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 21.10.1991 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» թիվ Ն-00427-I որոշումը։

Այս իրավանորմերի պահանջներից ակնհայտ է, որ 21.10.1991 թվականից առ 04.01.2007 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի (ՀՀ վարչապետի) համար, օրենսդիրը, որպես սոցիալական երաշխիք, սահմանել է աշխատավարձի 60 տոկոսի չափով հատուկ թոշակ եւ որ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի հատուկ «կենսաթոշակի իրավունք»-ի ծագման համար միակ պայմանը հանդիսացել է նշված պաշտոնից առանց պաշտոնանկության ազատվելու հանգամանքը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930