Արցախահայության խնդիրը, իրավունքները միջազգային հանրությանն ավելի են անհանգստացնում, քան Հայաստանի իշխանություններին
Պաշտոնական Երեւանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:
Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչեւ 2024թ. հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»: «Ազատությունը» ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման, այդ թվում եւ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաեւ միտված երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- նշել են ԱԳՆ-ից։
Կարդացեք նաև
Ստեղծվել է մի իրավիճակ, որ միջազգային հանրությանը, կառույցներին արցախահայության խնդիրները, իրավունքներն ավելի են անհանգստացնում, քան` Հայաստանի իշխանություններին:
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում օրերս ԵԺԿ խմբի խոսնակ Բորիանա Աբերգը դիմելով Բաքվին՝ նշել էր. «Կոչ եմ անում Ադրբեջանին շարունակել պայմանագրի ստորագրումը` զերծ մնալով գործընթացն արհեստականորեն ձգձգելուց։ Ես խորապես հավատում եմ, որ հայ ռազմագերիների ազատ արձակումն ու արագ հայրենադարձությունը՝ համաձայն միջազգային իրավունքի եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների, էական քայլ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Հարավային Կովկասում կայունությունը նոր հնարավորություններ կստեղծի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդման համար եւ կխթանի մարդու իրավունքների պաշտպանությունը տարածաշրջանում»։
Իսկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ,Ֆլահերթին անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների թեմային, նշել էր. «Մենք պետք է ապահովենք, որ տարածաշրջանում բոլոր անձանց իրավունքները պաշտպանված լինեն՝ այդ թվում նաեւ բոլոր այն անձինք, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ Ղարաբաղ, նրանք ազատ են դա անել։ Հայաստանին եւս քաջալերում ենք գրկաբաց ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք եկել են Ղարաբաղից»։
Դե իսկ Ալիեւի իշխանությունը, չնայած Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել: Գրեթե ամենօրյա ռեժիմով Բաքվից հայտարարում են, թե` «գնդակը Հայաստանի դաշտում է», եւ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի երկու հայտնի նախապայմանները։
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են վերջին օրերին «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը»: Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց առջեւ կոնկրետ խնդիրներ է դրել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստակամության վերաբերյալ»:
Պաշտոնական Երեւանը արդեն մի քանի շաբաթ է, շարունակում է հերքել Բաքվի մեղադրանքները: Սյունիքի սահմանամերձ Խնածախ գյուղից լրատվամիջոցներին հայտնում են, որ կրակոցներ են լսում: Մի քանի օր առաջ արձակված կրակոցների հետեւանքով տուն էր վնասվել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին հաղորդեց՝ այդ գիշեր ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն: ՊՆ-ն կից լուսանկարներ էր հրապարակել, դրանցում գետնին ընկած պարկուճ ու կրակոցից վնասված պատուհան էր:
Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու շուրջ միջազգային հանրությունից հնչող հորդորներին ու ակնկալիքներին, սահմանին կրակոցները չեն դադարում։ Ապրիլի լույս 5-ի գիշերվանից Սյունիքի Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական զինուժի կրակոցները։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել։
Չնայած նախորդ շաբաթներին սահմանային Խնածախից ու Խոզնավարից ստացվող լուրերին, որ գյուղերում կրակոցներ են լսում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել էր, թե սահմանի երկայնքով կրակոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն:
Օրերս արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտնել է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Ռազմական գերատեսչությունը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ «հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։
Ահա, այսպես, Բաքուն առաջ է ընթանում Արցախի պարագայում գործած հայտնի սցենարով. սահմանային լարվածությունը դարձնում են սովորական իրավիճակ` շոշափելով միջազգային հանրության տրամադրությունները:
Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում Հայաստանի բարեկամ պետությունները հայտարարություններից բացի` քայլեր ձեռնարկելո՞ւ են` սաստելու Ալիեւի «գործելաոճը»… Թե՞ Երեւանը շարունակաբար հերքելու է հրադադարը խախտելու Բաքվի բոլոր պնդումները՝ դրանք համարելով իրականությանը չհամապատասխանող, բայց դրանից ոչինչ չի փոխվելու, ու սա անդադար շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Բաքուն հայտարարի, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, իսկ իրենց ոչինչ չի մնում, քան` «ուժով բացել միջանցքը»…
Իսկ Ադրբեջանում` արդեն նախապատրաստվում են բոլոր հնարավոր սցենարներին, մինչեւ իսկ «Փաշինյանի հեռանալուն»: Minval ադրբեջանական կայքում հոդված է հրապարակվել` «Փաշինյանը շուտով կարող է հեռանալ, իսկ խաղաղությունը կարող է փլուզվել. Բաքվին պե՞տք է նման գործարք» վերնագրով:
Հոդվածում արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «սրընթաց անկում է ապրում», հիշեցնում են, որ ՏԻՄ ընտրություններում նրա կուսակցությունը պարտվել է, իսկ հարցումները ցույց են տալիս, որ աջակցությունը կազմում է ընդամենը 11%, ապա նկատում են, որ մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները, ու գնալով անհասկանալի է դառնում՝ արդյոք նա կպահպանի՞ իշխանությունը։
«Տրամաբանական հարց է ծագում՝ որքանո՞վ կարող է կայուն լինել պայմանագիրը, եթե այն ստորագրում է քաղաքական գործիչը, ով վստահություն չի վայելում սեփական հասարակության կողմից։ Ավելին, ընդդիմությունը, որը հզորանում է, ռեւանշիստական ուժ է, որը ասոցացվում է Քոչարյանի ու Սարգսյանի հետ։ Եթե գան իշխանության, չե՞ն վիճարկելու հենց ստորագրման փաստը։ Իսկ նրանք չե՞ն քանդի խաղաղության ողջ գործընթացը», նշել են հոդվածում։
Հոդվածում նաեւ անդրադառնում են Հայաստանի սահմանադրության փոփոխության թեմային: «Փաշինյանը դեռեւս կարող է նոր սահմանադրության վերաբերյալ խորհրդարանական ընթացակարգեր իրականացնել գործող խորհրդարանում, որտեղ մեծամասնություն ունի։ Բայց Սահմանադրության նախագծի քվեարկությունն անխուսափելիորեն կվերածվի «վստահության հանրաքվեի»՝ անձամբ Փաշինյանին եւ նրա խաղաղարար նախաձեռնություններին։ Եվ դժվար թե Նիկոլ Փաշինյանը կարողանա 11 տոկոս վարկանիշով իր օգտին նման հանրաքվե անցկացնել։ Ինչն արդեն իսկ վտանգի տակ է դնում խաղաղության ողջ գործընթացը. եթե հանրաքվեին ընտրողները «ոչ» ասեն, ապա նոր սահմանադրությունը չի ընդունվի։ Իսկ եթե Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները պահպանվեն սահմանադրության տեքստում, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի»։ Այնուհետեւ բխեցնում են. «…Թեեւ խորհրդարանական ընտրություններին եւ սահմանադրության հանրաքվեին դեռ մոտ մեկ տարի կա, այսօր պետք է տարբերակներ հաշվարկել եւ հակաքայլեր նախանշել։ Որովհետեւ մենք խոսում ենք շատ լուրջ հարցերի մասին, մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ այլ «հայկական անակնկալ» մեզ զարմացնի»։
Ահա, թե ինչ սցենարներ են «մտմտում» Ադրբեջանում, որպեսզի «արդարացնեն» Փաշինյանի «խաղաղության օրակարգը» մերժելու իրենց հետագա գործողությունները:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.04.2025