Իր վերջին ոչինչ չասող, ավելի շուտ՝ Նիկոլին հատուկ մեսիջներ հղող ասուլիսից հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, պարզվեց, պատրաստվում է Նիկոլի հետ միասին մասնակցել 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, ակնկալելով Նիկոլի թիվ մեկ ընդդիմության պատվավոր տիտղոսը, իր սակավաթիվ քարոզչական ագիտատորներին հանել է կատաղի մարտի՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։
Ոչնչից անտեղյակ քաղաքացու համար գուցե եւ պարզ չեն սույն պատերազմի իրական մոտիվացիաները եւ շարքային քաղաքացին չի հասկանում, թե ինչո՞ւ են Քոչարյանի պրոպագանդիստները մեկ նախադասության մեջ նվազագույնը հինգ անգամ հիշատակում Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին եւ տարածում մաքուր քոչարյանական՝ «Սերժն է բերել Նիկոլին» թեզը։ Իրականում՝ ամեն ինչ շատ պարզ է։ Եկեք մի փոքր գաղտնազերծենք Քոչարյանի պաշտոնավարման վերջին շրջանն ու հիշեցնենք, որ իրականում Քոչարյանը համառորեն չէր ուզում, որ Սերժ Սարգսյանն առաջադրվի նախագահի պաշտոնում, քանզի երկրորդ նախագահն իր պլանն ուներ։ Եվ այդ պլանը՝ իր արտգործնախարար Վարդան Օսկանյանին նախագահությունը հանձնելն էր, որ հինգ տարի անց կիրառի Պուտին-Մեդվեդեւ՝ ընդունում- հանձնում սցենարը։ Սակայն Օսկանյանի ֆիգուրը չաշխատեց, քանզի վերջինիս դեմ էր ողջ քաղաքական էլիտան, գումարած՝ Ռուսաստանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի համար հյուսիսից եկած ցանկացած «իշմար» քննարկման ենթակա չէ։
Վարդան Օսկանյան պրոյեկտը տապալվեց ու Սերժ Սարգսյանի ամբողջ նախագահության եւ վարչապետության ընթացքում Քոչարյանը եւ նրա հատուկենտ թիմակցները հնարավոր բոլոր փայտերը փորձեցին խրել երրորդ նախագահի կառավարման անիվների մեջ, իհարկե, ապարդյուն։
Եվ պատահական չէ, երբ ընթերցում ես Քոչարյանի հայտնի ինքնակենսագրականն ու հասնում 2018 թվին, ապա անթաքույց է Քոչարյանի հրճվանքը Նիկոլով, ում իր գրքում վերջինս համարում է, որ Նիկոլի համառությանը, ով հասավ ապշեցուցիչ հաջողության, պետք է արժանին մատուցել։
Կարդացեք նաև
Իսկ հիմա կրկին անդրադառնանք հարցին, թե ինչի՞ են, այնուամենայնիվ, աղմկում Քոչարյանի «թիմակիցները»։ Շատ պարզ՝ քանզի առաջիկայում եթե ոչ արտահերթ, ապա հերթական ընտրություններն են ու եթե ստացվի վերցնել ամբողջական իշխանությունը, դա Քոչարյանի համար կլինի գրանդիոզ պլան-մաքսիմում, եթե ոչ, ապա Նիկոլի մոտ կաշխատեն կառավարելի ընդդիմություն, ինչպես անում են հիմա։ Իհարկե, Քոչարյանի աղմկող պրոպագանդիստները երեւի չեն հաշվարկել, թե ի՞նչ կմնա Հայաստանից մինչեւ 2026 թվականը։ Բայց, դա էլ հոգ չէ. կարեւորը, սրբազան պայքարն է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ, կարեւորը՝ սեփական ասուլիսում Նիկոլի հետ հերթական ընտրությունների գնալու մեսիջն էր՝ հղված անձամբ Նիկոլին, ու ամենակարեւորը՝ խրոխտ պատրաստակամությունն է, ցանկացած իրավիճակում, եթե անգամ Հայաստանից կմնա մի քանի փրկված կտոր, Նիկոլի իշխանության հետ, իսկ իրականում՝ Նիկոլի իշխանության համար, թիվ մեկ ընդդիմություն աշխատելն է։
Ահա սա է քոչարյանական աղմուկի ողջ կոնսիստենցիան ու ահա այս սցենարի համար են նրա տարբեր կալիբրի ագիտատորներ 24-ժամյա ռեժիմով ծամում՝ «Սերժն է բերել Նիկոլին» քոչարյանական թեզը։
Իսկ թե ովքե՞ր են բերել Նիկոլին եւ ովքե՞ր էին «մերժիր Սերժին» օպերացիայի ակտիվ դերակատարները, այդ մասին՝ հաջորդ դասին։
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.04.2025