Լրահոս
Օրվա լրահոսը

Երդվյալները՝ «ծանոթ-բարեկամների» միջոցով հարցեր լուծելու միջո՞ց, թե՞ «ժողովրդավարության գոհար»

Ապրիլ 11,2025 13:30

Հայաստանի Հանրապետության դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտ չի գործում։ Սակայն, 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ նախատեսվում էր 1215-ի Ազատությունների մեծ խարտիայում ամրագրված երդվյալ ատենակալների ինստիտուտի գործածումը մեր երկրում։

Երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է պատահականության սկզբունքով ընտրված մոտավորապես տասը սովորական քաղաքացիներից, որոնց վրա դրվում է մեղադրյալի մեղավորության հարցը որոշելու պատասխանատվությունը։

Շատ երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, երդվյալ ատենակալների ինստիտուտը մարդու իրավունք է՝ ամրագրված Սահմանադրությամբ։ Այն դիտվում է որպես քաղաքական իշխանությունից դատական համակարգի անկախության երաշխիք։

«Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ»,-ասվում էր Մայր օրենքի 91-րդ հոդվածում։

Փոքրաթիվ ազգաբնակչությունը՝ խոչընդոտ. Հովհաննիսյան

1995 թվականին հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախագիծը նախապատրաստած հանձնաժողովի անդամ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հովհաննիսյանի մեկնաբանմամբ՝ նորանկախ Հայաստանը ոչ միայն մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին միանալու խնդիր ուներ, այլ նաեւ պարտավոր էր քայլեր ձեռնարկել գործնական կյանքում դրանց կիրառումը ապահովելու համար:

«Նշված նպատակի իրագործման կարեւոր նախադրյալներից էր արդյունավետ եւ անաչառ դատական համակարգի ստեղծումը: Սահմանադրական հանձնաժողովի առանձին անդամների կողմից առաջարկություն եղավ, ի թիվս այլ մարմինների, ձեւավորել երդվյալ ատենակալների ինստիտուտ»,-պատմում է դոկտոր, պրոֆեսորը։

Հանձնաժողովի անդամ Վլադիմիր Հովհաննիսյանի կարծիքով՝ «տվյալ պատմական ժամանակաշրջանում նման ինստիտուտի ստեղծումը հազիվ թե կնպաստեր անաչառ արդարադատական համակարգի ստեղծմանը»։

Նրա խոսքով՝ «փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող Հայաստանում, որտեղ «խնամի, ծանոթ, բարեկամ» կառուցակարգը գործում էր բավականին «արդյունավետ», հազիվ թե հնարավոր էր գտնել միմյանց հետ կապ չունեցող 8-10 անձի, որոնք անաչառ ձեւով կապահովեին արդար դատաքննություն երդվյալ ատենակալների միջոցով»։

Դատական իշխանության իրական անկախություն՝ երդվյալներով. Քոչարյան

«Իշխանությունը բավարար քաղաքական կամք չդրսեւորեց այդ ինստիտուտը ներդնելու համար»,-«Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը` հավելելով, որ չներդնման մեջ «մեծ էին դատական բյուրոկրատիայի դիմադրությունը, խորհրդային ավանդույթները, իրավահավասարության դոկտրինների պակասը»։

ՀՀ վաստակավոր իրավաբան Քոչարյանի գնահատմամբ` երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդնումից հրաժարվելը Հայաստանի համար մեծ հետընթաց էր եւ երկրում դատական իշխանության չկայացման «հիմնական պատճառը»։

«9-12 հոգու է հեշտ կաշառել, թե՞ մեկ հոգու», -հռետորական հարց է հնչեցնում երդվյալ ատենակալների ինստիտուտի ջատագով Հովհաննես Քոչարյանը, ապա հավելում`«եթե պետությունը բավարար կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի երդվյալների վրա ազդեցության չեզոքացման, երդվյալների կողմից քննվող գործերի հստակեցման եւ դատազորության կանոնների մշակման համար, «ծանոթ-բարեկամների» խնդիրն այնքան մեծ չի լինի, որ կասկածի տակ դնի այս ինստիտուտի արդյունավետությունը»։

Հովհաննես Քոչարյանը համոզված է` դատական իշխանության իրական անկախության մասին կարող է խոսք գնալ միայն, եթե գործի երդվյալների դատարան։ Հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողների ճակատագիրը չի կարող որոշվել մեկ դատավորի կողմից։

2005-ին Մայր օրենքը փոփոխվեց

Սակայն Վլադիմիր Հովհաննիսյանը մեզ հետ համառոտ զրույցում համոզմունք հայտնեց  հակառակում. երդվյալների դատարանը Հայաստանում դատապարտված էր ձախողման։

«Կյանքը ցույց տվեց նման դիրքորոշման իրավացիությունը: Սահմանադրության ընդունումից հետո այդպես էլ այդ ինստիտուտը տեղ չգտավ Քրեական դատավարության օրենսգրքում: Ավելին, 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այն դուրս բերվեց Սահմանադրությունից»,-հիշեցնում է նա։

Քեզ մեղավոր կարող են ճանաչել միայն քո համաքաղաքացիները. ամերիկացի քաղաքագետ

Աշխարհի առաջատար ժողովրդավարություն համարվող Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ երդվյալ ատենակալների մասին հինգ հիշատակում կա։

ԱՄՆ-ում այս ինստիտուտի գործածման հիմնավորումների մասին «Առավոտի» հետ զրուցել է Ամերիկյան համալսարանում քաղաքագիտական առարկաներ դասավանդող դոկտոր, պրոֆեսոր Բրայեն Էլիսոնը։

«Կառավարությունը չի կարող որեւէ մեկին պարզապես մեղավոր ճանաչել եւ նրան բանտ նետել»,-պարզաբանում է ամերիկացի քաղաքագետն, ավելացնում` բրիտանական կառավարության կողմից ամերիկացիների դեմ կամայական դատավարությունները օրինաչափություն են եղել գաղութային Ամերիկայում եւ անհրաժեշտ է եղել դա կանխարգելել։

«Արդ, միայն քո համաքաղաքացի երդվյալ ատենակալները կարող են քեզ մեղավոր ճանաչել: Գործի փաստերը կարող են քննվել միայն քո համաքաղաքացիների կողմից: Եթե մեղավոր ճանաչվես, դատավորը պատիժ կսահմանի»,-մանրամասնում է Էլիսոնը։

ԱՄՆ դաշնային դատարաններում, բացատրում է Էլիսոնը, քաղաքացիներն ունեն երդվյալների երկու կազմի իրավունք։

Համաքաղաքացիներից բաղկացած երդվյալ ատենակալների մեծ ժողովը հավաքվում է քննելու կառավարության կողմից կասկածյալի դեմ հավաքագրված փաստերը։

«Սա նշանակում է, որ դաշնային դատախազները պետք է քո համաքաղաքացիներից բաղկացած երդվյալներին համոզեն իրենց փաստերով, որպեսզի կարողանան քեզ մեղադրանք առաջադրել»,-շեշտում է նա, ապա շարունակում. «Եթե երդվյալ ատենակալների մեծ ժողովը թույլ է տալիս մեղադրանքի առաջադրումը, քո գործը փոխանցվում է քո համաքաղաքացիներից բաղկացած երդվյալ ատենակալների մեկ այլ կազմի, որոնք էլ որոշում են մեղավորության հարցը»։

Հատկանշական է, որ ԱՄՆ Հիմնական օրենքում երդվյալ ատենակալների ինստիտուտի գործածման իրավունք է նախատեսվում ոչ միայն քրեական գործերի համար, այլեւ այն քաղաքացիական գործերի, որոնց անհամաձայնության առարկան գերազանցում է քսան դոլարը։

Սակայն, վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանի կարծիքով` երդվյալների դատարանը չպետք է լինի ամենօրյա գործեր քննող դատարան։

«Անգամ բոլոր քրեական գործերով պետք չէ երդվյալներ հավաքագրել։ Երդվյալների կիրառումը պետք է լինի մեղադրյալի ցանկությամբ` ծանր եւ առանձնապես ծանր որոշ գործերի դեպքում, որոնց շրջանակները պետք է սահմանի Քրեական դատավարության օրենսգիրքը»,-ասում է իրավաբանն, ընդգծում` հատկապես այն դեպքերում, երբ հնարավոր է տասը տարուց ավելի ազատազրկում, մեղադրյալներին պետք է հնարավորություն տալ` մեղավորության հարցի որոշումը փոխանցել երդվյալ ատենակալների դատին։

Դատարանում պետք է իրական մրցակցություն լինի

Մեզ հետ զրույցում իրավաբանը բացատրեց նաեւ, որ անմեղության կանխավարկածը կենսունակ է միայն երդվյալների դատարանում, քանի որ մեղադրական եւ պաշտպանական կողմերի միջեւ իրական մրցակցություն կարող է լինել միայն երդվյալների առջեւ։

«Սովորական դատարաններում, մրցակցության հնարավորությունները շատ սահմանափակ են։ Դատարանները, որպես կանոն, հակված են լինում մեղադրանքի իշխանության շահերի սպասարկմանը։ Սա օրինաչափություն է»,- փաստում է Քոչարյանը եւ բացատրում, որ քանզի ե՛ւ դատարանը, ե՛ւ հանրային մեղադրողները պետական մարմիններ են, «նրանք շատ հարցերում համերաշխ են միմյանց նկատմամբ»։

Այս պարագայում, դատարանը ոչ թե գործ է քննում, այլ «շարունակում մնալ հանցավորության վերահսկողության, դրա դեմ պայքարի ստվերային մարմին` նույն իրավապահը, պարզապես պատմուճան հագած»։

Երդվյալներն իրավական հարցեր չէ, որ քննում են

Քոչարյանն անդրադարձավ նաեւ հարցին` արդյո՞ք սովորական քաղաքացին ունի բավարար իրավական գիտելիք քրեական գործ քննելու համար։

Ըստ նրա` «Երդվյալների դատարանը փաստերի դատարան է։ Նրանք իրավական հարցերով չեն զբաղվում։ Նրանք ընդամենը, իրենց համոզմունքների հիման վրա, գնահատում են դատարանում հետազոտված ապացույցները։ Այստեղ իրավաբանական բարդ, սովորական քաղաքացու ուղեղի համար անհաղթահարելի ոչինչ չկա։ Երդվյալ լինելու համար իրավաբանական գիտելիքների կարիք չկա»։

Հարեւան Վրաստանում, որտեղ 2011-ից ի վեր գործում է երդվյալների դատարան, գործում է այս նույն տրամաբանությունը։

Վստահել ժողովրդին

«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Եթե ժողովրդին վստահվում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ձեւավորումը, ինչո՞ւ չպետք է վստահվի դատական իշխանության ձեւավորումը»,- հարց է հնչեցնում Քոչարյանը` մանրամասնելով, որ Վրաստանն այս ինստիտուտը ներդրեց, քանի որ ժողովրդավարությանը ձգտող հասարակություն էր։

Միեւնույն ժամանակ, Բրայեն Էլիսոնն էլ մեզ հետ զրույցում` հղում կատարելով ԱՄՆ գործադիր իշխանության կողմից անձանց ձերբակալություններին, հետո էլ` արտաքսումներին, ընդգծում է քաղաքացիների կողմից երդվյալ ատենակալների ֆունկցիայի պատշաճ ընկալման կարեւորությունը։

«Գործադիր իշխանությունը պետք է իր դիրքորոշումը ներկայացնի դատարանի առջեւ։ Դա տեղի չի ունենում, ինչի արդյունքում սխալներ են թույլ տրվում, ուստիեւ չկա թափանցիկություն»,-քննադատում է նա եւ խնդրահարույց համարում այն հանգամանքը, որ «ամերիկացիների մեծ մասը, հավանաբար, այսքանը չեն կարողանա բացատրել»։

Քոչարյանը վերահաստատում է, իր գնահատմամբ` երդվյալների ինստիտուտի ներդնումը միակ գործուն եւ կենսունակ միջոցն է ՀՀ-ում իրական դատական անկախություն ապահովելու համար։ Եթե չներդնվի, առաջիկա տասնամյակներում դատական իշխանությունը չի դառնա ինքնուրույն։

«Երդվյալների ինստիտուտը ժողովրդավարության գոհար է։ Նրա թողած էֆեկտը արդարության հաստատման գործում, հասարակության ներսում բացառիկ է։ Մեր նման երկրում, որտեղ դատական իշխանության նկատմամբ խրոնիկ անվստահություն կա, այս ինստիտուտն ուղղակի անհրաժեշտ է»,-եզրահանգում է Հովհաննես Քոչարյանը։

Իրավաբանական գիտությունների թեկնածուն տեղեկացրեց նաեւ, որ երդվյալների դատարաններում արդարացման վերդիկտներն ավելի հաճախ են կայացվում, քան սովորական դատարաններում։

Երդվյալների ինստիտուտը սահմանափակում է քաղաքական իշխանությանը

Նրա կարծիքով` որեւէ ինստիտուտի ներդնում այնքան բյուրոկրատական դիմադրության չի հանդիպել, որքան երդվյալներինը։

«Շատ պարզ է, թե ինչու։ Քաղաքական իշխանությունը կզրկվի դատարանների վրա ազդելու շատ գործուն լծակներից։ Հետխորհրդային երկրներում քրեական օրենսգրքերը մնում են քաղաքական հարցեր լուծելու եւ քաղաքական կոնֆլիկտները հաղթահարելու գործիքներից մեկը։ Երդվյալների դատարանի ներդնմամբ, դա կդադարի այդպիսին լինել»,-ասում է Քոչարյանը, շեշտում` երդվյալների կիրառումը «քաղաքական իշխանավորների ձեռքից ահռելի իշխանություն է դուրս թողնում»։

Այս է պատճառը, ըստ Քոչարյանի, որ քաղաքական իշխանությունը չի ցանկանա ողջունել այս ինստիտուտի ներդնումը։

«Իրական ժողովրդավարության ձգտող հասարակություններում է միայն, որտեղ այս ինստիտուտը կարող է կիրառվել։ Եթե հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների նկատմամբ կա քամահրական, կեղծ, թերահավատ մոտեցում, այս ինստիտուտի ներդնումը մեծ դժվարությունների է հանդիպելու բոլոր կողմերից»։

Հարցը քննարկվո՞ւմ է

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակին հարցրինք` նախարարի գլխավորած սահմանադրական բարեփոխումների խորհրդում երբեւէ քննարկվե՞լ է նոր մշակվող սահմանադրության մեջ երդվյալների մասին դրույթը վերականգնելու հնարավորությունը։

«Ոչ, չի քննարկվել»,-Մարիամ Մելքումյանի պատասխանն էր։

Երդվյալների ինստիտուտը՝ լայն բարեփոխումների խթան

Հովհաննես Քոչարյանն ամփոփում է` երդվյալ ատենակալների ինստիտուտը ոչ միայն կամրապնդի դատական անկախությունն ու ժողովրդավարությունն, այլեւ խթան կհանդիսանա դատախազական, քննչական եւ ոստիկանական աշխատանքի որակի բարձրացման համար։

«Քանի որ երդվյալների դատարանում անմեղության կանխավարկածը դառնում է ավելի կենսունակ եւ շոշափելի, սա նշանակում է, որ գործը հաղթելու համար դատախազները հարկադրված են լուրջ համոզչական եւ հոգեբանական ջանքեր գործադրել` հավատարիմ մնալով խոսքի կուլտուրային եւ հասարակության բարոյական նորմերին»,- ասում է նա եւ պնդում` երդվյալների ինստիտուտը կստեղծի համակարգ, որտեղ կգործեն «որակապես բարձր դատախազներ, հզոր եւ փայլուն հանրային մեղադրողներ, այլ ոչ դատախազներ, որոնք պարզապես ապարատի մի օղակ են, որոնց սպասարկում է ապարատի մեկ այլ օղակ` դատարանները»։

Հաշվի առնելով միջազգային փորձը, հնարավոր դրական էֆեկտները եւ ՀՀ առաջին Սահմանադրությունը, տրամաբանական կլինի, որ սահմանադրական բարեփոխումներով զբաղվող գործիչներն առնվազն քննարկեն Հայաստանի դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնելու հնարավորությունը։

Ներդնման պարագայում, իհարկե, պետք է կանխարգելվեն ապօրինի հնարավոր ազդեցություններն ու ճնշումները երդվյալների նկատմամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930