Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է՝ վստահելու պատճառներն ասեմ։ Դա ավելի կարճ կտեւի։ Չկա»․ «Սրբազան պայքարը» շարունակում է «հանրաքվեն»

Ապրիլ 10,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան պայքարը» շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը անվստահություն հայտնելու սիմվոլիկ հանրաքվեն՝ «Չեմ վստահում» նախաձեռնությունը։

Քաղաքացիների չորս խումբ

Aravot.am-ն այսօր ներկա է գտնվել «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանին կից տեղակայված ստենդում։ Մեր այնտեղ անցկացրած մոտ 40 րոպեների ընթացքում (19:33-20:15) անցորդների չորս խումբ արձանագրեցինք․ քաղաքացիներ, որոնք միացան սիմվոլիկ ակցիային․ քաղաքացիներ, որոնք անարձագանք անցան ստենդի կողքով․ քաղաքացիներ, որոնք թեեւ բարձրաձայն արտահայտեցին իրենց անվստահությունը վարչապետին, նաեւ հավելեցին, որ իմաստ չեն տեսնում այս գործընթացի մեջ եւ քաղաքացիներ, որոնք քննադատեցին հենց «Սրբազան պայքարին»։

Միացողները կամ անարձագանք թողնողները հավասարապես գերակշռում էին։ Գործընթացի մեջ իմաստ չտեսնող քաղաքացիները մոտ մեկ տասնյակ անցորդներ էին։ Իսկ «Սրբազան պայքարին» քննադատող անցորդներն ակնհայտ փոքրամասնություն էին՝ չորս քաղաքացի։

«Հանրաքվեին» միացած քաղաքացիներից ոմանք՝ խնդրելով մնալ անանուն, պատասխանեցին Aravot.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞ւ չեք վստահում Փաշինյանի կառավարությանը։

Չենք վստահում․ քաղաքացիներ

«Չենք վստահում Նիկոլ Փաշինյանին։ Լավ չի կառավարում մեր երկիրը։ Օրինակ՝ մարզերի ենթակառուցվածքները կարող է ավելի շատ զարգացնել։ Վերջերս Սեւանի ճանապարհին ինչ-որ մոլ են բացել, ու այդ տարածքին կից բոլոր մարզերից գալիս են այդտեղ, քանի որ ժամանցի համար նրանց համար միայն դա կա։ Մարզերում պետք է ճանապարհները սարքել, բայց ոչ միայն գլխավոր ճանապարհներն, այլեւ այն ճանապարհները, որոնք տանում են դեպի դպրոցներ եւ մանկապարտեզներ։ Ինչո՞ւ պետք է երեխան իրավունք չունենա անվտանգ հասնել դասի»,- ասաց մի ուսանողուհի։

«Չեմ վստահում, որովհետեւ որեւէ խելքը-գլխին արգումենտ չկա վստահելու այդ մարդուն եւ այս իշխանությանը։ Յոթ տարիների ընթացքում երեւի միայն առաջին երեք ամիսներին է նա վստահություն ներշնչել ինձ, այդ ժամանակ էլ քաղաքականապես անգիտակից վիճակում էի։ Ամեն ինչ պարզ է», – կարծիք հայտնեց մի երիտասարդ կին։

«Հանրաքվեի» ստենդին մոտեցան ամուսիններ։ Կինը նշեց․ «Էսքան բանից հետո ո՞նց վստահենք։ Ինչ կար-չկար կորցրինք, էլ ո՞նց վստահ ենք։ Ցանկացած գիտակից մարդ չի վստահում»։ Ամուսինն էլ, որն իր «քվեաթերթիկի» վրա «տականք» գրառումը կատարեց, հավելեց․ «Վստահելու բան չկա, բացարձակապես չկա»։

«Ավելի լավ է՝ վստահելու պատճառներն ասեմ։ Դա ավելի կարճ կտեւի։ Չկա», – կատակեց մի կին։ Իր հետ զբոսնող մեկ այլ կին հղում կատարեց վարչապետի՝ գործադիրի այսօրվա նիստին արած հայտարարությանը։ «Նա այսօր խոստովանեց, որ նրանք բոլորը տգետներ են։ Նա ասում է, որպեսզի իրեն չասեն»։

Միացողներից էր նաեւ մի երիտասարդ տղա․ «Ինքը նորմալ չի։ Նորմալ վարչապետ չի։ Նորմալ չի պահում իրա երկիրը», – մեզ ասաց տղան։

«Տո իրան սկի իրա կնիկը չի վստահում, ուր մնաց ես վստահեմ», – նշեց Փաշինյանից դժգոհ մի տղամարդ։

«Շուտ պրծնենք սրանից», – Aravot.am-ին ասաց մեկ ուրիշ քաղաքացի։

«Բա՞ն է փոխվելու»

«Հա, բայց եթե ստորագրենք, բա՞ն է փոխվելու։ Գնալո՞ւ է Նիկոլը։ Հրապարակում 50 հազար մարդ հավաքվեց, բան չեղավ, էսպե՞ս է լինելու», – քննադատեց մի կին, որը չթաքցրեց՝ չի վստահում իշխանությանը բայցեւ չմիացավ ակցիային։

«Ձեզ չենք վստահում»․ քաղաքացի

«Ձեզ չենք վստահում, Ձեզ», – նյարդայնացած ասաց մեկ այլ կին, որն արագ հեռացավ՝ չցանկանալով մեզ հետ կիսել իր տեսակետները։

Մեր Հայաստանն առանց Արցախի միշտ կիսատ է եղել ու կիսատ էլ կլինի․ քաղաքացի

Հասցրինք այցելել նաեւ Սուրբ Աննա եկեղեցուն կից ստենդ։ Սակայն, ակցիայի ավարտին քսան րոպե էր մնացել, այստեղ ակտիվություն չնկատեցինք։

Այս կետում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնած մի քաղաքացու հետ խոսեցինք․ «Չեմ վստահում, որովհետեւ իրենց Հայաստանում հերոսը հարկ վճարողն է, իմ Հայաստանում, հայերի Հայաստանում՝ հերոսը Մոնթեն է, Վազգենն է, այն տղերքը, որոնք գնացին, կռվեցին մեր երկրի համար։ Մեր Հայաստանն առանց Արցախի միշտ կիսատ է եղել ու կիսատ էլ կլինի։ Չեմ վստահում նրանց»։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930