Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ, ինչպես նաև հայտարարվել է նոր Հանրային Խորհրդի 45 անդամների ամբողջական ձևավորման մասին:
Նախ՝ սրտանց շնորհավորում եմ պարոն Արա Խզմալյանին և Հանրային խորհրդի մյուս 44 անդամներին հանրային ծառայության ստանձնման կապակցությամբ։ Բոլորին մաղթում եմ մեծագույն հաջողություններ իրենց անհատական ու հավաքական արարումներում։
Հանրային խորհրդի հասարակական ընկալումները, ցավոք, որոշ չափով աղճատված են։
Կարդացեք նաև
1․ Նախ հանրության լայն շերտերը տեղյակ չեն, որ այն հասարակական կարգավիճակ է, ոչ թե պաշտոն, չի վճարվում պետական բյուջեից, անդամներն ու նախագահը որևէ աշխատավարձ չեն ստանում։
2․ Հանրության մի շերտի մոտ կա ընկալում, թե այն սեփական անհատական բողոքը ներկայացնելու ու իր խնդրին լուծում գտնելու ատյան է, ինչը այդպես չէ։ Այդ մարմնի առաքելությունն է փորձագիտական եզրակացություն տալ հանրային շահի վրա կառավարության որևէ որոշման, ծրագրի, ԱԺ ընդունած օրենքի ազդեցության կապակցությամբ, կամ հակառակը՝ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող սոցիալ-տնտեսական հարցերով ներկակացնել կարգավորման ու լուծման խորհրդատվական առաջարկություններ։
3․ Հանրության մի շերտի մոտ ընկալում կա, թե այն ներկայացուցչական մարմին է կամ «կիսանշանակովի-կիսաընտրովի» խորհրդարան է։ Դա այդպես չէ․ այն կուսակցական-քաղաքական համակարգի որևէ գործառույթ չի կատարում և այդ հարցերի լուծմանը թողնված է քաղաքական համակարգի ինստիտուտներին, իսկ Հանրային խորհրդի իրավասությունը տարածվում է գերազանցապես հանրային-սոցիալ, տնտեսական, էթնամշակութային-կրթական-առողջապահական և հանրային պաշտպանական տիրույթների վրա։ Այն ստվերային խորհրդարան չէ, ընտրված չէ և չունի ներկայացուցչական որևէ գործառույթ, չունի առաջնային մանդատ, հետևաբար չի կարող փոխարինել Ազգային ժողովին։ Հակառակը, այն անելիք չունի «իշխանության համար պայքարում» ու պետք է ապաքաղաքական /ապակուսակցական իմաստով/ ու չեզոք լինի։
4․ Հանրային խորհրդի մասին օրենքում վերջին փոփոխություններով նրա վրա դրվեց հանրային շահի-իրավունքի խախտման համակարգային դեպքերի փաստահավաք առաքելություն, ինչը այդ կառույցի դերը բարձրացնում է նախկինի համեմատությամբ։
Ուրախ եմ տեսնել, որ այս Հանրային խորհրդում քաղհասարակության, մտավորականության մեջ իմ բազում գործընկերներ են ներգրավված, և դա ինձ անչափ ուրախացնում է։ Անչափ ուրախ եմ նաև ՀԽ նախագահի համար, ու նրանց բոլորին ասում, որ պատրաստ եմ իմ համեստ փորձառությամբ, քաղած դասերով կիսվել, աջակցել, որքան կարող եմ։
Առանց չափազանցության ուզում եմ, որ նոր Հանրային խորհրդի նախագահին ու կազմին հաջողվի ավելին, քան մեզ է հաջողվել։
Ես այդ կառույցի անդամ ու նախագահ դարձել եմ բացարձակ իմ սպասումներին հակառակ, խոստովանեմ՝ նույնիսկ կառույցի հանդեպ թերահավատությամբ։ Շուրջ երկու տարվա գործունեությանս տհաճ անակնկալները մնալու են պաշտոնավարման հենց առաջին ամիսներից քովիդն ու արտակարգ դրությունը, ապա 44-օրյա պատերազմն ու ռազմական դրությունը և հետպատերազմական ծանր շրջանը։ Լուսավոր կետ են մնում իմ նորովի «հայտնաբերած» գործընկերները, որոնց հետ աշխատելը հաճույք էր և պատիվ, ու նաև 2 տարվա ընթացքում բազում կարևոր նախաձեռնություններն ու գործողությունները, որոնց համար ոչ միայն չեմ ամաչի, այլ կհպարտանամ։ Դրանց շատերի մասին մանրամասների հրապարակայնացնելու ժամանակը դեռ կգա․․․
Ինքս հասկացա, որ այս կառույցից հանրային ակնկալիքները պետք է ճիշտ ձևավորվեն ու կառավարվեն, այլապես հանրության հետ հաղորդակցությունը ճիշտ հունով չգնա։
Ես մաղթում եմ, որ մեր իրավահաջորդները չապրեն ու չստեղծագործեն այն ժամանակներում ու պայմաններում, որը մեզ բաժին հասավ։ Թող նրանք իրենց հանրային ծառայությունն իրականացնեն խաղաղության ու զարգացման պայմաններում՝ իրենց նպաստը բերելով Հայաստանի Հանրապետության դիմակայունության, առաջընթացի ու հզորացման գործին։
Իհարկե, 2026թ ընտրական տարի է, և այդ ժամանակ էլ հնարավոր է Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորում, ինչը յուրաքանչյուր կառավարության իրավունքն է։ Բայց հուսով եմ, որ նրանք այս 1 տարում այնքան կադապտանան իրենց առաքելությանը, որ հանրությունն էլ, իշխանությունն էլ կցանկանա նրանց հետ աշխատել կանոնավոր ռեժիմով ու երկարատև։
Ձեզ բարի երթ, հարգելի ընկերներ, հանուն Հայաստանի Հանրապետության»: