Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 12-ի գործով ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկանների ոչ մի ագրեսիվ գործողություն, ոչ մի բռնություն արձանագրված չէ». Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 10,2025 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ այսօր կայացավ «Հունիսի 12-ի գործի» հիմնական դատալսումների երրորդ նիստը, որում դատավարության մասնակիցները ուսումնասիրեցին մեղադրող կողմի ներկայացրած՝ բոլոր մեղադրյալների վերաբերյալ տեսագրությունների արձանագրությունները:

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ ցուցադրված բոլոր տեսանյութերում իրականությունը նկարագրված է առնվազն ոչ ամբողջական, պարզ երեւում է, որ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկանների ոչ մի ագրեսիվ գործողություն, ոչ մի բռնություն արձանագրված չէ եւ այս քրեական վարույթի շրջանակներում որեւէ հետեւանք չի առաջացրել:

«Մենք այդպիսի բազմաթիվ դրվագներ ենք տեսնում: Ինչ վերաբերում է մեղադրյալներին, կոնկրետ Լեւոն Սաֆարյանն ինքը հայտարարություն արեց այն մասին, որ հարված է ստացել եւ ցավից ոստիկաններին ուղղված ինչ-որ գործողություն է կատարել: Այսինքն, դրդումը եղել է էմոցիոնալ եւ որեւէ կերպ խուլիգանական չէ: Նույնը, առնվազն իմ պատկերացմամբ, վերաբերում է բոլորին, որոնց գործողություններին եւս տեղյակ եմ»,-լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Շատ կարեւոր է՝ նաեւ հանրությունը տեղեկանա, որ այս տեսագրությունները եղել են հրապարակային: Մարդիկ տեսել են, թե ով է ագրեսիա դրսեւորել՝ ոստիկաննե՞րը, թե՞ քաղաքացիները: Առավելապես ակնհայտ է, որ ագրեսիա դրսեւորողները ոստիկանության ծառայողներն են: Այսինքն, մեր պատկերացմամբ, նախաձեռնողները ոստիկաններն են: Եվ տարօրինակ չէ, որ երկու քրեական վարույթ կա: Սա մեկն է: Մյուսը քնած վիճակում է, որեւէ մեղադրյալ չկա: Այսպիսի տակտիկա են ընտրել. թող քննեն, թող պարզեն: Ոչ մի բան էլ չեն քննում, ոչ մի բան էլ չեն պարզում»,-ավելացրեց իրավապաշտպանը:

Դատական նիստի ավարտին հինգ մեղադրյալների պաշտպանությունն ստանձնած փաստաբան Վարդուհի Սարգսյանը խափանման միջոցի հետ կապված միջնորդություն ներկայացրեց, որ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է նաեւ էլեկտրոնային հսկողությունը համապատասխան սարքերի առկայությամբ: Սակայն իրենց պաշտպանյալների պարագայում չկան այնպիսի սահմանափակումներ, որոնք էլեկտրոնային հսկողության անհրաժեշտություն առաջացնեն: Եվ միջնորդեց դատարանին, որպեսզի այդ էլեկտրոնային հսկողությունը վերացվի:

Դատարանը միջնորդությունը հիմնավոր համարեց եւ վարույթով ներգրավված բոլոր մեղադրյալների նկատմամբ էլեկտրոնային հսկողությունը վերացրեց:

Դատավարության ընթացքում նիստերի դահլիճում էր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930