«80 թիվը վերաբերում է բռնի անհետացածներին, և այս խումբը չի նույնանում անհետ կորած անձանց հետ։ Բռնի անհետացածների հետ կապված ունենք ստուգված ապացույցներ տեսանյութերի, լուսանկարների կամ ականատեսների վկայությունների տեսքով, որոնք հաստատում են ողջ հայերի՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից ազատությունից զրկվելու հանգամանքը»,- հիշեցմանը՝ նշեցիք, որ 80 հայեր բռնի անհետացման են ենթարկվել և հարցին՝ ո՞ր ժամանակահատվածի մասին է խոսքը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ այսպես պատասխանեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց՝ այս դեպքերը վերաբերվում են 2020 թվականին․ «Այդ անձինք առնվազն կարճատև ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ֆիզիկական հսկողության ներքո, սակայն հետագայում մեզ հայտնի չէ՝ ինչ է տեղի ունեցել։ Առանձին անձանց տեսել են և′ փակ հաստատություններում, և′ այստեղ հավասարապես գոյության իրավունք ունի ինչպես ողջ փակ վայրերում փակված լինելու, այնպես էլ սպանված լինելու կանխավարկածը։ Մենք չգիտենք գտնվելու վայրը, ճակատագիրը, և սա է պատճառը, որ նրանք որակվում են՝ որպես բռնի անհետացած։ Նրանք նախ բռնվել են, հետո հարկադրաբար տարվել դեպի անհայտություն։ Ադրբեջանի համար կա հստակ պարտավորություն նախաձեռնել վարույթներ, հարցաքննել ականատեսներին, փնտրել, պարզել ճակատագրերը և ապահովել ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Այսինքն՝ մենք ունենք թե′ սկզբնական զոհեր, որոնք բռնի անհետացածներ են և թե′ երկրորդական զոհեր, որոնք ընտանիքի անդամներն են։ 80 անձի առնչությամբ բազմաթիվ հարցումներ եղել են։ Թե′ ՄԱԿ-ի մեխանիզմների, թե Եվրոպական դատարանի մեխանիզմների հետ կապված Ադրբեջանն ունի մերժողական մոտեցում։ Բռնի անհետացումը ևս պատերազմական հանցագործություն է։ Նույնիսկ, եթե այս անձինք ողջ են, բայց բռնի անհետացել են, սա կրկին միջազգային հանցագործություն է»։
Լրագրողները հիշեցրին՝ խոսեցիք այժմ պատանդառված 23 հայերի խոշտանգումների մասին, նաև, որ նրանք շարունակում են անմարդկային պայմաններում լինել և խնդրեցին հնարավորությունների սահմաններում փակագծեր բացել։ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Հայրենադարձվածները վկայություն են տալիս այնպիսի պայմանների մասին, որը հանգեցնում է նաև ֆիզիկական տառապանքի հետևանքների։ Տևական ժամանակ անքուն մնալ, զրկված լինել նստելու, պառկելու հնարավորությունից։ Դա ֆիզիկական տառապանք է պատճառում, դրանք որպես կանոն զուգակցվում են բռնությունների հետ»։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք 2020-ին տարեց տղամարդուն գլխատած ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու որոշումը, և ըստ պաշտոնական պարզաբանման՝ դրա համար հիմք է ընդունվել այն պայմանավորվածությունը, որը կայացվել է 2007-ին, և 2024-ին էլ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց այդ պայմանավորվածությունները վերահաստատել են, որ ԱՊՀ տարածքում միմյանց քաղաքացիներին չեն հետախուզելու, Սիրանուշ Սահակյանն ասաց․
Կարդացեք նաև
«Այստեղ առնվազն հակասական և անտրամաբանական գործելակերպ եմ տեսնում։ Վկայակոչված պայմանավորվածությունները առնչվում էին 2007-2014-ին։ Եթե նման իրավական պարտավորվածություններ կային, որոնք կաշկանդում էին կողմերին՝ այդ թվում հայկական կողմին, ապա ի սկզբանե նման հետախուզում չպետք է հայտարարվեր ի կատարումն ձեռք բերված պայմանավորվածությունների, իսկ եթե կատարվել է, ուրեմն ավելի բարձր արժեքի խնդիր է եղել, ու Հայաստանը պետք է կարողանար հետևողականություն ցուցաբերել իր գործողության առնչությամբ։ Սա դիտարկում ենք հենց ներկա քաղաքական գործընթացների համատեքստում, երբ ՀՀ-ն հրաժարվում է միջպետական գործերից, ցանկանում է հրաժարվել ապագայում նոր հայցեր ներկայացնելուց, հրաժարվում է միջազգայնորեն բարձրաձայնել ադրբեջանցի հանցագործների նկատմամբ պատժամիջոցների հարցը, հրաժարվում է անգամ բարձրաձայնել անհատական քրեական պատասխանատվության հարցը։ Այսինքն՝ ունենք հրաժարումներ, որի նպատակը ադրբեջանական իշխանություններին չզայրացնելն է այն ակնկալիքով, որ նրանք լինեն կառուցողական և ստորագրեն խաղաղությանն առնչվող ինչ-որ փաստաթուղթ։ Միջազգային իրավունքը պահանջում է յուրաքանչյուր պետության ապահովել պատերազմական հանցագործություն կատարած անձի պատժելիությունը, իսկ այստեղ ՀՀ-ի կապը այդ հանցագործությունների հետ շատ ավելի ուղղակի է, որովհետև տուժած անձինք ՀՀ քաղաքացիներ են՝ էթնիկ հայեր, և նաև կատարվել է ՀՀ-ի շահերի դեմ հանցագործություն։ ՀՀ-ն ունի հստակ հիմքեր այդ հանցագործությունները բացահայտելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ