Citatum: «Democracy is what the main Democrat said»
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին հաջորդող օրերին, երբ պարզ դարձավ քվեների բաշխման հիմնական համամասնությունը, սկսվեց ուրվագծվել նաև նոր պառլամենտում ձևավորվող կոալիցիայի հնարավոր կազմը[1]: Ըստ այդմ նոր կառավարությունը ձևավորելու է այդ քաղաքական կոալիցիան:
Առաջին տեղ զբաղեցրած «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության (ՔԴԿ) ղեկավար, ամենայն հավանականությամբ ապագա Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կտրականապես մերժեց «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ (երկրորդ տեղ) կոալիցիոն կառավարություն կազմելու որևէ հնարավորությունը: – Մենք ձեզ ձեռք ենք մեկնում կառավարության մաս կազմելու համար, որպեսզի իրականացնենք ժողովրդի կամքը, Գերմանիայի կամքը,- ասել էր ԳՀԱ կուսակցության նախագահ Ալիս Վայդելը:
Կարդացեք նաև
– Նրանք կարող են ձեռք մեկնել որքան ուզում են, մենք մտադիր չենք մեր երկրի համար սխալ քաղաքականությամբ զբաղվել,- հակադարձել էր Մերցը:
Ավելի քան քառասուն օր տևած բանակցություններից հետո կոալիցիա կազմավորվեց ընտրությունների արդյունքներով առաջին և երրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունների միջև, որոնք երեկ վերջապես կարողացան փոխհամաձայնության գալ:
Եվ այսպես` կոալիցիան այլևս իրողություն է: Քրիստոնյա դեմոկրատները Քրիստոնյա-սոցիալիստների միության հետ, ինչպես և սպասվում էր, ապրիլի 9-ին կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել «Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (ՍԴԿ) հետ: Գրեթե 150 էջ կազմող փաստաթղթում կուսակցությունները պայմանավորվել են ստեղծել պարտքային արգելակի արդիականացման հարցերով փորձագիտական հանձնաժողով, իրականացնել հարկերի աստիճանական նվազեցում, բյուջետային ծախսերի կրճատում, ներդնել կամավոր զինվորական ծառայության համակարգը, և հատկապես, մի շարք կարևոր կետեր անօրինական ներգաղթի ավելի խիստ կարգավորումների վերաբերյալ:
Պառլամենտական որոշիչ քվեներ և մանդատ ստացած որևէ կուսակցություն հրաժարվեց որևէ կերպ համագործակցել ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ` վերջինիս համարելով պոպուլիստական, ուլտրաաջ և անարժան որևէ համագործակցության: Սա եվրոպական դեմոկրատական էլիտաների վերջին տասնամյակների քաղաքական կայուն գիծն է, համոզմունքը, նույնիսկ` հավատամքը…
Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան հարթ և սահուն է գնալու, ինչպես թվում է առաջին հայացքից: Արդյո՞ք ներքին քաղաքական ճգնաժամը (իսկ այն ակնհայտորեն դեռ չի հաղթահարվել նախորդ կառավարության հրաժարականով) հաղթահարված է:
Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ, ապրիլի 3-ին ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն առաջին անգամ Գերմանիայի նորագույն պատմության մեջ է զբաղեցրել ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ Գերմանիայում անցկացված հարցման արդյունքում՝ այն կիսելով Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) պահպանողական դաշինքի հետ: Այս մասին է վկայում Insa սոցիոլոգիական ինստիտուտի հետազոտությունը, որի արդյունքները շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, հրապարակվել են Bild թերթում։
Հարցման համաձայն՝ AfD-ի վարկանիշն առաջին անգամ բարձրացել է մինչև 24%՝ նույնքան, որքան CDU/CSU-ն։ Հարցումն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 4-ը Գերմանիայի 1206 քաղաքացիների շրջանում։
Ապրիլի 3-ին Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտը հրապարակել է իր հարցման արդյունքները։ Նա նաև նշել է, որ AfD-ին աջակցությունն առաջին անգամ է հասել 24%-ի։ Սակայն CDU/CSU վարկանիշն այնտեղ գնահատվել է 26%: «Ֆորսա» ինստիտուտը ապրիլի 1-ի հարցման ժամանակ հայտնել է, որ ծայրահեղ աջերի աջակցությունը կազմել է 24%, իսկ պահպանողականներինը՝ 25%:
Փետրվարի 23-ին Բունդեսթագի ընտրություններում CDU/CSU-ն ստացել էր ձայների 28,5%-ը, AfD-ը՝ 20,8%-ը։ Այդ ժամանակից ի վեր պահպանողականների վարկանիշը սոցիոլոգիական հարցումներում անշեղորեն նվազում է, իսկ ծայրահեղ աջերը՝ բարձրանում: «Նախկինում երբեք աջակցության նման կորուստ չի եղել դաշնային ընտրությունների և կառավարության ձևավորման միջև ընկած ժամանակահատվածում», – Bild թերթին ասել է Insa ինստիտուտի ղեկավար Հերման Բինկերտը:
Ի՞նչը այստեղ այնպես չէ…. Ի՞նչ չեն հաշվարկում Եվրոպայի սրտում գործող ժողովրդավարական քաղաքական էլիտաները իրենց քաղաքական գործընթացներում` ակամա առաջ մղելով պոպուլիստական քաղաքական ուժերին (և ոչ միայն Գերմանիայում), ակամա բարձրացնելով նրանք քաղաքական վարկանիշը:
Ժողովրդավարություն բառը վերջին տասնամյակներում քաղաքական և հասարակական խոսույթի մեջ գործածվող թերևս ամենատարածված բառն է: Եվ ընտրություններն այդ ժողովրդավարության գործնական կիրարկման ամենաառանցքային ինստիտուտներից են: Հենց ընտրությունների միջոցով է առարկայանում ժողովրդի կամքը, որը հետագայում իր արտացոլումը պիտի գտնի իշխանության ձևավորման և կառավարության գործունեության մեջ:
Բայց ի՞նչ է ժողովրդավարությունը իրականում: Այս հարցադրումը որքան հին է, նույնքան արդիական և չի կորցնում իր ակտուալությունը նաև այսօր: Վկան` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մյունխենյան ճառը և այդ նույն ժողովրդավարության մեկնաբանման և ընկալման առումով առաջացրած իրարանցումը եվրոպական և ոչ միայն, քաղաքական էլիտաներում: Թվում էր թե, ժողովրդավարության հայրենիք Եվրոպայում գոնե այդ հարցի պատասխանը միարժեքորեն տրված է արդեն շատ տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակ: Բայց պարզվեց` ամեն ինչ այդքան միարժեք չէ:
Եվ ուրեմն, ի՞նչ է ժողովրդավարությունը: Արդյո՞ք այն մեծամասնության իշխանությունն է փոքրամասնության նկատմամբ, ինչը տասնամյակներ շարունակ իբրև հանրագիտական ճշմարտություն հրամցվել է մեզ դեմոկրատական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից: Արդյո՞ք մեծամասնությունը, որը ստացել է ժողովրդի քվեն այնուհետ իրավասու է գործել բացառապես սեփական հայեցողությամբ` անտեսելով այլ քաղաքական ուժերին և նրանց քվեարկած հանրույթին:
Պարզվում է այդքան էլ տրիվիալ չէ ամեն ինչը, և իրականում այդքան էլ դյուրին ու անհետևանք չէ այդ մեծամասնության քաղաքական կամքի իրացումը գործնականում:
Իրականում Ժողովրդավարությունը սոցիալական համերաշխություն է, երբ իշխանությունը ձևավորվում է հասարակության բոլոր կամ գրեթե բոլոր շերտերի քաղաքական նախընտրությունները, կարծիքները և դիրքորոշումները հաշվի առնելով: Միայն այս դեպքում է իրական կայուն ժողովրդավարություն, երբ հաստատվում է իրական սոցիալական համերաշխություն հասարակության բոլոր, կամ գրեթե բոլոր խմբեր, խավերի և շերտերի միջև: Երբ առկա է նրանց կարծիքների, դիրքորոշումների և շահերի իրական ներկայացվածություն կառավարման մեջ, որովհետև կառավարությունները պիտի լինեն ամբողջ ժողովրդի կամքը իրագործող ինստիտուտներ, այլ ոչ` դրա մեծամասնության միայն:
Քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Մերցը բացառեց ծայրահեղ աջ ուժերի հետ, որոնք ստացել են Գերմանիայի ընտրողների ձայների ավելի քան 20%-ը, որևէ համաձայնություն կոալիցիայի ձևավորման հարցում` մերժելով ապագայում նրանց հետ որևէ համագործակցություն: Արդյոք դրանով նա «չեզոքացրեց» այդ քաղաքական ուժը: Իհարկե` ոչ: Արդյոք նա վերացրեց այն քաղաքական, գաղափարախոսական և կառավարչական ծրագրերն ու հայեցակետերը, որոնց քվեարկել է գերմանական ժողովրդի 1/5-ը: Բնավ:
Արդյո՞ք նա հասավ նրան, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը քվեարկած տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ կփոխեն իրենց դիրքորոշումը երկրի ղեկավարման և կառավարման հարցերում: Իհարկե` ոչ:
Իսկ ի՞նչ արեց նա: Իրականում Մերցը կառավարման բուն գործընթացից դուրս թողնելով ընտրապայքարում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժին, մարգինալացրեց այն, մղեց նրան ավելի մեծ և լայն կոնսոլիդացիայի, քանի որ չի լինելու ներկայացված կառավարության մեջ: Իսկ կուսակցության հետ միասին նա մարգինալացրեց այն ընտրազանգվածը և գերմանական հասարակության այն հսկայական շերտը, որը իր քվեն էր տվել ԱԳՀ-ին:
Նյուտոնի երրորդ օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել: Ցանկացած ազդեցություն ծնում է իր ուժին հավասար հակազդեցություն: Քաղաքականության մեջ այս օրենքն ավելի ազդեցիկ կիրառություն ունի: Ցանկացած ազդեցություն ծնում է իր ուժից մեծ հակազդեցություն:
Եվ խնդիրն այստեղ այն չէ, թե մենք համաձայն ենք նրանց գաղափարախոսությանն ու քաղաքական ծրագրերին, թե` ոչ: Խնդիրն այն է, որ գերմանական հասարակության 20%-ը այդպես է կարծում, և քաղաքականությամբ զբաղվող լիդերները, կուսակցությունները, քաղաքական էլիտաներն ու քաղաքական գործընթացի մնացած այլ մասնակիցներն ու ինստիտուտները պետք է հաշվի նստեն այս իրողության հետ: Որովհետև վերոգրյալ քաղաքական ինստիտուտները կոչված են ապահովելու ժողովրդավարությունը, դա նրանց քաղաքական, քաղաքացիական և սոցիալ-հասարակական առաքելությունն է, գոյության իմաստը: Մինչդեռ քաղաքական ինստիտուտները զբաղված են սեփական քաղաքական շահերի սպասարկումով: Եվ առաջ են մղում սեփական քաղաքական և կուսակցական օրակարգերը:
Նմանապես, Կոալիցիայի ինստիտուտը նրա համար չէ, որ քաղաքական կուսակցությունները իրենց քաղաքական, գաղափարախոսական և կուսակցական շահերի սպասարկման համար «տասովկաներ» անեն և դաշնային կառավարման պրոցեսներից դուրս թողնեն հասարակության հսկայական ընտրազանգվածի քվեն ստացած քաղաքական ուժին: Կոալիցիայի ինստիտուտը նրա համար է, որ եթե որևէ մեկ ուժ չի հավաքել կառավարության միանձնյա ձևավորման համար անհրաժեշտ 50+ ձայները, միավորվեն և կոալիցիա կազմեն առավել շատ ձայներ հավաքած կուսակցությունները` ապահովելու բնականոն պետական կառավարում և ժողովրդի ձայնի «կամքի», «քվեի» առավելագույն ներկայացվածություն կառավարման մարմնում: Սա է ժողովրդավարությունը: Կոալիցիան կոմպրոմիս է: Քաղաքական ուժերի միջև կոմպրոմիս, որը միտված է հասարակության հաշտեցմանը, այդ ձևով սոցիալական համերաշխության հաստատմանը, հասարակության կոնսոլիդացմանը: Եվ սա է ժողովրդավարությունը: Կոալիցիան էլ է ժողովրդավարության ինստիտուտ, այլ ոչ թե առանձին քաղաքական կուսակցությունների կուսակցական շահերի սպասարկման գործիք:
Ժողովրդի ավելի քան 20%-ը հավաքած կուսակցությանը կառավարման գործընթացներից դուրս թողնելով ՔԴԿ առաջնորդը բնավ նրանց չի չեզոքացնում երկրի քաղաքական գործընթացներից: Այլ ճիշտ ընդհակառակը` ավելի է հզորացնում:
Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի անտեսումը կոալիցիոն կառավարության մեջ, արդյունքում, պարբերաբար բերելու է այդ կառավարության լեգիտիմության խնդրին: Այս խնդիրը անընդհատ է ծագելու, կառավարման կամ քաղաքական յուրաքանչյուր փոքր կամ մեծ ճգնաժամերում:
Քաղաքական էլիտաները ժամանակի ընթացքում չպետք է կարծրանան, լճանան և տառապես անսխալականության սինդրոմներով: Նրանք պետք է միշտ հիշեն, որ ներկայացնում են (պիտի ներկայացնեն) ժողովրդի կամքը, և պիտի ձևավորվեն և գործեն այդ ժողովրդի կամարտահայտմանը համապատասխան: Անկախ քաղաքական էլիտաներում իշխող քաղաքական հայացքներից, նրանք պիտի հաշվի նստեն ընտրությունների արդյունքներում ամփոփված ժողովրդի տեսակետի հետ: Չպետք է վախենալ սեփական ժողովրդից և նրա կարծիքից, պետք է հաշվի նստել դրա հետ: Սա է ժողովրդավարությունը: Եվ հենց այս մասին էր խոսում Փոխնախագահ Վենսը մյունխենյան համաժողովին, որը բազում կրքեր բորբոքեց Եվրոպայում և աշխարհով մեկ:
«Ժողովրդավարությունը հիմնված է մեկ սուրբ սկզբունքի վրա՝ ժողովրդի ձայնը կարևոր է: Դու չես կարող հասնել ժողովրդավարական մանդատի՝ արգելելով հակառակորդներին բարձրաձայնել իրենց կարծիքը, բանտարկելով նրանց կամ անտեսելով նրանց տեսակետները՝ լինի դա միգրացիայի, տնտեսության կամ անվտանգության հարցերի վերաբերյալ: Եվրոպան բախվում է բազմաթիվ մարտահրավերների, բայց ներկայիս ճգնաժամը, որը մենք միասին ենք ապրում, մեր իսկ կողմից է ստեղծված: Եթե դուք վախենում եք սեփական ժողովրդից, Ամերիկան չի կարող ձեզ օգնել։
Պետք է ականջալուր լինել քաղաքացիներին, նույնիսկ եթե նրանք ասում են բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս: Միայն այդ դեպքում կարող ես վստահորեն նայել ապագային՝ իմանալով, որ երկիրը քո թիկունքում է: Սա է ժողովրդավարության մոգական բնույթը։ Դա վեհաշուք շենքերում և գեղեցիկ հյուրանոցներում չէ, ոչ էլ մեր ստեղծած կառույցներում ու հաստատություններում։ Դա մեր քաղաքացիների ձայնի ու իմաստության մեջ է։» – ասել էր ԱՄՆ Փոխնախագահը:
Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ
Հանրային կառավարման մասնագետ, վերլուծաբան
[1] ՔԴԿ/ՔՍԿ – 28.5%, ԱԳՀ – 20.8%, ՍԴԿ – 16.5%, Կանաչներ – 11.6, Ձախեր – 8.8%