Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում սպասվող հետընտրական զարգացումներին, չի բացառում մանդատագողությունը՝ ավագանու ընդդիմադիր անդամների վրա ճնշումներ գործադրելու, նրանց ձերբակալելու, քաղաքապետի թեկնածուին կալանավորելու միջոցով։
Ըստ նրա, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ընդունում, որ պարտվել է Գյումրիում, ընդդիմադիր ուժերը, որոնք պատրաստվում են քվեարկել` «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու օգտին, «Ա» տարբերակից բացի պիտի մշակեն նաև «Բ» և «Գ» տարբերակներ։
«Գործ ունենք մի իշխանության հետ, որը սեփական պարտությունը ներկայացնում է որպես հաղթանակ՝ մոռանալով, թե ընտրությունից մեկ օր առաջ՝ մարտի 29-ին, իրենք ինչեր էին խոսում, ինչի վրա էին հույս դնում, ինչ ծրագրեր ունեին։
Եվ հիմա սեփական խայտառակ պարտությունը, երբ գյումրեցի ընտրողների 63 տոկոսը դեմ է քվեարկում ՔՊ-ին, ներկայացնում են, թե դա ինչ է, մենք վերջիվերջո առաջին տեղն ենք գրավել։ Ու չեն մանրամասնում, որ իրենք առաջին տեղն են գրավել` ընդամենը 37 տոկոս ձայներ հավաքելով, մոռանում են, որ ընտրություններից առաջ Սարիկ Մինասյանն ասում էր՝ վաղը կգաք, ինձ կշնորհավորեք, իսկ մյուս բոլոր քայլիստներն էլ բարձրաձայնում էին, թե իրենք «50 պլյուս» ձայն ունեին։
Կարդացեք նաև
Անունները չտամ, թե՛ մարզպետը Շիրակի, թե՛ Վահագն Ալեքսանյան անուն-ազգանունով անձը, թե՛ Սարիկը Մինասյանը։ Բոլորով հայտարարում էին՝ ինչ կոալիցիա, ինչ պարտություն։
Հիմա սեփական 37 տոկոսը, որի մեջ շատ մեծ ներդրում ունեն Գյումրիի հետ առնչություն չունեցող, բայց Գյումրիում գրանցված որոշ անձինք, փորձում են ներկայացնել որպես հաղթանակ»,-ասում է քաղաքագետը։
Ըստ նրա, ընդդիմությունը պիտի գիտակցի, որ գործ ունի այնպիսի ուժի հետ, որը տարբեր համայնքներում աչքի է ընկել մանդատագողությամբ։
«Պիտի հաշվի առնենք նաև, թե մեր ընդդիմությունը ում հետ գործ ունի, գործ ունի Նիկոլի նման մարդու հետ, որը մանդատագող է, և այդ մարդը մանդատ գողանում է տարբեր ձևաչափերով՝ կարող է ձերբակալությունների միջոցով ճնշում գործադրել ավագանու անդամների վրա, կարող է կալանավորել տալ քաղաքապետի թեկնածուին, կարող է շահագրգռող միջոցներով դա անել, ինչպես, ըստ ասեկոսեների, այդ երևույթը շատ տարածված է Երևանի ավագանիում։ Տեսել եք՝ ընդդիմադիր են խաղում, բայց ապահովում են քվորումը, որպեսզի քայլիստներն իրենց ուզած նախագծերն առաջ տանեն։
Կարող են ընդհանրապես ուժային մեթոդների գնալ, ինչպես արեցին Ալավերդիում, կարող են ուղղակի ավագանու անդամներին տանել դեպի իրենց, ինչպես արեցին Ախուրյանում։
Եվ ընդդիմությունը իր պլան Ա-ից բացի, պիտի պլան Բ ունենա և հաշվի առնի բոլոր հանգամանքները։ Քայլիստներն ի վիճակի են Գյումրիում ամեն ցածրակարգ մեթոդներով իշխանությունը զավթել»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Նա նաև նշում է՝ եթե անգամ այս պահին իշխանազավթման փորձ չանեն, որոշ ժամանակ անց, ինչպես Ալավերդիում, Ախուրյանում պարտադիր կանեն՝ անելանելի վիճակ ստեղծելով ավագանու գործունեության համար, ձերբակալեն ընդդիմադիր դաշտի կարկառուն հակաիշխանական ավագանու անդամներին։
«Ե՛վ Վարդան Ղուկասյանը, և՛ Մարտուն Գրիգորյանը, և՛ Ռուբեն Մխիթարյանը, և՛ Կարեն Սիմոնյանը լավ պիտի հասկանան, որ իրենց ավագանու անդամները քայլիստների թիրախում են լինելու, քանի որ նրանց հարկավոր է երեք ձայն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ