«Մի բան է, երբ հայերը ներգրավում են փաստաբաններ միջազգային ատյաններում ներգրավելու համար, որտեղ ճանաչում են այդ ատյանների գործունեությունը, մեկ այլ բան է, երբ հայերը կամ իրենց օտարերկրյա փաստաբանները, որոնք վարձվել են ընտանիքների կողմից, իրենց ներկայությամբ կարող են լեգիտիմացնել այդ՝ այսպես կոչված դատավարությունները, որոնց ելքը կանխորոշված է»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա փաստեց՝ հայ փաստաբանները չունեն հնարավորություն արդյունավետ պաշտպանություն իրականացնելու, այդ՝ այսպես կոչված դատավարությունների ելքի վրա ազդելու, բայց իրենց ներգրավվածությամբ լեգիտիմացնում են այս շինծու պրոցեսները․ «Այս երկու հիմնական նկատառումներն են, որից ելնելով ընտանիքները հրաժարվել են Ադրբեջանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնելու նպատակով օտարերկրյա փաստաբաններ ներգրավելուց։ Ընդամենը մեկ անձ է, որը մասնավոր պաշտպան է վերցրել Ադրբեջանից, մյուսները հենվում են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող ծառայություններին, իսկ այս ծառայությունների որակի և այլ խնդիրների մասին կազմվել են բազմաթիվ զեկույցներ։ Այստեղ արձանագրված է, որ այս կառույցն ամբողջովին գրպանային փաստաբանություն է իրականացնում»։
Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ Ադրբեջանում հասարակության որոշակի քանակին բաժին ընկնող փաստաբանների թիվը երեք անգամ նվազ է, քան միջին եվրոպական շեմը․ «Սա հավելյալ հիմնավորում է այն թեզը, որ փաստաբանական համայնքը գտնվում է հետապնդման ներքո։ Այդ մասնագիտությունը հավասարեցված է վտանգավոր գործունեության հետ, որտեղ անձը կարող է ֆիզիկական սպառնալիքների և անվտանգային խնդիրների բախվել, և պալատը կառավարում է նրանց գործունեությունը և անհնազանդ փաստաբաններին որակազրկում»։
Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ Ռուբեն Վարդանյանն ունենա արտասահմանյան կոնսուլտանտներ, որոնք ավելի լայն կարող են լուսաբանել՝ ներկա լինելով այդ՝ այսպես կոչված դատին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Փաստաբանի, օգնականի, խորհրդականի, մասնագետի ինստիտուտ կա Ադրբեջանի օրենսդրությամբ, բայց հասկանալի է, որ նրանք ինքնուրույն և վճռորոշ գործելու հնարավորությունից զրկված են, և պետք է հասկանալ, թե ինչպիսի օգուտ կարող են տալ կոնսուլտանտները, որոնք պետք է ծառայեն ադրբեջանցի փաստաբաններին, որոնք ցուցումներ ստանում են ադրբեջանական իշխանությունների կողմից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ