Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունը ադրբեջանական մեղադրական եզրակացություններում ներկայացվում է՝ որպես հանցավոր կազմակերպություն»․ Տարոն Սիմոնյան

Ապրիլ 10,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրավական առումով հայկական կողմը բավականին զորեղ է։ Իր իրավունքների պաշտպանությունը թերևս միակ գործիքն է մնացել, որով պետք է հայկական շահը սպասարկվի»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ  հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

Նրա փաստմամբ՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Ադրբեջանի դատական գործընթացների դեպքում հիմնականում երկու ուղղությամբ է աշխատանք տարվում․ «Սրանք մեկ մեծ ռազմավարության մասն են, որ ադրբեջանական գործոնը ցանկանում է հայկական շահի դեմ իրականացնել։ Մեկը՝ ներպետական է․ այս դատավարությունները սպասարկում են իշխող վերնախավի շահերը, որ տեսեք՝ 30-ամյա թշնամիներին կարողացել ենք գերեվարել, ներկայացնում են՝ որպես նյուրնբերգյան դատավարություն, մինչդեռ մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձի և պետության հետ, որ ինքն է իրականացնում դատավարություններ այն անձանց նկատմամբ, որոնք տուժող են։ Այսինքն՝ լրիվ հակառակ տրամաբանությամբ»։

Տարոն Սիմոնյանը հայկական գործոնի դեմ կատարվող գործողությունները բաժանեց մի քանի հատվածի․ «Մեկ իրավական գործընթացի միջոցով ադրբեջանական կողմը չորս հիմնական թիրախի է խփում։ Առաջինն անձանց դեմ է, որոնք այսօր գերեվարվել են և նրանց դեմ կոնկրետ դատավարությունները, երկրորդը՝ Արցախի դեմ գործընթաց է, երրորդը՝ ՀՀ-ի դեմ կատարվող գործողություններ և հայ ազգի դեմ կատարվող իրավական գործընթաց։ Եթե նայում ենք մեղադրական եզրակացություններին՝ այն ինֆորմացիայի համաձայն, որ մենք ունենք՝ մեղադրական եզրակացություններում անձինք մեղադրվում են միջազգային հանցագործությունների կատարման մեջ, դրանցում կարմիր գծով գնում է այն, որ նրանք անդամակցում են հանցավոր կազմակերպությանը։ Այստեղ բոլոր նրանք, որոնք Արցախի Հանրապետության (ԱՀ) հետ որևէ ձևով առնչվել են, նրանք մեղադրական եզրակացության տակ են մտնում։

Հանցավոր կազմակերպությունը մարդկանց խումբ է, որոնք հանցավոր նպատակով իրականացման համար միավորվում են։ ԱՀ-ն ադրբեջանական մեղադրական եզրակացություններում ներկայացվում է՝ որպես հանցավոր կազմակերպություն։ Եվ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչվել են Արցախի Հանրապետությանը, մասնակցել են այդ հանրապետության գործունեության իրականացմանը, նրանք համարվում են հանցագործներ այդ մեղադրական եզրակացության տրամաբանության մեջ»։

Տարոն Սիմոնյանը փաստեց՝ անգամ միջազգային հանրության մոտ կոնսենսուս կար, որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն օրենքի խախտմամբ չձևավորված կազմակերպություն է, այլև ինքնորոշման իրավունքի հիման վրա ձևավորված կազմակերպություն․ «Արցախի պարագայում ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պետք է զբաղվեր Արցախի ինքնորոշման իրավունքի խնդրի լուծմամբ։ Այս դատավարություններն ուղղված են նրան, որ եթե դատավարությունը մի հատ էլ առանձին ճանաչում է Արցախի Հանրապետությունը՝ որպես հանցավոր կազմակերպություն, դա ևս մեկ իրավական գործիք է։ Ճիշտ է՝ ներպետական դատական որոշում է, բայց պետք է հասկանանք, որ միջազգային իրավունքում անգամ ներպետական դատական որոշումները կարող են դիտարկվել՝ որպես միջազգային իրավական նորմերը որոշակիացնող գործիքներ»։

Տարոն Սիմոնյանն ասաց՝ Ադրբեջանի թիրախներից մեկը պատասխանատվության բեռը անձանց վրա հիմնավորելն է և այդ կերպ տարածելն է ՀՀ-ի վրա․ «Եթե անձինք մեղադրվում են պատերազմական հանցագործության մեջ, չկա Արցախը՝ որպես սուբյեկտ և նրանք էլ Արցախի ներկայացուցիչներ չեն, այլ ՀՀ-ի ներկայացուցիչներ, ապա ո՞րն է գալիս պատասխանատվության հաջորդ մակարդակը՝ Հայաստանը։ Պատասխանատվության դաշտ բերելու համար անհրաժեշտ են իրավական մեխանիզմներ։ Ադրբեջանը պետք է փորձի կոնվենցիաներ գտնել, որ ՀՀ-ին ծանրաբեռնի հավելյալ պահանջներով։ Գրեթե չկան նման մեխանիզմներ։ Իրավական գործիքներ շատ չունի Ադրբեջանը, եթե չասենք, որ ընդհանրապես չունի։ Ադրբեջանը նաև այս գործողություններով հայ ժողովրդի դեմ է գործընթաց սկսել և փորձում առաջ տանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930