Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ի արտահերթ նիստում հաստատեց ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։
Օրվա ընտրությունը պատահական չէ․ անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհավորեց նիստին ներկա ԿԸՀ աշխատակազմին՝ հանձնաժողովի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Իր ելույթում նա կարևորեց ընտրական համակարգի ստեղծման, կայացման ու զարգացման անցած ճանապարհը, ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ միտված բարեփոխումները։
Նիստին հրավիրվել էին նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) ներկայացուցիչները։ ԿԸՀ զարգացման ռազմավարական պլանը նրանց հետ համագործակցությամբ է մշակվել։ ԿԸՀ նախագահը շնորհակալություն հայտնեց գրասենյակի ներկայացուցիչներին ընդգծելով, որ առանց գործընկերների աջակցության նախագիծը հնարավոր չէր լինի պատրաստել։
Կարդացեք նաև
Վահագն Հովակիմյանը նիստում անդրադարձ կատարեց նաև մարտի 30-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններին հիշեցնելով, որ թե՛ Գյումրի, թե՛ Փարաքար համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դատական կարգով։
«Այո՛, ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, և հետևություններ կարվեն, որոշ դեպքերում այդ թերությունները կունենան նաև իրավական հետևանքներ, բայց փաստը այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի մասին»,-ասաց ԿԸՀ նախագահը։
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս շնորհավորեց հանձնաժողովին՝ զարգացման ռազմավարական պլանի ընդունման առթիվ՝ ընդգծելով, որ սրանով ոչ միայն հանձնաժողովի տեսլականն է հաստատվում, այլև՝ զարգացման ուղղությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով