«Գերիների խնդրին մոտենում ենք երկու դիտանկյունից՝ ինքնին ազատ արձակման հարց, որն առաջնահերթ է, սակայն մինչ դա պետք է կարողանանք ապահովել մարդկային պայմաններ՝ մարդու իրավունքների հարգում և այնպիսի միջավայր, որը չի կարող հանգեցնել մարդկային զոհերի»,- Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա փաստեց՝ Բաքվում պահվող հայ գերիները մշտապես գտնվել ու գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո․ «Մենք ունենք արձանագրված մի քանի տասնյակ դեպքեր, երբ անձինք սպանվել են հենց գերեվարման ընթացքում։ Շուրջ ութսուն հայեր ենթարկվել են բռնի անհետացումների։ Ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակվում են մնալ անհայտության մեջ, և դրանց հետևում կան հոգեբանական և այլ տառապանքներ։ Սա դիտարկում ենք պետության ատելության համատեքստում։
Այս պահին 210 հայեր ունենք, որոնք հայրենադարձվել են․ հայրենադարձման մաս են դարձել մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը։ 23 հայեր շարունակաբար պահվում են Բաքվում։ Նրանցից 5-ը գերեվարվել են 2020-ի ընթացքում, մնացյալ միջադեպերն արձանագրվել են 2023-ին։ 23-ից 7-ն արդեն ավարտված դատավարության մաս են կազմել, կան մեղադրական դատավճիռներ, որոնք վերջնական են, և ըստ ադրբեջանական մոտեցման՝ պատիժը կրող հայեր են, որոնք ծանր հանցագործություններ են կատարել։ Այս դատապարտումների հիմքում դրվել են այնպիսի կեղծ մեղադրանքներ, ինչպիսին ցեղասպանությունն է կամ առաջին պատերազմի ընթացքում պատերազմական հանցագործություններ կատարելը։ Մնացյալ 16-ի դատավարություններին մենք ականատես ենք լինում 2025-ի սկզբներից ի վեր։
Կարդացեք նաև
Այստեղ երկու ինքնուրույն գործեր են առանձնացված, թեև Ռուբեն Վարդանյանի գործը սկզբում միացված է եղել մյուսներին, բայց հետո այն առանձնացվել է։ Կարող ենք տարաբնույթ հետևություններ անել այս առումով։ Մնացյալ 15 հայերը մեկ քրեական գործի մաս են կազմում։ Մեղադրանքները լուրջ են, անխուսափելիորեն ներառում են ահաբեկչություն, ապօրինի զինված խմբավորումներ կազմելը, անդամակցելը, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, և կան շատ ավելի մեղմ հանցագործություններ, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, օրինակ՝ ապօրինի սահման հատելը»։
Սիրանուշ Սահակյանը նշեց՝ այս ողջ ժամանակահատվածում որևէ արտաքին անկախ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ հնարավորություն չի ունեցել տեսակցել հայերին և օբյեկտիվ դիտանկյունից գնահատել պայմանները ու ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Միակ կառույցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է. «Տեսակցելու իրավունքից բացառապես օգտվել են ադրբեջանցի փաստաբանները։ Միայն Ադրբեջանում լիցենզավորված և ադրբեջանական իշխանություններից կախվածության մեջ գտնվող փաստաբաններն են, որ ներկայացնում են հայերի շահերը և նրանք էլ տեսակցելու իրավունք ունենք։ Միջազգային փաստաբանների մուտքը մերժվել է։ Անձամբ մենք ենք դիմել տեսակցելու մեր վստահորդներին, մերժվել է, կատարել ենք օտարերկրյա փաստաբանների ներգրավմամբ հարցում, օրինակ՝ ֆրանսիացի փաստաբանի ենք ներգրավել, անգլիացի, ամերիկյան, բայց կա միասնական պետական քաղաքականություն արգելափակելու օտարերկրյա փաստաբանների մուտքը ու տեսակցությունը հայ պատանդներին։ Ինչո՞ւ։ Իմ գնահատականն այն է, որ դրանք կլինեն խոշտանգումներ բացահայտող այցելություններ, կգեներացվեն նոր ապացույցներ, և սա որևէ կերպ չի բխում Ադրբեջանի շահերից»։
Սիրանուշ Սահակյանը նշեց՝ հայ պատանդները զրկված են եղել նաև հյուպատոսական ծառայություններ ստանալու իրավունքից։
Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ միջազգային կոնվենցիաներով նախատեսված է հակամարտության ակտիվ ավարտից հետո հայրենադարձում, որը նաև չկատարելը պատերազմական հանցագործություն է, ուստի Ադրբեջանը գտնվում է իրավական պարտավորությունների ներքո առանց որևէ նախապայմանների ապահովել հայ պատանդների ազատ արձակումը․ «Եվ դրա չկատարումը պետք է հանգեցնի ՀՀ իշխանությունների կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններին, ինչը այն նախապայմանն է, որը պատժամիջոցների կամ այլ մեխանիզմների գործադրման հիմք կլիներ։ Մենք նման մոտեցում չենք տեսնում։ Ընդունվում է նաև այն աշխատելաոճը, որ գերիների խնդիրը ինքնուրույն լուծելու չէ, ամբողջովին թողնված է Ադրբեջանի հայեցողությանը, և երբ քաղաքական սուր հարցերը լուծում ստանան, որպես հետևանք մարդասիրական մոտեցում կլինի, և ազատ կարձակվեն հայ պատանդները։
Մինչդեռ ամեն գնով պետք է ճնշել Ադրբեջանին ապահովելու հայ գերիների ազատ արձակումը՝ առանց որի չիրականացնել ցանկացած քննարկում, ինչը կարող է առնչվել քաղաքական հարցերին։ Խաղաղություն և գերիների վերադարձ հարցերն ունեն փոխկապակցվածություն։ Անհատական գործեր վարվում են բազմաթիվ գերիների, անհետ կորածների, բռնի անհետացածների մասով, այս գործերը քիչ թե շատ ապահով կարգավիճակում են։
Մեզ ընտանիքները հաճախ հարցնում են՝ արդյոք միջպետական գանգատներից հրաժարումը կարո՞ղ է հետևանք ունենալ անհատական գործերին։ Միանշանակ՝ ոչ։ Եվ միջպետական գործերի հրաժարումը չի հանգեցնելու անհատական գործերով մեր դիրքորոշման վերանայմանը, հակառակը ինտենսիվանալու է աշխատանքը նոր անհատական, խմբային հայցեր ներկայացնելու ուղղությամբ։
Սակայն այն հարցն է առաջանում՝ ի՞նչ պիտի լինի այն անձանց ճակատագիրը, որոնց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է միջպետական գանգատի շրջանակում։ Տեղյակ պահեմ, որ 23-ից 22-ի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացված են միջպետական գանգատի միջոցով։ Բոլոր նախկին ու ներկա ղեկավարների գործերը ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով, և միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի։ Խնդրի հանգուցալուծումը մնալու է ոչ իրավական տիրույթներում, որտեղ ՀՀ-ն որևէ նշանակալի հաղթանակի պատմություններ չի կերտել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ