ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապրիլի 8-ից 9-ը Օսլոյում կայացած աշխատանքային այցիս ընթացքում մի շարք արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ։
Հանդիպել եմ Նորվեգիայի խորհրդարանի (Ստորտինգետի) արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ։ Քննարկել ենք Հայաստան-Նորվեգիա խորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Ստորտինգետի նախագահի Հայաստան կատարած այցի կարևորությունը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների (NB8) խորհրդարանների ղեկավարների ձևաչափում։
Հանդիպում եմ ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Սիվ Մոսլեթի, պատվիրակության անդամներ Ալեքսանդր Ստոկեբոյի և Յան Տորե Սաների հետ։ Քննարկել ենք ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, անվտանգային զարգացումները, ինչպես նաև վեհաժողովում մեր պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
Օսլոյում հանդիպել եմ նաև Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսենի հետ։
Շնորհակալություն եմ հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերած օգնության, ինչպես նաև ԵԽ–Հայաստան գործողությունների ծրագրին հատկացված ֆինանսավորման համար։
Քննարկել ենք նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
Պարոն Պետերսենը կարևորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը՝ ընդգծելով դրա հնարավորինս արագ ստորագրման անհրաժեշտությունը։
Անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ խորացող հարաբերություններին և հեռանկարներին։